
Պղնձյա հնաոճ իրերի սիրահար Նարեկի ցանկությունը հարազատ գյուղում թանգարան բացելն է
Ամեն ինչ սկսվեց մի նվեր կճուճից, որտեղ պիտի ծաղիկ աճեցներ: Դա հինգ տարի առաջ էր: Նարեկը հիշում է, որ ընկերոջ տված կճուճն այդպես էլ նպատակին չծառայեց, սակայն սերը հին կենցաղային իրերի նկատմամբ հենց այդ օրվանից սերմեր գցեց իր մեջ:
24-ամյա Նարեկ Դավթյանն ապրում է Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: Տան սենյակներից մեկը ժամանակավոր վերածել է պղնձե հնաոճ իրերի թանգարանի:
Հեռավոր անցյալում մեր նախնիների կողմից կենցաղում գործածված իրերի կողքին Նարեկը հպարտությամբ ցուցադրում է նաեւ պարսկական եւ ռուսական ծագում ունեցող իրեր:
Պարսից շահերի արքունիքում գործածված պղնձակոփ շարբաթամանը (ձախում) Նարեկի հպարտությունն է:
![]() |
![]() |
Նարեկն ասում է, որ իր հավաքածուի իրերը հիմնականում պատրաստվել եւ գործածվել են 18-19-րդ դարերում:
Ապարանի եւ Թալինի տարածաշրջանի գյուղերից է հիմնականում ձեռք բերել կաթսաները, ճախարակները, գաթանախշերը:
![]() |
![]() |
8 կգ կշռող ջրի ամանը գործածել են մեր նախնիները հեռավոր 1800-ականներին՝ աղբյուրից ջուր կրելու նպատակով: Ջրամանը մոտ 20 լիտր ջուր է տանում: Միայն երեւակայել կարելի է, թե հայուհիներն ինչ ծանրություն են ստիպված եղել կրել: Սակայն հավանական է, որ նման ծանր ջրամաններով աղբյուրից ջուրը տուն են հասցրել սայլով:
Նարեկի կինը՝ Արմինեն, ցուցադրում է մեկ այլ ջրաման, որը նույնպես բավականին ծանր է: Այն կրելու նազանքի ու կեցվածքի ձեւերը երիտասարդ հայ կանայք սովորում էին դեռ վաղ տարիքից:
Պատից կախված պնձե սկուտեղները եւս բավականին ծանր են: Մոտ 3-4 կգ կշռող սկուտեղների մեջ հարսանիքների ժամանակ խնձոր են լցրել, նվերներ՝ փեսայի տուն տանելու համար:
Նարեկը հավաքածուի երկու օրորոցներից մեկը ժամանակին պատկանել է հոռոմցի Հայկազ պապին, այսպես ասած, նրա անձնական օրորոցն է եղել:
Աղամանները ձեռք է բերել Գյումրից, իսկ խուրջինները՝ Վանաձորից: Տրեխները եւ հովվի երկու գլխարկը ձեռք է բերել Իջեւանից:
Բակում գտնվող սայլը 19-րդ դարասկզբին Հալեպից Ախալքալաքի գյուղերից մեկում հարսանիքի մասնակից հյուրերին է հասել ու որպես հարսանքաօժիտ հանգրվանել հյուրընկալող ընտանիքում:
Տան սենյակներից մեկում գտնվող հնաոճ իրերի մի մասը նախատեսված են վաճառքի համար: Նարեկն ասում է. «Եթե որոշ բաներ չվաճառեմ, ապա թանգարանի համար նախատեսված իրերը չեմ կարող ձեռք բերել: Օրինակ, մի քանի օր առաջ մեր գյուղերից մեկից եկան ռուսական ճախարակ առան: Լավ մարդիկ էին, էժան էլ տվեցի, ինչ գնով որ ես էի առել»:
Նարեկը, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն 4 երեխայի հայր է: Ընտանիքում մեծանում են երեք դուստր եւ մեկ որդի: Ամուսինների երազանքը Հոռոմում հնաոճ իրերի թանգարան բացելն է: Նարեկն ասում է՝ համայնքապետը խոստացել է օգնել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել