
Ես միայն ուզում եմ, որ փոքրիկիս ինձ վերադարձնեն
Շողիկի խոշոր, նշաձեւ աչքերը հանգստություն էին արտահայտում, հոգու խռովքն ու հուզվածությունը զգացվում էր, երբ սկսում էր խոսել երեխայից` 3-ամյա Արենից: Տղային ամուսինը խլել էր` պատճառաբանելով, թե կինը հոգեկան խնդիրներ ունի եւ արգելել տեսակցել:
Հուսահատված կինը տեսնելով, որ ամիսներ շարունակ ընտանիք վերադառնալու եւ համատեղ ապրելու իր ցանկությունը կոպտորեն մերժվում է ամուսնու ու նրա ծնողների կողմից, դիմել էր դատարան` երեխայի բնակության վայրը վիճարկելու եւ ծնողական իրավունքներն իրականացնելու պահանջով: Շողիկ Մարգարյանի հայցն ընդդեմ Արտակ Մարգարյանի քննվել էր 2011 թ. հոկտեմբերի 17-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Հայկուշ Միքայելյանի:
Արտակն ու Շողիկը ամուսնացել են 2007 թ., մեկ տարի անց ծնվել է Արենը: Համատեղ ամուսնական կյանք վարել են մինչեւ այս տարվա մարտ ամիսը: Ամուսինը աշխատանքի բերումով հաճախակի է բացակայել, եւ ինքը երեխայի հետ բնակվել է կամ հայրական տանը, կամ ամուսնու ծնողների հետ:
Մարտի 15-ին Շողիկը գտնվել է ամուսնու հայրական տանը, այնտեղ են հրավիրել իր ծնողներին, նրանց ներկայությամբ ամուսինը կոպտորեն գրկից խլել է երեխային, իրեն մեղադրել հոգեկան հիվանդություն ունենալու մեջ` ասելով, որ ինքը հոգեբույժի կարիք ունի ու հրամայել հեռանալ: Ցավից ու վիրավորանքից կինը ուշաթափվել է, փեսայի վարքագծից ապշած ծնողները շտապել են հեռանալ՝ իրենց հետ տանելով աղջկան եւ մտածելով, որ որոշ ժամանակ անց ամեն ինչ կհարթվի, եւ ընտանիքը կվերամիավորվի:
Սակայն ամիսներ շարունակ վերաբերմունքը չի փոխվել: Շողիկը բազմիցս դիմել է Արտակին եւ նրա ծնողներին, որ թույլատրեն իրեն վերադառնալ ընտանիք, ապրել զավակի կողքին, սակայն ստացել է բացասական պատասխան: Հետագայում ամուսինն ընդհանրապես արգելել է իրեն անհանգստացնել, խորհուրդ է տվել մոռանալ երեխայի մասին եւ արգելել բոլոր հեռախոսազանգերը:
Չունենալով ոչ մի հնարավորություն երեխայի հետ հանդիպելու, Շողիկը դիմել է Շիրակի մարզի ոստիկանության անչափահասների բաժնի օգնությանը, որոնց միջոցով էլ կարողացել է տեսակցել երեխային: Սակայն նույնիսկ այս պարագայում ամուսինը թելադրել է իր կամքը` հրահանգելով Շողիկին այցելել միայն շաբաթ օրերը եւ երեխայի հետ շփվել միայն իր ներկայությամբ:
Արտակ Մարգարյանը ներկայումս աշխատում է Հայէկոնոմբանկի Գավառի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ, եւ երեխայի խնամքն իրականացնում են Գյումրիում բնակվող նրա ծնողները: Դատարանին Շողիկը տեղեկացրել էր, որ սկեսուրը վատառողջ է, այդ իսկ պատճառով երեխան անցնում է ձեռքից ձեռք, Արտակի հարազատներն են զբաղվում երեխայի դաստիարակությամբ ու խնամքով:
«Մեր ամուսնացած ժամանակ էլ մեր ամուսնական կյանքն ընդմիջումներով է ընթացել,- պատմում է Շողիկը,- Եղեգնաձորում ենք ապրել, Գորիսում, որտեղ որ եղել է ամուսնուս նշանակումը, էնտեղ էլ տեղափոխվել ենք ապրելու: Ժամանակ առ ժամանակ, նույնիսկ ամիսներ շարունակ ես տղայիս հետ բնակվել եմ կամ իր ծնողների հետ կամ իմ: Էնպես չի, որ ինքը զբաղվել է մեր երեխայի խնամքով կամ մշտապես նրա կողքին է եղել»:
Դատական գործի քննության ընթացքում պատասխանող կողմը` Արտակ Մարգարյանը, չի ընդունել հայցը: Նա հայտարարել է, որ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում Շողիկ Մարգարյանը դրսեւորել է հոգեկան բնույթի տարօրինակ վարքագիծ, որի հետեւանքով ամուսինների միջեւ ծագել են տարաբնույթ կենցաղային վիճաբանություններ: Արտակ Մարգարյանի կարծիքով՝ կնոջ նման վարքագիծը կազդի երեխայի դաստիարակության վրա, եւ դրանով է պայմանավորված իր որոշումը` արգելել կնոջը շփվել Արենի հետ:
Շողիկն ասում է, որ իր մոտ նյարդային, սթրեսային վիճակները սկսվել են ամուսնու հետ Գորիս տեղափոխվելուց հետո, որտեղ բնակվել է ընդամենը 2 շաբաթ, այնուհետեւ վերադարձել է Գյումրի: Շողիկը չի ժխտում, որ այս տարվա մարտ ամսին, երբ սկսվել են իր եւ ամուսնու տարաձայնությունները, ինքը դիմել է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նեվրոզների բաժանմունքի բժիշկ Հռիփսիմե Խաչատրյանին խորհրդատվություն ստանալու նպատակով: 15.06.2011 թ. նույն գանգատներով Շողիկն այս անգամ դիմել է նույն կենտրոնի բժիշկ Գ. Մխիթարյանին եւ ախտորոշվել նեւրասթենիա հարցականով, նշանակվել է համապատասխան բուժում:
Բժիշկ-թերապեւտ Հռիփսիմե Խաչատրյանն ու հոգեբույժ Գ. Մխիթարյանը դատարանում ցուցմունք են տվել, որով հաստատել են Շողիկի՝ իրենց դիմելու փաստը` նշելով, որ ստացիոնար բուժման խնդիր չի առաջացել, գանգատներից ելնելով՝ նշանակվել է համապատասխան դեղորայքային եւ վիտամինային բուժում, ախտորոշվել է օբսեսիվ-կոմպուլսիվ նեւրոզ: Բուժման ընթացքում հիվանդի հոգեկան վիճակը եղել է կայուն, հավասարակշռված: Ներկա առողջական վիճակով հայցվորը վտանգավոր չէ ոչ երեխայի, ոչ իր անձի, ոչ շրջապատի համար:
Շողիկն ասում է, որ ամուսնու կողմից ստեղծած սթրեսային վիճակն առավել խորացել է, երբ իրենից խլել են երեխային: Ինքը օգոստոս ամսին դիմել է նաեւ Գյումրիում գործող «Արեւամանուկ» ընտանիքի եւ երեխայի խնամքի հիմնադրամի տնօրեն Արմինե Գմյուր Կարապետյանին: Վերջինս որպես վկա հանդես գալով դատարանում՝ ցուցմունք է տվել եւ հաստատել, որ Շողիկ Մարգարյանն իրեն դիմելիս գտնվել է ծանր սթրեսային վիճակում` պայմանավորված ամուսնալուծության, որդուց բռնությամբ բաժանված լինելու եւ նախորդող դժվարին իրավիճակներով:
Արմինե Գմյուր Կարապետյանի կարծիքով՝ Շողիկ Մարգարյանը միանգամայն պատրաստ է իրականացնել իր մայրությունը եւ զբաղվել որդու` Արենի խնամքով ու դաստիարակությամբ: Մասնագիտությամբ նկարչուհի մանկամարդ կինը, ունենալով նուրբ հոգեբանություն, երեխայի նկատմամբ կարոտը հագեցնում է իր եւ որդու դիմանկարները պատկերելով: Հոգեբանի համոզմամբ՝ սթրեսը դեռ չի նշանակում հոգեկան հիվանդություն, իսկ տվյալ դեպքում պիտի հաշվի առնել կնոջն այդ վիճակին հասցնելու հանգամանքները:
Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հայկուշ Միքայելյանի, երեխայի բնակության վայրը վիճարկելու եւ ծնողական իրավունքներն իրականացնելու՝ Շողիկ Մարգարյանի հայցն ընդդեմ Արտակ Մարգարյանի բավարարել է: Դատարանը նկատի է ունեցել այն հանգամանքը, որ երեքամյա տղայի հայրը, հաշվառված լինելով Գյումրիում, փաստացի բնակվում է Երեւանում, աշխատում Գավառում, եւ երեխան ներկայումս գտնվում է ոչ թե նրա մոտ, այլ ծնողների:
Սրանից հետեւում է, որ Արտակ Մարգարյանը փաստացի չի զբաղվում մանկահասակ երեխայի ամենօրյա խնամքով ու դաստիարակությամբ: Իսկ ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 51 հոդվածի համաձայն՝ ծնողներն են պատասխանատվություն կրում իրենց երեխաների դաստիարակության ու զարգացման համար, ոչ թե տատիկ-պապիկները:
Հայցը բավարարելիս դատարանը հաշվի է առել, որ երեխայի մայրն ունի բարձրագույն մանկավարժական կրթություն, բնութագրվում է դրական շրջապատի կողմից: Ամուսնալուծվելուց հետո բնակվում է ծնողների հետ Անուշավան գյուղում, բնակարան ունի նաեւ Գյումրիում: Խիստ կապված է երեխայի հետ, ամուսնությունից եւ երեխայի ծնվելուց հետո չի աշխատել, որպեսզի կարողանա լիարժեք իրականացնել երեխայի խնամքը: Մոտ մեկ տարի ու կես երեխային կերակրել է կրծքով, ապրել նրա առաջին քայլերով, առաջին բառերով եւ նրա հետ ունեցել հոգեկան, հուզական մեծ կապվածություն:
Դատարանի վճռով երեքամյա Արեն Մարգարյանի հետագա խնամքն ու դաստիարակությունը հանձնվել է մորը` Շողիկ Մարգարյանին: Երեխան դատարանի վճռով բնակվելու է մոր հետ: Չնայած այս ամենին, փոքրիկ Արենը շարունակում է գտնվել Արտակ Մարգարյանի ծնողների տանը: Շողիկին հուսահատեցնում են այն բազմաթիվ արգելքները, որ հարուցել են նախկին ամուսինն ու նրա ծնողները որդու հետ տեսակցելու հարցում: Նաեւ սպառնալիքներ են հնչել, որ առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկվելու է վերաքննիչ ատյանում, եւ որ ինքը մտքովն անգամ չանցկացնի, թե կստանա Արենին: Նախկին ամուսնու փաստաբանը վճռի հրապարակման օրը նկատել էր, թե «էստեղ ասենք թե ձեր ուզածով եղավ, բայց Երեւանում՝ վերաքննիչում, դուք ոչ մի շանս չունեք հաղթելու»:
«Ես միայն ուզում եմ, որ փոքրիկիս ինձ վերադարձնեն: Ես կյանքս չեմ պատկերացնում առանց Արենի,- դողացող ձայնով ասում է Շողիկը,- խոստանում եմ երբեւէ չխոչընդոտել նրա եւ հոր հանդիպումներին, միայն թե խնդրում եմ տղայիս վերադարձնեն ինձ»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել