
Հակասանիտարական վիճակ՝ Ալավերդու շուկայում
Ալավերդու Հայպետշին թաղամասի շուկայում, որին ալավերդցիները նաև «Լաչինի միջանցք» են ասում, տոնական առևտուրը հունի մեջ չի մտնում: Նեղսրտած առևտրականները բարձրաձայն դժգոհում են անգնողունակ ալավերդցիներից: Առևտրի ստեղծված վիճակից խուճապի մեջ են հայտնվել նաև մթերային մեծ և փոքր խանութների տերերը: Ալավերդիում սոցիալական նոր լարվածություն է ստեղծել «Էյ-Սի-Փի» ընկերության կողմից պղնձաձուլական գործարանի 110 աշխատողներին դեկտեմբերից աշխատանքից կրճատելը: Նախատոնական գնումների նվազելու պատճառներից մեկը հենց սա է:
Ստեղծված իրավիճակում ալավերդցիներն էլ դժգոհում են շուկայում և Ալավերդու խանութներում վաճառվող սննդամթերքի որակից և սանիտարական վիճակից: Շուկայի հայտնի առևտրական Ռոզա Վարդևանյանը իր վաճառասեղանին դրված խոզի մսի ավտանգության փաստաթղթի մասին մեր հարցից հետո հեռացավ տարածքից: Մսի վրա նստած էր կեղտի ու փոշու հաստ շերտ: Շուկայում գետնի վրա վաճառվում են Օձունի, Կաճաճկուտի և Աքորիի գյուղացիների՝ պոլիէթիլենային կեղտոտ տոպրակներով փաթեթավորված պանիրը: Նույն գյուղացիների կողմից պլաստմասսե չստերիլիզացված շշերով վաճառվող կաթի կողքով մարդիկ անտարբեր էին անցնում:
«Ազիզ ջան, էդ կաթի ամանները մեր գյուղի խանութից եմ վերցնում, տանում եմ տանը լվանում ու կաթը լցնում: Դու ձայնագրե, որ հյութերը խմում են, խանութի մեջ շշերը թողնում են, խանութպանները ինձ են տալիս»,- բացատրեց օձնեցի Ծաղիկ Ճարոյանը: «Արզնի» խանութի թռչնամիսը և առևտրականների գյուղատնտեսական մթերքները շարունակում են վաճառվել Սայաթ-Նովա 1 շենքի աղբարկղների ու շուկայի զուգարանի հարևանությամբ: Այստեղ առևտրականները զուգարանից օգտվելուց հետո հնարավորություն չունեն լվացվելու և չլվացած ձեռքերով էլ վաճառում են իրենց պտուղ-բանջարեղենն ու գյուղատնտեսական մթերքները:
«Կատա» առևտրի տան շենքում գտվնող և միջպետական ճանապարհին հարող մսի վաճառքի 3 և շուկայի մեկ մսի վաճառքի կետերի մսվաճառները շատ վաղուց մոռացել են վաճառողի արտահագուստի մասին: Այս օրերին Ալավերդու փողոցներում և միջհամայնքային ճանապարհաեզրերին տավարի և խոզի չստուգված միս է վաճառվում: Դեկտեմբերի 21-ին իր 1476 գրությամբ քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը ահազանգել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնի տնօրեն Կամո Սողոյանին.«Տեղեկացնում ենք, որ Ալավերդի քաղաքում ոչ սահմանված վայրերում մսի և գյուղմթերքների վաճառքը քաղաքի բնակչության շրջանում արդարացի դժգոհության ու բողոքների տեղիք է տալիս: Խնդրում եմ Ձեզ՝ օրենքով սահմանված կարգով միջոցառումներ ձեռնարկել վերոգրյալ խնդրի կարգավորման համար»,- հայտնել է Կարեն Փարեմուզյանը: Նման մի գրություն էլ քաղաքապետարանը Սողոյանին գրել է 2014-ի դեկտեմբերին, սակայն Ալավերդու մսի առևտրի հին ավանդույթները շարունակվում են:
Սննդի անվտանգության Լոռու մարզային կենտրոնի կողմից ոչինչ չի ձեռնարկվում Ալավերդու սննդի անվտանգության համար: Ուսուցչուհի Քրիստինե Բեժանյանն ասում է, որ իր 4-հոգանոց ընտանիքին կերակրելու համար Ալավերդու մթերային խանութներից որպես անվնաս սնունդ անկաշկանդ առնում է միայն բրինձ և մակարոն: «Հատկապես թռչնամսի ցանկացած տեսակ դժվարությամբ եմ գնում: Չեմ վստահում ոչ արտադրողին, ոչ վաճառողին: Ձվի հետ կապված ոչ մի անգամ ժամկետներին չեմ հավատում: Չեմ գնում մեր խանութներում վաճառվող երշիկեղենը: «Բարի Սամարացի» ֆիրմայից քիչ թե շատ գնում եմ նրբերշիկ: Երեխաներս նրբերշիկ շատ են սիրում, ստիպված եմ գնում: Երշիկներին կասկածանքով եմ վերաբերվում, որովհետև չգիտեմ ինչից են պատրաստված»,- ասաց Քրիստինեն: Վերջինս իր վստահությունը չվայելող ապրանքների որակից հենց այնպես չէր դժգոհում. «Ես դրանք գնել և փորձել եմ: Սառած վիճակից հետ գալուց հետո հավի վրա տարօրինակ անցքեր են առաջանում: Ես մի անգամ դրա մասին վաճառողիներից մեկին բողոքել եմ, ինձ հավատացնում էր, թե փետուրներից ա: Բայց փետուրներից հնարավոր չէ այդպես արտահայտիչ անցքեր առաջանան: Մի խոսքով, խանութի հավով իմ ընտանիքին չեմ կերակրում: Ես միս առնում եմ Աքորիի գյուղացիներից՝ ինձ վստահություն ներշնչող մարդկանցից: Օգտագործում եմ միայն տնական թռչնամիս»:
Ուսուցչուհի Կարինե Մկրտչյանը ասաց, որ խանութներից խուսափում է գնել երշիկեղեն: Աիդա Պապոյանը վտանգավոր համարեց շուկայում վաճառվող գյուղատնտեսական մթերքների սանիտարական վիճակը: «Ես շուկայի պլաստմասսե շշերով կաթ բացարձակապես չեմ առնում: Կաթնամթերքը առնում եմ Աշտարակինը, կամ Կալինինոյինը: Շուկայի գետնի վրա վաճառվող պանիրը, կաթը, միսը և մյուս սննդամթերքը ամեն դեպքում հաճելի չէ տեսենել, բայց այնտեղ նստած մարդիկ ամենքը մի ձևով փող են աշխատում: Այսօր Ալավերդու խանութներում և շուկայում վաճառվող ոչ մի սննդամթերքի համար մենք երաշխիք չունենք, որ անվտանգ է և կարելի է ուտել, բայց ստիպված առնում ենք»,- ասաց Աիդա Պապոյանը:
Ալավերդու «Կատա» առևտրի տան տնօրեն Արթուր Խառատյանի ասելով՝ սննդամթերք ստանալիս հիմնվում են գնումներից առաջ իրենց տրամադրվող բոլոր ֆիրմաների լիցենզիաների վրա: «Մանրամասն ստուգում ենք ապրանքի թողարկման ամսաթիվը և նրա պահպանման ժամկետը: Առևտրի տան աշխատողները ապրանքը գնորդին ներկայացնելիս օգտվում են ապրանքի վրա փակցված տեխնիկական բնութագրի պիտակից, որտեղ նշված է տվյալ ապրանքի բաղադրությունը»,- հայտնեց Արթուր Խառատյանը:
«Կատա» սուպերմարկետի N 393132 կտրոնով և վաճառողուհու խորհրդով մեր գնած «Լոռի» պանրի վրա պահպանման ժամկետը նշված չէր: Միայն հետո նկատեցինք, որ պանիրը ժամկետանց է և ունի տհաճ համ: «Կատա» առևտրի տունը պատկանում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Թումանյանի էլցանցի տնօրեն Աշոտ Շաքարյանին:
Քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը մեզ հետ զրույցում շատ վատ գնահատեց քաղաքի շուկայի վիճակը: «Հարևան գյուղերի գյուղացիները իրենց գյուղմթերքների վաճառքի համար պետք է շուկայում նորմալ տեղ ունենան: Չունեն»,- ասաց նա: Քաղաքապետն ասաց, որ շուկայում ճարտարապետական գեղեցիկ լուծում ստացած տաղավարներ պետք է կառուցել: Նա հրատապ համարեց նաև շուկայում պատշաճ զուգարանի կառուցումը: Այս և Ալավերդիում սննդի անվտանգության ապահովման մյուս խնդիրների լուծման համար Կարեն Փարեմուզյանը ժամանակ խնդրեց:
Մեկնաբանել