
«Մենք պիտի աշխատենք, մենք էլ ապրենք»
Արմավիրի մարզի Արեւադաշտ գյուղը հիմնադրվել է 1980-81 թթ.:
Առաջին բնակիչները հիմնականում հայեր են եղել, ովքեր եկել են Հոկտեմբերյանի շրջանից: Գյուղում նաեւ եզդի ընտանիքներ կան: «Եզդին անասնապահությամբ է զբաղվում, հայն էլ` հողագործությամբ,- ասում է գյուղի բնակիչ Գայանե Սարգսյանն ու հիշում, որ նախկինում Արեւադաշտում մեծ թվով ղարաբաղցիներ էին ապրում:- Շատ ղարաբաղցիներ կային, որոնք չդիմացան, թողեցին-գնացին, մի հատ ղարաբաղցի էլ չի մնացել»:
Այսօր մոտ 150 տնտեսություն ունեցող Արեւադաշտի միջնակարգ դպրոցում 53 աշակերտ է սովորում: «Շենքը փայտյա է եւ շատ վտանգավոր, կառուցվել է 1954-ին ու զինվորական նպատակների համար է ծառայել, հետո վերափոխվել եւ դարձել է դպրոց: Այսօր այն վերանորոգման կարիք չի զգում, մեզ մնում է նոր դպրոց կառուցելու հարցը լուծել»,- նշում է դպրոցի տնօրեն Շողակաթ Խաչատրյանը:
Արեւադաշտում մանկապարտեզ չկա, դպրոցին կից բուժկետն էլ բացվում է ամիսը երկու անգամ, երբ Հուշակերտից գալիս են բժիշկն ու բուժքույրը: Շ. Խաչատրյանի հավաստմամբ՝ Արեւադաշտն էլ ունի բուժքույրեր, բայց, չգիտես ինչու, նրանք չեն աշխատում: Հեռախոսակապ ունի միայն գյուղապետարանը, իսկ բնակիչներն օգտվում են բջջայիններից: Լուծված է գազի հարցը. գյուղը գազաֆիկացվել է մեկ տարի առաջ:
Արեւադաշտի, ինչպես եւ Բաղրամյանի նախկին շրջանի մյուս գյուղերի թիվ մեկ խնդիրը ջուրն է: Գյուղի մշակահողերը սնուցվում են պոմպակայանների արտամղած արտեզյան ջրով, սակայն բնակիչները դժգոհ են դրա սակագնից: «æրի հարկը չափից ավելի շատ է, խեղդում են: Սպասում ես՝ նախ բերքը ծախես, հետո ջրի փողը տաս: Բայց գալիս-հասնում է էն լավ ժամանակը, որ գյուղացին արդեն պիտի դուրս եկած բերքը ծախի, օգտվի, ջուր չկա»,- ասում է Գ. Սարգսյանը:
Արեւադաշտի տնամերձերում ծառ ու թուփ գրեթե չկա, որովհետեւ ջուրը տներին չի հասնում:
«Մի ժամանակ որոշեցին, որ գյուղը պիտի օգտվի իր միջով անցնող կանալից, բայց հետո ինչ-ինչ պատճառներով կանալը գնաց մյուս գյուղերը, իսկ մենք առանց ջրի մնացինք, հիմա ոռոգման ջուր չունենք»,- ասում է Գ. Սարգսյանը: Այս փաստը վրդովեցրել է նաեւ դպրոցի տնօրեն տիկին Խաչատրյանին: Վերջինիս ներկայացմամբ՝ ջրատարը կառուցվել է շատ տներից ավելի ցածր մակարդակի վրա, ինչի պատճառով էլ գյուղի մեծ հատվածը մնացել է առանց ոռոգման ջրի: Իսկ ջրատարից ներքեւ գտնվողները ծակել-ջարդել են ջրատարի բետոնե պատն ու այդ կերպ փոքրիշատե լուծել ջրի անհասանելիության խնդիրը:
Արեւադաշտցիների համար առավել մեծ պրոբլեմ է խմելու ջուրը: Որպես այդպիսին օգտագործվում է պոմպակայանների արտեզյան աղի ջուրը, սակայն այն վնասակար է: Վերջերս արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի ֆինանսավորմամբ նոր հոր է բացվել գյուղում, չնայած որ այդ ջուրը խմելի դարձնելու համար դեռ պետք է մաքրվի աղերից:
Արեւադաշտցի երիտասարդների մի մասը զբաղվում է հողագործությամբ, մյուսներն էլ աշխատում են Էռնեկյանի կողմից շահագործվող քարհանքում, որը կից է գյուղին: Տիկին Գայանեն ասում է, որ իրենց մոտ «տանը մնացած» են տղաները, ովքեր գյուղից ելնելու, քաղաք գնալու հնարավորություն չունեն, իսկ աղջիկներին «մտածում ենք գյուղից դուրս հանել, որովհետեւ էստեղի պայմաններն էն չեն»:
42-ամյա կինն իր եւ համագյուղացիների հույսը կապում է Էռնեկյանի ծրագրերի հետ. վերջինս նպատակ ունի փոքր գյուղ կառուցել եւ նվիրել տեղացիներին:
Չնայած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը չի մեկնարկել, ժամանակից շուտ գովազդ-ակցիաներ կազմակերպող ուժերը դեռ չեն հիշել Արեւադաշտի մասին: Իսկ նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր են զբաղվել գյուղի խնդիրներով, այդ գործը դրել են գյուղացու ուսերին: «Նախկին փոխմարզպետին մի անգամ ներկայացրինք մեր պրոբլեմները, բայց ոչ մի հարց չլուծեց: Էլ ու՞մ դիմենք, ստիպված մենք պիտի աշխատենք, մենք էլ ապրենք»,- եզրափակում է Գայանե Սարգսյանը:
Լուս. Նելլի Շիշմանյանի
Մեկնաբանել