
Միջադեպ հայ-վրացական սահմանին. գյուղացին բողոքում է վրացի սահմանապահների գործողություններից
Ալբերտ Լալայանը 1989թ.-ից իր ընտանիքով ապրում է Վրաստանին սահմանամերձ Ջիլիզա գյուղի Գոմագ թաղամասում: Գոմագում Ալբերտը Լալայանը սեփական փոքր լիճ ունի, լճի տարածքից վրացի սահմանապահները նոյեմբերի 9-ին փորձել են Ալբերտին բռնությամբ տանել վրացական սահմանապահ ուղեկալ: Ալբերտի ասելով, նույնիսկ իր վրա ավտոմատ են քաշել:
«Ես իմ լճի ներքևի տարածքում հորթերս արածեցնեի, մեկ էլ երկու վրացի սահմանապահ մոտեցան: Մի քիչ հետս խոսեցին, նրանցից մեկն ասաց, թե իրենց կամանդիրը փոխվել է, ուզում է ինձ տեսնի: Հորթերը, որ արածացնում եմ ՝մեր տարածքն ա: Սահմանապահների և իմ միջև միշտ պատերազմ է գնում: Վրացին ասում է՝ ես էդ տարածքով սալդաթ եմ ուղարկում, ես էլ ասում եմ՝ սալդաթ ես ուղարկում, քո տարածքով ուղարկի, ինչու ես հայկական տարածքով ուղարկում: Ես այստեղ չափար եմ արել, որ անասունս չանցնի քո սահմանը»,-ասում է Ա. Լալայանը:
Գոմագը գտնվում է հայ-վրացական սահմանագծի վրա և սահմանակից է հայաբնակ Չանախչի գյուղին: Դեպի Գոմագ լրագրողների մուտքն արգելվում է հայ սահմանապահների կողմից:
«Գոմագում ձմռանը երեք, իսկ ամռանը 5 ընտանիք են ապրում»,-ասում է Ջիլիզայի գյուղապետ Մհեր Վարդանյանը:
Թաղամասը գտնվում է Ջիլիզայից 3 կմ, իսկ Ջիլիզայի սահմանապահ ուղեկալից 4 կմ հեռավորության վրա: Ջիլիզացիները հիշում են, որ թաղամասը նախկինում 32 տնտեսություն ունեցող գյուղ է եղել:
Հիշեցնենք, որ հայ-վրացական սահմանագիծը Ջիլիզայի հատվածում դեռևս գծված չէ: «Առայժմ հայ-վրացական սահմանագիծ է ճանաչվում Չանախչի և Ջիլիզա գյուղերի արանքով հոսող Լալվար գետը»,- ասում է գյուղապետ Մհեր Վարդանյանը:
Սահմանը բաց տարածք է, սահմանային ոչ մի ուղեցույց այնտեղ չկա: Անծանոթ մարդը կարող է հանգիստ անցնել սահմանը և ընկնել փորձանքի մեջ:
«Զրուցում էինք, մեկ էլ վրացի սահմանապահների կամանդիրը ջիպով եկավ կանգնեց, ինձ ասաց, արի գնանք իմ ավտոմեքենայում զրից անենք: Դիվանագիտորեն, էլի, իբր ես իրենց մտքերը չեմ հասկանում: Էդ արանքում հարցուփորձով իմացավ՝ ես ով եմ: Ես հրաժարվեցի իրեն ավտոմեքենայում նստել: Թևիցս բռնեց, որ ինձ տանի դեպի ավտոն: Սահմանապահներից մեկը անցավ թիկունքիս կողմը: Ասեցի, ես ձեզանից վախեցողը չեմ: Հարցրեց՝ դու Լալայան Աբոն ե՞ս: Իրենք խնդիր ունեն՝ Լալայան Աբոյի փուշը կոտրելու: Գոմագում ապրողների բոլորի փուշը կոտրել են: Տեսա 3-րդն էլ է մոտենում, անկախ իմ կամքից սրա պնչին տվի, ձեռքս մտավ բերանը»,- պատմում է Ալբերտը և ցույց տվեց վրացու ատամներից իր ձեռքին մնացած հետքերը:
Ձեռնամարտի ընթացքում, Ալբերտի ասելով, սահմանապահների մեկի ուսից ավտոմատն ընկել է իր ձեռքի վրա. «Ծալվող ավտոմատ էր: Սահմանապահները կպան ավտոմատից: Ավտոմատի բերանը չէի կարողանում ուղղել, ես ավտոմատի կես տեղից էի բռնել, սահմանապահները ամենքը մի կողմից: Հիմա, որ ավտոմատը քաշքշում ենք, ես սայթաքեցի և ծնկիս վրա ընկա քարին: Կամադիրը գոռում էր, որ ամեն գնով ավտոմատը խլեն իմ ձեռքից, վախենում էր կրակել –մրակել լինի»,- հիշեց Ալբերտը:
Ձայների վրա հասնում են հարևանները։ «Արդեն սահմանապահներից ազատվել էի: Վրացի կամանդիրը նորից ինձ պարտադրում էր, թե արի իմ ավտոյի նստի: Ասի, արա, Ձեզ շանսատակ եմ անելու: Դուք ինձ հետ ինչ գործ ունեք, ես ձեր թայն ե՞մ»,- ասել է Ալբերտը։ Նա այդ պահին զանգահարել է Ջիլիզայի գյուղապետ Մհեր Վարդանյանին: Գյուղապետ Վարդանյանը մինչև հայ սահմանապահներին հավաքել, հասել է Գոմագ, վրացիները հեռացել են:
Վրացի սահմանապահների ու նրանց հրամանատարի հետ նոր բախումներից Ալբերտ Լալայանը իրեն ապահովագրված չի զգում:
«Երբ հայ սահմանապահների հետ հասա Գոմագ, վրացի սահմանապահներն ու ուղեկալի հրամանատարը հեռացել էին: Մեր սահմանապահ ուղեկալի կողմից դեպքի առթիվ գործ է նախապատրաստվել»,- այսօր մեզ հայտնեց գյուղապետ Մհեր Վարդանյանը: Ըստ Ալբերտ Լալայանի՝ Ջիլիզայի գյուղացիների դեմ վրացի սահմանապահների ոտնձգությունները հաճախ են կրկնվում:
«Նախանցյալ տարի իմ հարևանուհուն տարան: Մենք տղամարդկանցով հասանք: Ավտոմատը մեր վրա վրացիները զարեժատ արին: Լավ ավչարկա շուն ունեմ, երկու վրացի սահմանապահներին կծեց, նրանց շալվաները ձլատել էր: Մենք էլ նրանց հետ նորից կռվի բռնվեցինք, թողին, գնացին: Էդպես մեզ դուխաթափ են անում: Մեր մեջքին մարդ չկա: Բուկվալնի մարդ չունենք»,- դժգոհեց Ալբերտը:
Վերջինս նաև պատմեց, որ հիմա վրացիները Չանախչի գյուղի մոտ տնակ են դրել, Վրաստանի դրոշն էլ էդ տնակի վրա են խփել:
«Ես էլ ասում եմ՝ մի հատ տնակ էլ մեր կողմում դրեք, Գոմագի սահմանային մասում: Ախր Ջիլիզային սահմանային ուղեկալը Գոմագից 4 կմ հեռու է: Եթե դեպք էլ լինում է, մինչև մեր սահմանապահները հասնեն Գոմագ, ինձ էդ արանքում կտանեն, սահմանն կանցկացնեն»,- բացատրեց Ալբերտը: Գոմագում Ալբերտ Լալայանին ու մյուս ընտանիքներին 1990 թվականների սկզբին հող են տվել, որ տներ սարքեն, անտառի բացատ տարածքներից էր հող են հատկացրել՝ վարել, ցանելու համար: Տրված հողերը չափագրել են, սակայն գյուղացիների վրա չեն սեփականաշնորհել:
«Հիմա բոլոր պետությունները սահմանների վրա իրենց ժողովուրդին համ փող է տալիս, համ հող է տալիս, այսինքն՝ իրենց սահմաններն ուժեղացնում են, մեզ ոչինչ չկա»,-դժգոհեց Ալբերտը:
Դժգոհեց նաև, որ Գոմագի իր լճերում հնարավորություն չունի էս պահին ձուկ լցնելու: Իր տան ու լճի կառուցման փաստաթղթերը էլ չունի, ասում է՝ չեն տալիս: «Էս վիճակում էլ վրացին գալիս է մտնում մեր բակերը մեզ վախացնում է: Ոնց որ վրացիներն են բերել դոմիկ դրել, մի հատ դոմիկ էլ թող մեր սահմանապահները Գոմագում դնեն, Հայաստանի դրոշն էլ դնեն վրեն, որ սահմանամերձ գյուղերի հայությունը դուխավորվի: Վրացիների կոտրելը մեր վրա էնքան չի ազդի, եթե պետությունը սահմանային իր գյուղերին տեր կանգնի: Հիմա մեր հիմնական պրոբլեմը գիտեք ինչումն է, վրացի սահմանապահները մեզ այնքան նեղում են, մենք արդեն չգիտենք մեր օրհասական հացի խնդրի համար մտածենք, թե վրացիների դեմն առնելու համար: Դե, ապրանքս սահմանն անց է կենում, բռնում, տանում են տուգանքի տակ գցում: Վրացիները չեն ուզում, որ մենք հայ-վրացական սահմանի հարևանությամբ ապրենք: Մերոնք էլ, եթե վրացի սահմանապահների հետ կոնֆլիկտ եք ունենում, ասում են, ուրեմն դուք եք մեղավոր: Բա կարող է երևանցին կոնֆլիկտ ունենա Ջիլիզայի սահմանագիծը հսկող վրացի սահմանապահի հետ: Ապրանքն անց է կենում, դա մեզ համար սահմանապահի հետ խնդիր է»,- բացատրում է Ալբերտ Լալայանը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել