
1 ընտրողով լրացուցիչ ցուցակ և շրջիկ քվեատուփ` Գյումրու 35/27 տեղամասում
Մարիամ Խալաթյան
Գյումրու թիվ 2 դպրոցում տեղակայված 35/27 ընտրատեղամասում ևս ընտրողները պասիվ են: Ժամը 11:00-ի դրությամբ՝ այստեղ 1217 ընտրողից իր պարտքը կատարել է ընդամենը 54-ը: Տեղամասում աշխատանքները սկսվել են սահմանված կարգով, առաջին ընտրողը քվեարկել է 08:25-ին, ով եղել է հանձնաժողովի անդամ: Տեղամասում մեծ է նաև տեղական ու միջազգային դիտորդների թիվը:
Ընտրողների նման պասիվությունը ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սամվել Գրիգորյանը կապում է ցուրտ եղանակի հետ. «Այդքան ընտրող ունեցող տեղամասի համար 54 ընտրողը, բնականաբար, շատ քիչ է: Երևի այս պասիվությունը առավոտյան ցրտի հետ է կապված, պիտի որ աշխուժանա»:
35/27 ընտրատեղամասում կա նաև ընտրողների լրացուցիչ ցուցակ՝ մեկ ընտրողով: Լրացուցիչ ցուցակով այս տեղամասում ընտրելու իրավունք է ստացել Շիրակի մարզպետը, որը ժամը 11-ին կատարել է իր քաղաքացիական պարտքը:
Հենց այս տեղամասին է բաժին հասել նաև «Գյումրի բժշկական կենտրոն»-ի շրջիկ քվեատուփը: ««Գյումրի բժշկական կենտրոնում ունենք բուժվող 28 ընտրողներ, որոնց ընտրելու իրավունքը կկայանա շրջիկ քվեատուփի միջոցով: Արդեն կատարել ենք հանձնաժողովի անդամների ընտրությունը՝ այս մասով, և կգնան կիրականացնեն գործընթացը»,- նշեց Սամվել Գրիգորյանը:
Գրիգորյանի խոսքով՝ տեղամասում նույնականացման քարտով ընտրողներ ունեցել են, և ոչ մեկի հետ որևէ խնդիր կամ տարաձայնություն չի գրանցվել: Քվեարկությունն ընթանում է դանդաղ, բայց խաղաղ:
Մեկնաբանել