
Որոշ ընտրողներ իրենց անունները քրտնած ապակիների պատճառով ցուցակներում չէին գտնում
Գեղարքունիքի մարզի Սեւանի 23/6 ընտրատեղամասում ժամը 10-ի սահմաններում ընտրողների ակտիվություն չէր նկատվում: Հանձնաժողովի նախագահ Անահիտ Գեւորգյանն այն պայմանավորեց ցրտով, եղանակային պայմաններով. «Ակտիվությունը կսկսվի երեւի ժամը 1-ից հետո»:
Սեւանի պետական քոլեջի շենքում, Նաիրյան փողոց, շենք 162-ում տեղակայված Սեւանի 23/6 ընտրատեղամասում գրանցված է 1907 ընտրող:
Հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ անդամ Անահիտ Գեւորգյանի խոսքով` ընտրատեղամասը բացվել է ժամը 8-ին, մինչ այս պահը մոտ 90 մարդ է մասնակցել ընտրությանը: «Ընտրել են երիտասարդներ, կանայք, տղամարդիկ, միջին տարիքի մարդիկ: Ընտրել են եւ անձնագրերով, եւ նույնականացման քարտերով»,-հայտնեց վերջինս:
Ընտրողներից մի տղամարդ դժգոհեց, որ պատուհանները քրտնել են, ոչինչ չի երեւում ցուցակներում, հանձնաժողովի նախագահը ժպտալով ասաց. «ոչինչ, ձեր հասցեն ասեք, էստեղ կգտնենք»: Ներս մտնողներից մի քանիսը եւս դրսում իրենց համարները չէին կարողացել տեսնել:
Տեղամասում դիտորդություն են իրականացնում Սեւանի «Տարածքային զարգացման ու հետազոտությունների կենտրոն» հկ-ն։ Դիտորդ Գոհար Կարապետյանը «Հետքին» հայտնեց, որ մինչ այս պահը որեւէ խախտում չի նկատել: Վստահված անձինք կան ՕԵԿ, ՀՅԴ, ԲՀԿ, Ժառանգություն, ՀԱԿ կուսակցություններից:
Արփինե Մինասյան
Մեկնաբանել