
Անչափահասների մայր. «Չեմ ուզում շատ խոսեմ մեր վիճակից, կլացեմ, դուք էլ ինձ հետ կլացեք»
Մարինե Մարտիրոսյան, Դավիթ Բանուչյան
«Սա քարանձավ է, մենք քարանձավի բնակիչներ ենք»,- սա ասելուն պես Կարինեն խոնավացած աչքերը հառում է սեղանին:
Սենյակում վառվող լամպը աղոտ լուսավորում է: Կարինեի ամուսինը՝ Աշոտ, տախտակի կտորներ է գցում վառարանի մեջ: Մեր զրույցը սկզբից դժվար է սոսնձվում: Ամուսինները պատմում են, որ արդեն մեկ ամիս է՝ իրենց տուն բազմաթիվ լրագրողներ են գնացել, շենքի ճակատագրի մասին են գրել, բայց իրենց վիճակը նույնն է մնացել: «Ես ուզում եմ գրել ձեր մասին, ոչ թե շենքի»,- հակադարձում եմ: Աշոտը հոգոց է հանում, նստում աթոռին:
Ամուսինների հայացքում թանձր տխրություն կա: Մեր զրույցում դադարները շատ են: Այդ դադարները երբեմն լցվում են 5-ամսական Անահիտի լացով:
Աշոտ Արզումանյանը 36 տարեկան է, երրորդ կարգի հաշմանդամ: 7 տարեկանում ընկել է, աչքը դիպել է սեղանի անկյունին, որի հետևաքնով կորցրել է մեկ աչքի տեսողությունը: Մի քանի տարի է՝ առողջ աչքի տեսողությունն է սկսել թուլանալ: Բացի դրանից, ստամոքսի խոց ունի: Նրա կինը՝ Կարինե Հովսեփյանը, 40 տարեկան է: Նա ևս երրորդ կարգի հաշմանդամ է: Ծնվել է հոդերից մեկի խախտումով: Իր մասին խոսելիս ասում է՝ դե, նկատած կլինեք, որ լավ չեմ քայլում:
Կարինեն ու Աշոտը 10 տարի է՝ ամուսնացել են: Երկու երեխա ունեն՝ 8-ամյա Վոլոդյան ու 5- ամսական Անահիտը: Կարինեի ասելով՝ 3 անգամ երեխա է կորցրել հղիության ժամանակ: «Անահիտիս հազիվ եմ պահել, անկողնային պառկել էի էստեղ»,- նշում է Կարինեն: Հարևան սենյակից բերում է մի թղթպանակ: Սկզբից հանում է իրենց հաշմանդամության մասին վկայող թղթերը, հետո Վոլոդիկի գովասանագրերը, մարտի 8-ին իրեն նվիրած բացիկները: «Իմ սիրասուն մայրիկին»,- բացիկում գրել է տղան: Թղթի վրա երեք մեծ ծաղիկներ է նկարել, ներսում Կարինեին ուղղված տողեր են: Կարդալուց հետո նայում եմ Կարինեին, ժպտում է, ասում է՝ միայն առողջ լինենք, որ երեխաներին իրենց նպատակին հասցնենք:
Վոլոդյան սրտի խնդիր ունի: Այս մասին ասում է Կարինեն՝ ցույց տալով երեխայի բժշկական ախտորոշումը: Սրտի աշխատանքը նորմայից դանդաղ է: Ծնողների խոսքով՝ երեխային խորհուրդ են տվել ֆիզիկական ծանրաբեռնվածություն չունենալ, բարձր հարկեր չբարձրանալ, բայց 8-րդ հարկում են ապրում:
Վոլոդյան վառարանի մոտ նստած հետևում է մեզ: Աշոտը Անահիտի հետ խաղում է: Սենյակում եղած գույքի մի մասը հարևաններից է վերցրել Կարինեն: Երբ երեխաները մեծանան, կվերադարձնի: 3-սենյականոց բնակարանը կիսակառույց վիճակում է: Այն գտնվում է Երևանի հայտնի Նազարբեկյան 48 հասցեում (17-րդ թաղամաս): Շենքը տանիք չունի, աստիճաններին հենակներ, ձողեր չկան, վերելակի խորը փոսն է երևում: Շները, կատուները ելումուտ են անում շենքում: Ամռանը շենքում շատ են լինում կարիճներ, օձեր ու մորմեր:
Մենք սառցակալած աստիճաններով զգուշորեն բարձրանում ենք տանիք: Աշոտն ուղեկցում է մեզ: Պատմում է, որ որդու ծննդյան օրը հյուրերից մեկն ընկել էր շենքի աստիճաններին, ուսոսկրը երեք տեղից ջարդել, տեղափոխել էին հիվանդանոց: Ապա ցույց է տալիս օրորորվող պատերը: Մենք ենք խնդրում նրան զգույշ լինել: Կարինեն տանիքին է փռում լվացքը:
Ամուսիններն ասում են՝ իրենց համար դժվար է բարձրանալ-իջնելը: «Մենք հաշմանդամներ ենք, մեզ ավելի ցածր հարկերից պիտի տուն տային»,- ասում է Կարինեն: Մութն ընկնելուց հետո շենքից չեն կարող իջնել: Ամուսինն ասում է՝ մթությունն իր թշնամին է:
«Մեր պատշգամբի պանելը պոկվել, ընկել է գետնին: Արման Սահակյանին ասում եմ՝ աշխատող ուժ ուղարկեք, պանելները բլում են, ասում ա՝ տվել եմ, գնա ապրի, կարող ա՞ մի հատ էլ տուն սարքեմ: Բայց տուն սարքելու համար բան չեմ ասել, ասել եմ՝ ուղղակի, որ պատշգամբը սարքեն: Փակել եմ, որ հանկարծ երեխա չգնա էնտեղ»,- ասում է 40-ամյա կինը:
Մեկ ամիս առաջ 15.700 դրամ պարտքի պատճառով անջատել են ընտանիքի էլեկտրաէներգիան: Կարինեն պատմում է, որ, որ այդ օրերին Անահիտը հիվանդացել էր, դեղեր էին գնել երեխայի համար: Նույն ընթացքում անձրև էր եկել, տուն լցվել: Իսկ ընդհանրապես, դրսի եղանակը խիստ արտահայտվում է տանը: Քանի որ փայտ էլ չունեին, ամուսինը ստիպված բակ էր իջնում հին հագուստ, կոշիկ գտնում: Կարինեն ասում է, որ ապրում են իր ու ամուսնու հաշմանդամության թոշակով (16,5 հազար դրամ) և նպաստով (17 հազար դրամ):
«Հիմա էլ, եթե կուզեք ստուգեք, տանը սնունդ չունեք»,- սա ասելուն պես Կարինեի աչքերը խոնավանում են: Լռում ենք: Նրա ծնողները անկողնային հիվանդներ են: Ասում է՝ որևէ մեկից օգնություն չեն ստացել: Մեր գնալու օրը շենքի 12 բնակիչներին Դավիթ անունով մեկը փայտ է բաժանել: Շնորհակալություն են հայտնում, որ գոնե 1 ամիս կտաքացնեն տունը:
Կարինեն ասում է, որ հիմա իրենց երազանքը մեկն է. «Մտածում եմ՝ գոնե սաղ լինեմ, իմ երեխաների գլխին լինեմ, չմտնեմ անկողին, որ կարողանամ պահել: Որ մահացանք, փողոցներում կհայտնվեն, չեմ կարող ասել»:
Մայրը նշում է, որ Վոլոդյան հագուստ չունի, գրենական պիտույքն է պակաս: Դեպքեր են եղել, երբ երեխան կոշիկ չուներ, հողաթափով է գնացել դպրոց: Այս տարի առաջին ձյանն էլ կոշիկներով է գնացել: Հետո ծնողները պարտքով «սապոգ» են գնել: «Ես ոչ մի արդարացում չեմ տեսնում, երբ էրեխեքին դպրոց չեն ուղարկում սոցիալական վատ պայմանների պատճառով: Էրեխու մտքին տեղ լինի, կգնա»,- ասում է նա:
Վոլոդյանին հարցնում եմ՝ հաջորդ տարի նույնպե՞ս գովասանագիր կստանա, ժպտում է, ասում է՝ երևի: Նա որոշել է իրավաբան դառնալ, որ պայքարի ճշմարտության համար: «Երազա՞նք... Երազում եմ սիրուն տուն ունենամ, մեքենա ու էդ մեքենայով մամայիս, պապայիս տանեմ մի տեղ»,- ժպտում է 8-ամյա տղան:
Մայրն ասում է՝ Վոլոդյան իրեն շատ է խնդրում, որ պիցցայանոց, պոնչիկանոց տանի, բայց պատասխան չի գտնում: «Չեմ ուզում շատ խոսեմ մեր վիճակից, կլացեմ, դուք էլ ինձ հետ կլացեք»,- նշում է Կարինեն, հետո հագուստի թևքով մաքրում է խոնաված աչքերը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել