
Նախընտրական կրքեր Գյումրիում
Ընտրարշավի հայկական մոդելը
Հայաստանում ցանկացած տիպի նախընտրական մրցակցություն նման է մրցավազքի:
Այս տարի ԱԺ-ի տեղերի համար խորհրդարանական ընտրարշավն, օրինակ, ունի այսպիսի տեսք:
Վազորդների պես շարվում են կուսակցությունները, որոնք սպասում են մրցավարի ( օրենքի ) ազդանշանին: Ինչպես հայտնի է, ազդանշանը տրվել է երեկ` ապրիլի 8-ին: Սակայն արդեն որերորդ անգամ ստաժավոր ու փորձառու վազորդ ՀՀԿ-ն եւ հավակնոտ ու մեծ կարողություններ ունեցող նորեկ «Բարգավաճ Հայաստանը» ( ԲՀԿ ) , անտեսելով մրցավարին ( օրենքը ) , դեռեւս անցյալ տարի դուրս են եկել false-start-ի ( մարզական տերմինաբանությամբ` ազդանշանից շուտ, սխալ մեկնարկ, որի համար մարզիկը զգուշացվում է, կրկնելու դեպքում` որակազրկվում ) եւ իրենց մրցակիցներին գերազանցում են արդեն իսկ մի քանի կիլոմետրով: Իսկ տրիբունաներում հավաքված երկրպագուներից ( ժողովրդից ) ոմանց ( լրագրողների ) բացականչությունները ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի false-start-ի ու այդ երկուսին պատժելու մասին մնում են անարձագանք, քանի որ նրանք մրցույթի կազմակերպիչների ( իշխանություններ` նախագահի գլխավորությամբ ) սիրեցյալներն են, եւ նրանց հաղթանակը պատվիրված է:
Քարոզչական եռուզեռ
Վերոնշյալ տեսարանին կարելի է ականատես լինել Հայաստանի ցանկացած բնակավայրում` այդ թվում եւ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում ու ամբողջ Շիրակի մարզում:
Գյումրեցիները պատմում են, որ դեռեւս անցյալ տարվա հունիսի սկզբին ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ սկսվեց «Վերջին զանգի» մրցավազք: Տասներորդցիների համար կազմակերպվող միջոցառումների սկիզբը դրեց ԲՀԿ-ն, ՀՀԿ-ից էլ Աշոտ Աղաբաբյանը չցանկացավ հետ մնալ, ու նույնը ինքը արեց: Հետո եկան ՀՀԿ-ից, մանկատներին սկսեցին շոր, կոշիկ բաժանել, ծննդատներում նորածինների վզերին խաչ գցեցին: Անգործ չէր նաեւ ԲՀԿ-ն, ով իր անդամներին գործուղում էր գյուղեր հատուկ առաքելությամբ` ցորեն, գարի, տուկի թել բաժանելու: Նոր տարվա նախօրեին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն սկսեցին մրցել, թե ով ավելի լավ կուսակցական Ձմեռ պապ կլինի: Կոնկրետ ԲՀԿ-ի գրասենյակից լրագրողների խմբերով այցելում էին բնակիչների տները:
Վերջին շրջանում ընդդիմադիրներից ակտիվացել է հատկապես ՕԵԿ-ը, որը որոշել է արբանյակային անտեննաներ տեղադրել բնակիչների համար, ինչը թույլ կտա 50 ռուսական ալիք դիտել: ՀՀԿ-ից ջանք ու եռանդ չխնայող Աշոտ Աղաբաբյանն էլ խոստացել է հեռուստաաշտարակ տեղադրել, որը կգործի ապրիլի սկզբին:
Գյումրիի բնակիչներն ասում են, որ ՀՀԿ-ից մտնում են տները՝ իբր թե ցուցակները ճշտելու համար, բայց նաեւ հարցնում են, թե մարդիկ ինչի կարիք ունեն՝ նպաստ, առողջական խնդիրների լուծում եւ այլն: Բնակիչներ են եղել, որ ասել են, թե տան կարիք ունեն, ինչն էլ զայրացրել է թեկնածուներին՝ ի՞նչ է, պատգամավոր դառնալու համար ուրիշին տուն պիտի առնե՞ն:
Հատկանշական է, որ օգնություն տալիս են բազմանդամ ընտանիքներին, այլ ոչ թե միայնակներին, ում ձայնը, կուսակցությունների մտածելակերպով, էական չէ:
Գյումրեցիներից մեկն ասում է, որ ուսման վարձերի համար ուսանողները ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի անդամ են դառնում: Բացի այդ, ՀՀԿ-ն հինգ բնակարան է տվել անօթեւաններին, եւս մի բնակարան իր եւ տղայի միջոցներով գնելու խոստում էր տվել վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, մեկական էլ՝ Սուքիաս Ավետիսյանն ու Աշոտ Աղաբաբյանը: Վերջինս խոստացել է պատգամավոր դառնալու դեպքում ամեն տարի մեկ բնակարան գնել:
Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում սովորում եւ աշխատում են առավելապես ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՄԱԿ-ի կողմնակիցներ: Սակայն ավելի ամուր են Միավորված աշխատանքային կուսակցության ( ՄԱԿ ) դիրքերը:
Դաշնամուրային ամբիոնի վարիչ Նելլի Գյոզալյանը հաշվի է առել իր գործընկերների դիրքորոշումը. «Ես կուսակցական չեմ, բայց հարում եմ ՄԱԿ կուսակցությանը: Մտավորականության մեծ մասը կարծես նախընտրում է այս ուժը: Բացի այդ, մեր ռեկտոր Սեգեյ Սարաջեւն էլ ՄԱԿ-ի անդամ է»:
«Անցյալ ընտրություններին եւ այս անգամ էլ ՄԱԿ-ի կողմնակիցն եմ: Ինձ համար չափանիշը կուսակցության լիդերներն են ու կորիզը: Անհատական գործոնն եմ կարեւորում»,- շեշտում է դասախոս Հասմիկ Ստեփանյանը:
Շիրակի մարզի չորս ընտրատարածքներում 13 թեկնածու է առաջադրված, նախորդ ընտրություններում այդ թիվն ավելի մեծ էր:
«Պատճառն այն է, որ եւ՛ թեկնածուները, եւ՛ ժողովուրդը հասկացել են, որ պատահական ձեւով ոչ ոք չի ընտրվում: Դրա համար պետք է ունենալ մեծ ֆինանսական հնարավորություններ եւ իշխանությունների, այսպես կոչված, «դաբրոն»»,- ասում է ԱԺՄ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Վահան Թումասյանը:
Ըստ նրա` ամեն մի ընտրատարածքում մեկ ակնհայտ հաղթող թեկնածու կա, իսկ մյուսներն առաջադրվել են տարբեր խնդիրներ լուծելու նպատակով: Մեկն, օրինակ, ուզում է ճանաչելի դարձնել իր կուսակցությունը, մյուսն ինքն է ուզում հայտնի դառնալ: Թումասյանի կարծիքով` միայն թիվ 35 ընտրատարածքում ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանի եւ ԲՀԿ-ի թեկնածուի միջեւ պայքար կարող է ծավալվել:
«ԲՀԿ-ն հայտարարում է, թե մոտ 22.000 անդամ ունի Գյումրիում, մոտավորապես այդքան է ասում նաեւ ՀՀԿ-ն: Շիրակի մարզպետն էլ ՀՅԴ-ից է, եւ այս կուսակցությունը նույնպես հայտարարում է, որ բավականին շատ անդամներ ունի: Ասում են, որ Գյումրիում 112.000 ընտրող կա, բայց նախորդ ընտրություններին 40-42 հազարն է մասնակցել՝ այդ թվում նաեւ լցոնումները: Այսինքն՝ անդամների թվաքանակ հայտարարելով՝ կուսակցություններն ուղղակի հող են նախապատրաստում,- շեշտում է Վ. Թումասյանը :- Կան ընտանիքներ, որտեղ մեկը ՀՀԿ-ից է, մյուսը՝ ԲՀԿ-ից, կամ էլ նախկին կուսակցությունից դուրս չեն եկել ու հիմա նորի անդամ են: Երկու-երեք կուսակցության տոմս ունեցողներ կան»:
Վ. Թումասյանն ասում է, որ տեղական հեռուստաընկերությունները ( «Ցայգ», «Շիրակ», «Շանթ», «Գալա» ) պիտի իրենց վճարովի ժամերի եւ դրանց գների մասին հայտարարեին մինչեւ փետրվարի 11-ը, բայց ոչ մեկը դա չարեց: ԱԺՄ-ի անդամի համոզմամբ` հեռուստաընկերություններն այսպիսով փակ են մնում ընդդիմադիրների դիմաց, քանի որ պաշտոնապես վճարովի եթերի համար ժամանակ չեն նախատեսել: Նման բան հայտարարելու դեպքում իշխանություններն ու ընդդիմությունը հավասար դաշտում կհայտնվեին: Իսկ հիմա իշխանությունները ներքին կարգով վճարում են այդ հեռուստաընկերություններին եւ պատվիրում ֆիլմեր ցուցադրել իշխանամետ գործիչների մասին, ինչը, փաստորեն, քողարկված քարոզչություն է: Օրինակ` «Ցայգ»-ով հեռարձակվող «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդումը ՀՀԿ-ի բացահայտ քարոզչությունն է, քանզի հայտարարվում է, որ խաղի հովանավորը կուսակցության թեկնածուն է:
«Իշխանությունները ընդդիմությանը ջլատել են ու հիմա առանձնապես վախ չունեն վերջինիս եթեր տալուց,- ասում է Վ. Թումասյանը:- Այժմ համեմատաբար դեմոկրատական վիճակ է: Ընդդիմադիրներին եթեր ոչ շատ, բայց հատկացվում է. նրանք, բնականաբար, չեն վճարում եւ չեն էլ կարող վճարել: Նրանց խոսքը հեռուստաընկերությանը զուտ վարկանիշ է բերում: Գյումրու հեռուստաալիքները, երեքական ռադիոկայաններն ու թերթերն էլ համեմատաբար ազատ են այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը նրանց չի ճնշել»:
Տարածքների օկուպացիա ՀՀԿ-ի կողմից
Չգրված օրենքներով առաջնորդվելով` Հայաստանի կուսակցություններից ոմանք ամեն ինչ անում են գալիք ընտրություններից առաջ իրենց դիրքերն ավելի ամրապնդելու համար: Լավագույն օրինակներից մեկը Գյումրու ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աշխատանքն է:
Ղուկասյանը, բոլոր առումներով լինելով թիվ մեկն իր քաղաքում եւ այժմ էլ արդեն իրեն թիկունք ունենալով ՀՀԿ-ին, վերջինիս համար յուրացրել է Գ. Նժդեհի փողոցի երկհարկանի այն շենքը, ուր տեղակայված էին ՀԿԿ-ի` Կոմկուսի եւ վերջերս լուծարված «Առաքելություն» կուսակցության գրասենյակները: Քաղաքապետն այս վարձակալներից ժամանակին արտոնություններ էր տվել ՀԿԿ-ին, որի մարզային կառույցի ղեկավարն իր տեղակալ Գագիկ Մանուկյանն է: Բայց հետո, ինչպես երեւում է, Ղուկասյանը, իր կուսակցության շահերն ամեն ինչից բարձր դասելով, «օտարականներին» հրավիրել է դուրս ու քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող շենքը ծառայեցրել ՀՀԿ-ին:
Կարելի է ասել, որ ՀՀԿ-ն իրենով է արել նաեւ մարզպետարանի շենքը: Օգտվելով ՀՅԴ-ի համամասնական ցուցակում ընդգրկված մարզպետ Ռոմիկ Մանուկյանի արձակուրդից` նրա պաշտոնակատար ՀՀԿ-ական Միքայել Վարդանյանը մարզպետարանի վրա փակցրել է ՀՀԿ-ի պաստառը` հանրապետականների «գրաված» շենքերի թիվն ավելացնելով եւս մեկով:
Մինչդեռ Ընտրական օրենսգրքի 22 1 հոդվածի («Քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, պետական, քաղաքացիական, տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներ հանդիսացող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումները») 2-րդ կետի համաձայն՝ «արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով իրենց ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տարածքների, տրանսպորտային եւ կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը...»: Չնայած ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը եւ Միքայել Վարդանյանն անձամբ պատգամավորության թեկնածուներ չեն, նրանք ի պաշտոնե իրենց տրամադրված պետական ռեսուրսներն օգտագործում են սեփական կուսակցության քարոզչության համար:
Քարոզչական պաստառների խախտումներով էլ Գյումրին Երեւանից հետ չի մնացել: Ընտրարշավի մեկնարկից դեռ շատ առաջ փողոցներում, հրապարակներում եւ զբոսայգիներում հայտնվել են ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի պաստառներն ու վահանակները:
Ուժերի վերադասավորում ընտրական հանձնաժողովներում
Շիրակի մարզում ընտրությունների հետ կապված ամենազավեշտալի եւ ամոթալի խախտումներից մեկը կատարվել է մարտի 12-ին` Գյումրիում: Թիվ 35 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի արդեն նախկին նախագահ, այժմ անդամ, ՕԵԿ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Ասատրյանը պատմում է, թե օրնեքի ինչ խախտումներով են իրեն պաշտոնանկ արել.
«Հանձնաժողովում նախ 5 անդամ փոխվեց: Այսինքն՝ նրանց նշանակող մարմինների համար դա արդեն նախապատրաստություն էր: Եկան մարդիկ, ովքեր ինձ չէին ճանաչում: Հանձնաժողովի 9 անդամներից 6-ը` նախագահի, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՄԱԿ-ի, «Ժողպատգամավոր» խմբի եւ դատարանի ներկայացուցիչները, ցանկացան արտահերթ նիստ գումարել, բայց դա առանց այդ էլ պիտի արվեր: Ես հայտնեցի, որ 5 փոխված անդամների մեջ եղել է հանձնաժողովի նախագահի տեղակալը, եւ պետք է նոր տեղակալ ընտրվի: Սակայն նրանք առաջ ընկան եւ ներկայացրին արտահերթ նիստի օրակարգ: Քանի որ անդամների 2/3-ի պահանջի դեպքում արտահերթ նիստ է գումարվում, ես հաստատեցի նիստի օրակարգը, որն այդ անդամներն էին գրել: Այնտեղ նշված էր միայն նախագահի տեղակալի ընտրության մասին: Բայց ես գիտեի, որ իմ պաշտոնանկության հարցն էլ էր նրանց հուզում, եւ ակնարկեցի, որ այդ հարցն էլ մտցնեն օրակարգ: Ուղղակի լրագրողների ներկայությամբ նրանք չցանկացան դա անել:
Նիստի օրը՝ մարտի 12-ին, հիվանդացա: Ես իմ պարտականությունները քարտուղարին չվստահեցի եւ դրանք տվեցի «Արդարության» ներկայացուցիչ Վահան Թումասյանին: Այն 6 անդամներն էլ, իմ բացակայությունից օգտվելով, եւ այդուհանդերձ լրագրողների ներկայությամբ պահանջել էին օրակարգ մտցնել նաեւ իմ պաշտոնանկության հարցը: Նրանք կարող էին դա անել, բայց ոչ այդ նիստին: Հաստատված օրակարգով այդպիսի բան չկար: Նիստի ժամանակ օրինական կարգով ընտրվել է տեղակալը, եւ իմ պաշտոնակատար Վահան Թումասյանը նիստը հայտարարել է փակված, ու լրագրողները գնացել են: Սակայն 6 անդամները նորից նիստ են հրավիրել արդեն ապօրինի ձեւով: Թումասյանը եւ ԱՄ-ի ներկայացուցիչը չեն մասնակցել: Մյուսներն էլ նորընտիր տեղակալի գլխավորությամբ ապօրինի նիստում նոր նախագահ են ընտրել: Բայց նրանք այդ օրը կարող էին ընտրված տեղակալին առաջարկել, որպեսզի վերջինս հաջորդ օրը` մարտի 13-ին, իմ պաշտոնանկության օրակարգով նիստ գումարեր: Եվ օրինական ձեւով կարող էին հանել ինձ: Բայց քանի որ ԿԸՀ-ից հրաման էր եկել, որ ամեն ինչ հենց ամսի 12-ին պիտի արվի, նրանք հապճեպ, ապօրինի ու ծիծաղելի ձեւով այդպես արեցին: Բոլորը խայտառակ եղան, իրենք էլ դա ընդունեցին: Ես կարող էի դիմել առաջին ատյանի դատարան այդ անօրինական նիստն անվավեր ճանաչելու համար: Իմ հայցը հաստատ կբավարարվեր: Բայց նրանք հետո նույն բանը օրինական ձեւով կանեին ու փաստացի բան չէր փոխվի»:
Անօրինական կերպով թիվ 35 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ նախագահի ներկայացուցիչը, որը մինչ այդ հանձնաժողովի քարտուղարն էր, լեգիտիմ ձեւով տեղակալ է դարձել ՀՅԴ ներկայացուցիչը: Շիրակի մարզի չորս ընտրատարածքներից ( թիվ 33,34,35,36 ) երկուսի նախագահները ՀՀ նախագահի ներկայացուցիչներն են, մեկինը` ՀՀԿ-ի, մյուսինը` ՀՅԴ-ի անդամներ են: Իշխանության դաշտից են նաեւ նրանց տեղակալներն ու քարտուղարները:
Մեկնաբանել