
«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի 120 աշխատակիցներ զգուշացվել են աշխատանքից հեռացվելու մասին
Այսօր «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի 120 աշխատակիցներ ընկերության գլխավոր տնօրեն Մարտուն Հակոբյանի ստորագրությամբ նախազգուշական գրություններ են ստացել երկու ամիս հետո՝ 2016թ.-ի փետրվարի 8-ից աշխատանքից ազատվելու մասին:
«Ձեր հաստիքին համապատասխան այլ աշխատանք չլինելու պատճառով դուք փետրվարի 8-ից ազատված եք աշխատանքից»,- իր նախազգուշական գրությամբ աշխատողներին հայտնել է ԼՀԿ-ի գլխավոր տնօրենը:
Այսօր լեռնահարստացման կոմբինատի ֆաբրիկայի պետ Աշոտ Սիմոնյանը 120 աշխատողներին բանավոր նախազգուշացրել է, որ նրանք վաղվանից գտնվում են հարկադիր պարապուրդի մեջ: Ամեն օր առավոտյան ժամը 10:00-ին պետք է ներկայանան աշխատատեղ, ստորագրեն իրենց անվան դիմաց և հեռանան:
«Մենք ճշտել ենք փաստաբանների հետ, ԼՀԿ-ի ղեկավարությունը հարկադիր պարապուրդի մասին 120 աշխատողներին պարտավոր է հայտնել ոչ թե բանավոր, այլ գրավոր»,- ասաց ԼՀԿ-ի արհմիության նախագահ, համայնքի ավագանու անդամ Սասուն Վարդումյանը:
Վերջինս նույնպես գրավոր նախազգուշացվել է փետրվարի 8-ից աշխատանքից ազատվելու մասին: Կրճատվող աշխատողները «Հետք»-ին հայտնեցին, որ առայժմ քննարկում են իրենց հետագա անելիքները:
Մեկնաբանել