
Մարտուն Գրիգորյանը կարծում է, որ գյուղատնտեսության վերաբերյալ օրենքների հրատապ քննարկման տակ մի բան կա
Լիլիթ Թադևոսյան
«Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի այսօր կայացած քննարկման ժամանակ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը կասկածի տակ առավ օրենքի հրատապության կարգով քննարկումը՝ ասելով, որ դրա տակ մի բան կա:
Պատգամավորն իր ելույթում ասաց, որ առաջին օրվանից իրենք՝ հանձնաժողովի անդամներով, տարբեր առիթներ օգտագործել են ու հարց բարձրացրել գյուղատնտեսության մասին օրենքի անհրաժեշտության վերաբերյալ և իրենց ամեն քննարկման ժամանակ հավաստիացրել են, որ այն ընթացքի մեջ է:
«Այն, որ մեր հանձնաժողովի փորձագետը գյուղատնտեսության նախարարության հետ աշխատել է այս ընթացքում, այս նախագծի վրա՝ դա պարզ է, բայց մենք սպասում էինք, որ այս նախագիծը քննարկվի հենց գյուղատնտեսության հանձնաժողովում և տեղում հասկանայինք՝ խոսքն ինչի մասին է: Ու այսօր այս շտապողականության իմաստը կոնկրետ ես չեմ տեսնում: Այս շտապելու իմաստը ո՞րն է, որ մենք էդքան տարի սպասեցինք, էդքան տարի հորդորեցինք, էդքան տարի պայքարեցինք, որ այս օրենքը գար ԱԺ, և այսօր արտահերթ ռեժիմով մտել է՝ երեք քննարկում, ու կոնկրետ մենք՝ հանձնաժողովը, այս պահին ոնց որ թե պատրաստ չէ, քանի որ մենք նոր ենք ստացել այս վերջնական նախագիծը»,- ասաց Մարտուն Գրիգորյանը:
Վերջինս՝ որպես ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, առաջարկում է նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել, երկրորդ ընթերցումը թողնել մյուս տարի՝ մինչ այդ հանրային լսումներ կազմակերպելու համար բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Նրա խոսքերով՝ ինքն այն տպավորությունն ունի, որ այս նախագծով փորձ է արվում գյուղատնտեսությունը տանել դեպի հարկային դաշտ, որը, բնականաբար, շատ բացասական կանդրադառնա:
Նա նշեց, որ այսօր հիմնականում բյուջեն ապահովում է մեր գյուղատնտեսությունը, և այդ աճը գյուղատնտեսությամբ է ապահովված: «Այս պարագայում այս հապշտապ նախագծերը՝ բոլորիս համար հարցականներով ու կասկածներով ընդունվող, վաղը մյուս օրը մտահագություն ու վախ կարող է առաջացնել նաև գյուղացիների մոտ, որ սրանով փորձ է արվում հարկային դաշտ մտցնել և հարկել գյուղատնտեսությունը, որն էլ կարող է նորից առիթ հանդիսանալ, որ մարդիկ հիասթափվեն և հրաժարվեն զբաղվել գյուղատնտեսությամբ»,- ասաց պատգամավոր Գրիգորյանը:
Ապա հույս հայտնեց, որ այդ մասին պատգամավորները կմտածեն: «Ես նաև խնդրել եմ ԱԺ նախագահին, որ փորձենք այս հարցը քննարկել և այնպես անենք, որ առաջին ընթերցումից հետո երկրորդ ընթերցումը և երրորդ ըթներցումն այս ընթացքում չլինեն: Եթե քննարկումը շարունակվի, և երկրորդ, երրորդ ընթերցումը լինի, ես անձամբ՝ որպես հանձնաժողովի նախագահ, կքվեարկեմ ձեռնպահ»,- եզրափակեց Մարտուն Գրիգորյանը:
Պատգամավորի խոսքին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ասելով, որ հրատապության տակ ոչ մի վտանգ չակ, բայց քննարկումը շատ անհրաժեշտ է:
«Պետք է ցանկացած օրենսդրական նախաձեռնություն հնարավորինս շատ քննարկենք և մանրամասն, բայց հրատապության և կառավարության գործունեության մեջ պետք չի որևէ վտանագավոր բան տեսնել: Ընդհակառակը, կառավարության հրատապությունը պայմանավորված է նրանով, որ այս օրենքների ընդունումը մեզ համար հույժ կարևոր է»,- ասաց Շարմազանովը:
Մեկնաբանել