
Ինչո՞ւ եք նեղանում թուրքերից, հարգելի ռուսներ, գուցե դա՞ էլ է բիզնես
Թուրքիայի և Սիրիայի սահմանագծին թուրքական կործանիչի կողմից ռուսական ՍՈՒ-24 ռազմական ինքնաթիռի ոչնչացումից հետո Ռուսաստանում հակաթուրքական իսկական փոթորիկ է բարձրացել: Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ հանդիպման ընթացքում նախագահ Պուտինը ռուսական ռմբակոծիչի ոչնչացումը որակել է իրենց հասցված «հարված թիկունքից»: ՌԴ նախագահը հայտարարել է, թե կատարվածը լրջորեն անդրադառնալու է ռուս-թուրքական հարաբերությունների վրա:
Դրանից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, թե արտգործնախարար Սերգեյ Լավրովը չեղարկել է նոյեմբերի 25-ին պլանավորված այցը Անկարա, և որ Թուրքիայի դեսպանին խիստ զգուշացում է արվել կատարվածի կապակցությամբ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը դադարեցրել է ռազմական ոլորտում Թուրքիայի հետ համագործակցությունը, արգելել սպիտակ մսի ներկրումն այդ երկրից:
Թուրքիայի դեմ տրամադրությունները շիկացել են նաև քաղաքական և հասարակական մակարդակներում: Նախօրեին ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորներ նախագահ Պուտինին առաջարկել են խզել դիվանագիտական հարաբերություններն Անկարայի հետ: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, թե Ռուսաստանը, ի պատասխան ինքնաթիռի ոչնչացման, պետք է սկսի աջակցություն ցուցաբերել Սիրիայի և Թուրքիայի քրդերին թուրքական բանակի դեմ պայքարում: Այսօր հարձակման է ենթարկվել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատունը: Մի խումբ ցուցարարներ դեսպանատան շենքի վրա քարեր են նետել, լուսամուտներ ջարդել, պատերին ներկանյութ թափել: Սոցիալական ցանցերի ռուսական հատվածն ամբողջությամբ ողողված է հակաթուրքական գրառումներով, սպառնալիքներով, կոչերով: Կարճ ասած` Ռուսաստանը չափազանց ցավոտ հարված է ստացել Թուրքիայից, որին համարում էր իր ռազմավարական դաշնակիցը, ինչից ուշքի գալ չի կարողանում:
Ցավն այնքան ուժեղ է, որ վերջապես բացել է ռուսների և Ռուսաստանի իշխանությունների աչքերը: Փաստորեն, անհրաժեշտ էր ինքնաթիռ և օդաչու կորցնել, որպեսզի բոլոր մակարդակներով բարձրաձայնվեր բոլորի մտքին, բայց ոչ լեզվին գտնվող այն ակնհայտ ճշմարտությունը, որ Թուրքիան բացահայտ և անարգել վերածվել է միջազգային ահաբեկչությունը հովանավորող երկրի: Քանի դեռ այդ միջադեպը չէր եղել, Թուրքիային, փաստորեն, ներելի էր ԻՊ-ի հետ նավթի ոչ լեգալ առևտուրը, ծայրահեղ իսլամիստ զինյալների համար Սիրիա և Իրաք ազատ մուտքուելք ապահովող դռնապահի վերածվելու իրողությունը:
Անհրաժեշտ էր Սիրիայում ինքնաթիռ կորցնել, որպեսզի լրատվա-վերլուծական հարթակներում ռուս փորձագետները, քաղաքագետներն ու քաղաքական գործիչները վերջապես խոստովանեն, որ հենց Ռուսաստանն էր ժամանակին պատճառը, որ Թուրքիան հիմա ունի ներկայիս սահմանները, որոնք արևելյան ուղղությամբ գծվեցին 1921թ. մարտին Մոսկվայի, ապա նաև հոկտեմբերին Կարսի` հայ ժողովրդի նկատմամբ դավադրական համաձայնագրերի ստորագրման միջոցով:
Վերջապես, փաստորեն, նման ցավոտ միջադեպ էր անհրաժեշտ, որպեսզի Ռուսաստանում հասկանային, որ Թուրքիան հիմա մնում է նույնքան անվստահելի, նույնքան թշնամական, որքան Ռուսաստանի համար եղել է նրա պատմության գրեթե ողջ ընթացքում` ընդհուպ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը:
Ճակատագրի դառը հեգնանքով Թուրքիան Ռուսաստանին, Պուտինի բնորոշմամբ, թիկունքից այս հարվածը հասցրեց նոյեմբերի 24-ին: Օրացույցի այն նույն օրը, երբ ուղիղ մեկ տարի Հայաստանում սուգ էր` տեղի էր ունենում Ադրբեջանի զինուժի կողմից խոցված և միջդիրքային տարածքում ընկած հայկական ԶՈՒ-ին պատկանող ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի երեք զոհված օդաչուների հոգեհանգիստը: Հայկական ուղղաթիռը ոչնչացվել էր ռուսական արտադրության «Իգլա» տեսակի շարժական զենիթա-հրթիռային համակարգով: Ադրբեջանն այն, թերևս, ձեռք էր բերել Ռուսաստանից` Հայաստանի ֆորմալ, իսկ Թուրքիայի այն ժամանակ դեռ փաստացի ռազմավարական դաշնակիցը հանդիսացող երկրից մոտ 5 մլրդ դոլարի հասնող ժամանակակից զինտեխնիկայի գնման ընդհանուր գործարքի շրջանակներում:
Ամիսներ շարունակ հայաստանյան հանրույթը, բացառությամբ, թերևս, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, աղաղակում էր, որ Ադրբեջանը հայկական ուղղաթիռը խոցել է ռուսական զենքով, որ հայկական դիրքերն ու բնակավայրերը գնդակոծվում ու հրետակոծվում են մեծամասամբ Ռուսաստանից գնված զենքով, և որ Ադրբեջանի հետ այդ գործարքը բառի բուն իմաստով հարված է Հայաստանի թիկունքին: Այն ժամանակ ռուսական նույն քաղաքական, փորձագիտական ու պաշտոնական դեմքերը, որոնք այսօր իրենց ինքնաթիռը ոչնչացնելու Թուրքիայի քայլի տակ տեսնում են հարված թիկունքից, դեմքի սառը արտահայտությամբ ու մի առանձին ցինիկությամբ պատասխանում էին, թե Ադրբեջանին զենք տրամադրելը բիզնես է ու ոչ մի կապ չունի Հայաստանի հանդեպ իրենց դաշնակցային պարտավորությունների հետ: Փաստորեն, Թուրքիան հիմա Ռուսաստանի հետ խոսում է բիզնեսի լեզվով: Եվ այս տրամաբանությամբ ռուսները նրանից նեղանալու առիթ չպետք է ունենային: Ի վերջո, Անկարան հիմա էլ հայտարարում է, թե Ռուսաստանի դեմ ոչինչ չունի: Որովհետև ի՞նչ տարբերություն` Ռուսաստանի՞ ինքնաթիռն է ոչնչացվում դաշնակից համարվող երկրի` Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից, թե՞ դաշնակից համարվող երկրի` Հայաստանի թշնամուն` Ադրբեջանին տրամադրված զենիթահրթիռային համակարգը: Էությունը և ողբերգական հետևանքը նույն է:
Ռուսաստանը, փաստորեն, այս ծանր գինը ստիպված է վճարել հենց նման հիվանդ ընկալումներով առաջնորդվելու համար: Թուրքիան նրան հասկացրեց այն, ինչ մարդկային ու բանական լեզվով ոչ մի կերպ չէր կարողանում հասկացնել Հայաստանի հանրությունը: Սա չարախնդություն չէ: Սա ընդամենը աղոտ հույս է, որ Ռուսաստանը գոնե այսպիսի հիասթափություն և շոկ ապրելուց հետո կվերանայի իր առաջնահերթությունները և կարժևորի Հայաստանի հետ իր հարաբերությունները: Որովհետև եթե այս տարածաշրջանում Մոսկվան ունի որևէ հենման կետ, ապա դա միայն Հայաստանն է: Միաժամանակ, գուցե այս միջադեպը նաև Երևանին ստիպի ավելի կոշտ լինել` բացված աչքերով ու հերթական փաստի առջև ծնկած Ռուսաստանից պահանջելու ավելի լուրջ վերաբերվել Հայաստանի հանդեպ ստանձնած իր դաշնակցային պարտավորություններին:
Բայց սա ընդամենը աղոտ հույս է: Որովհետև քաղաքականության մեջ թե՛ հիշողություններն են չափազանց կարճատև և թե՛ ցավն է չափազանց շուտ անցնում «ամենազոր» շահերի հարափոփոխության ազդեցությամբ: Իսկ Թուրքիայի պարագայում Ռուսաստանն աններելի կարճատես ու սկլերոտիկ է: Ու հասկանալի է, որ սա ընդամենը պատմության հերթական շրջապտույտն է: Շրջապտույտ, որը հայկական շահերի, տարածքների գինն է արժենում` Հայաստանին ստիպելով գոնե այս անգամ լինել բավականաչափ պրագմատիկ` Ռուսաստանի նեղ գրպանում հերթական անգամ մանրադրամ չդառնալու համար:
Հ.Գ. Ի դեպ` «Ռոսիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երեկոն Սոլովյովի հետ» վերջին հաղորդման ժամանակ Վլադիմիր Ժիրինովսկին շատ պարզ ցույց տվեց, թե ինչպես Ռուսաստանը կարող է նորից օգտագործել հայկական գործոնի «մանրադրամը». «Թուրքիայի վերջը պետք է տալ հայերի ձեռքով: Եթե մենք հայերին թույլ տանք ազատագրել իրենց արևմտյան հողերը, նրանք հաճույքով դա կանեն»,-ասաց նա:
Լուսանկարը՝ ՏԱՍՍ լրատվական գործակալության
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել