
Տասնամյակներ չվերանորոգված դպրոցների համար պետությունը դեռևս գումար չունի
Արմավիրի մարզպետարանի տվյալներով` մարզում մոտ մեկ տասնյակ դպրոց առաջնահերթ վերանորոգման կարիք ունի: Այդ դպրոցների թվում են Լուսագյուղի, Ջրաշենի և Երասխահունի դպրոցները: Վերջինս համեմատաբար բարվոք վիճակում է, քանի որ դպրոցի մասնաշենքերից մեկը վերանորոգվել է:
Ջրաշեն. 40 «տարեկան» դպրոցը վերանորոգվել է մեկ անգամ, քամուց վնասվելու արդյունքում
Այս տարի Ջրաշենի միջնակարգ դպրոցը նշում է հիմնադրման 40-ամյակը: Դպրոցի տնօրեն Սամվել Պողոսյանն ասաց, որ դպրոցը «շատ անմխիթար վիճակում է»: «Դպրոցում ինչ կա՝ հին է, նոր բան չունեմ: Կահույքն էլ է հին»,-ասում է տնօրենը:
Դպրոցի հիմնադրումից հետո շենքում առաջին անգամ շինաշխատանքներ են իրականացվել անցյալ տարի, երբ ուժեղ քամու հետևանքով վնասվել էր տանիքը: Սամվել Պողոսյանի խոսքով` մարզպետարանն անմիջապես արձագանքել է, և տանիքն ամբողջությամբ փոխվել է: Մասնակի փոխվել են նաև պատուհանները, սակայն գումարը չի բավականացրել՝ 22 պատուհան դեռ փոխված չէ: 48.553.035 դրամի սահմաններում շինաշխատանքներն իրականացրել է «Միլաքս Գրուպ» ՓԲԸ-ն:
Իսկ թե ե՞րբ կվերանորոգվի ամբողջ դպրոցը, պարզ չէ, որեւէ ծրագրերում այն ընդգրկված չէ: «Ներքին հարդարման աշխատանքներ պետք է անել: Նախահաշիվ էլ դեռ չի արվել: Անցյալ տարի ենք դիմել մարզպետարան, որպեսզի ծրագրերում ընդգրկեն, ասացին՝ մի քիչ սպասեք, մինչև կիսատ դպրոցները ավարտեն»,- նշում է Ս. Պողոսյանը:
Տնօրենի խոսքերով` եթե պետությունը հնարավորություն չունի գումար հատկացնել դպրոցի շենքի վերանորոգման համար, պետք է այդ գործը մասնակի իրականացնեն գյուղի բնակիչները: Տնօրենը վերջիններիս խնդրել է գումար հավաքել տարրականի դասասենյակները վերանորոգելու համար: «Ծնողներին ասել եմ՝ գումար հավաքենք և դա կոչենք ավագանու կողմից»: Մեր տարակուսանքին, թե ծնողները գումար հավաքեն ու ստացվի, որ ավագանի՞ն է վերանորոգել, պատասխանում է. «Հա, ի՞նչ անենք, ավագանին նույն գյուղի բնակիչն է, էլի»:
Արտաքինից բարվոք վիճակում թվացող դպրոցի ներսի պատերի ծեփը պոկված է, դռները՝ կոտրված, աշակերտական նստարանները մաշված են և վնասված: Դասասենյակների պատերից դեռ «բուրում» է նախորդ ջեռուցման սեզոնից մնացած սոլյարկայի հոտը: Դպրոցը չունի լոկալ ջեռուցում և սենյակները տաքացնում է վառարաններով`հեղուկ վառելիքով:
Այս դպրոցում հին է նաև տեխնիկան: Տնօրեն Պողոսյանը պատմեց, որ դպրոցի համակարգչային սենյակում կա մոտ մեկ տասնյակ համակարգիչ, սակայն դրանցից միայն մեկն է քիչ թե շատ աշխատում: Հիշեց, որ առաջին համակարգիչը շահել են «Բարի լոտո» խաղարկությամբ դեռևս 2000 թվականին: Դպրոցում կա մեկ «ժամանակակակից» համակարգիչ, որը դրված է տնօրենի քարտուղարուհու սեղանին:
Ջրաշենի դպրոց է հաճախում 91 երեխա: Նրանց թիվը տարեցտարի նվազում է: Օրինակ` անցյալ տարի չորս երեխա ընտանիքով մեկնել է Գերմանիա: Հիմնականում արտագաղթում են եզդիները:
Երասխահուն. 482 աշակերտի համար նախատեսված դպրոցում 201 երեխա է սովորում
Երասխահուն գյուղի դպրոցը եւս արտաքուստ բարվոք է, սակայն առաջին հարկի միջանցքը, մասնաշենքերից մեկը վթարային վիճակում են, իսկ աշակերտներն ու ուսուցչական կազմը ապահովագրված չեն անցանկալի դեպքերից: Հատկապես առաջին հարկի միջանցքի պատերը խիստ վտանգավոր են երեխաների համար, դրանց բացվածքներն այնքան մեծ են, որ երեխաները հանգիստ կարող են արանքով անցնել:
2013-2014թթ. մասնաշենքերից մեկը վերանորոգվել է 120.255.770 դրամով, փոխվել է տանիքը, դռներն ու պատուհանները: Այդ նպատակով 2013թ. ծախսվել է 54.890.000, իսկ 2014թ.` 65.365.770 դրամ: Շինաշխատանքներն իրականացրել է «Բաղրամյանշին» ԲԲԸ-ն:
Դպրոցի տնօրեն Սուսաննա Սարիբեկյանն ասաց, որ այս տարի ևս վերանորոգում նախատեսված է: Մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից փոխանցել են, որ հատկացվելու է 30 մլն դրամ:
«Աշխատանքներ շատ կան անելու: Լոկալ ջեռուցում չունենք, հեղուկ վառելիքով ու էլեկտրական սալիկներով ենք տաքացնում: Բայց ոչ մի տարբերակն էլ չի տաքացնում, մեր դպրոցը մեծ, տիպային դպրոց է, դասասենյակները 52-72քմ: Վերանորոգված հատվածում ստիպված են էլեկտրական սալիկներով տարածքը ջեռուցել: Մենք մեր միջոցներով գնել ենք սալիկները, մեր միջոցներով էլ պետք է ծայրը ծայրին հասցնենք: Վերանորոգված դասարանում չենք կարող հեղուկ վառելիք օգտագործել: Էլեկտրաէներգիան էլ թանկացել է, չգիտենք, թե ինչպես ենք տեղավորվելու: Միջանցքներում սառնամանիք է, միջանցքը չի ջեռուցվում»,-ասում է Ս. Սարիբեկյանը:
Դպրոցի ներսում զուգարան ունեն միայն նախակրթարանի երեխաները, մյուսների համար այն դրսում է: Ծրագրով տարրական կորպուսում ևս զուգարան է կառուցվելու:
Այժմ դասերն անցկացվում են շենքի վերանորոգված հատվածում: Իսկ թե երբ ամբողջ շենքը կհանձնվի շահագործման՝ դպրոցի տնօրենը տեղյակ չէ: Տնօրենի խոսքով` ցանկալի է, որ շինաշխատանքները միաժամանակ իրականացվեն` դրանք ճիշտ կազմակերպելու, արդյունավետ լինելու համար: Ըստ նրա` հենց մուտքից դպրոցի վիճակը զգացնել է տալիս: Մինչև մի քիչ քայլում են դեպի վերանորոգված մասնաշենք ու տրամադրվում են, որ այնտեղ վերանորգված է, լավ է, արդեն տպավորությունը փոխվում է: Բայց քանի որ պետբյուջեի հաշվին է վերանորոգում իրականացվում, իսկ բարերարներ չունեն, հարմարվում են անհարմարությունների հետ:
Սուսաննա Սարիբեկյանն ասում է, որ 482 աշակերտի համար նախատեսված դպրոցում այժմ սովորում է 201 աշակերտ, ինչն էլ բարդացնում է դպրոցի ֆինանսական վիճակը: Օրինակ` այս տարի 10-րդ դասարան չկա դպրոցում: Աշակերտները 9-րդ դասարանից դուրս են եկել և չեն ցանկացել շարունակել ուսումը:
«Մենք ֆինանսական տեսանկյունից «չտեղավորվող» դպրոց ենք, աշակերտների թիվը պակաս է: Աշակերտների թիվը նախագծային հզորության նույնիսկ 60 տոկոսը չի ապահովում: Հազիվ, պարտքերով աշխատում ենք: Աշխատում ենք մանկավարժների աշխատավարձի պարտք չունենալ, որովհետև առանց այն էլ նրանց աշխատավարձը չնչին է, բայց հարկայինին պարտք ենք»,-հավելում է տնօրեն Սարիբեկյանը:
Լուսագյուղ. Տնօրենը չի հիշում, թե վերջին անգամ պետական միջոցներով երբ է վերանորոգվել դպրոցը
Դպրոցը հիմնադրվել է 1964 թվականին: Տնօրեն Հակոբ Բաղդասարյանն ասաց, որ չի կարող հստակ ասել, թե պետական միջոցներով վերջին անգամ երբ է վերանորոգում իրականացվել, կամ արդյոք իրականացվե՞լ է:
«Մասնակի վերանորոգումներ իրականացնում ենք, բայց մեր միջոցներով: Դպրոցի վերանորոգումը ծրագրերում ընդգրկված է, կառավարությունում դպրոցաշինության վերաբերյալ նախագիծ կա, հիմա էլ կա նոր ծրագիր, Տարածքային զարգացման հիմնադրամից եկել են, հիմա դրա վրա ենք աշխատում»,-ասում է Հ. Բաղդասարյանը:
Մի քանի դասասենյակների ներքին հարդարանքը թարմացվել է, սակայն դռներն ու պատուհանները փոխված չեն, և դրանք մի կերպ են «կայուն» դիրքում մնում: Դպրոցի միակ «լուսավոր մասը» նախակրթարանի հատվածն է, որը վերանորոգված է:
Տնօրենն ասաց, որ տեղյակ չէ` նախահաշիվ արվե՞լ է, թե՞ ոչ, քանի որ հիմնադրամը ոչինչ չի ասում: 118 աշակերտ է սովորում այս դպրոցում: Վերջին երկու տարիների ընթացքում այդ թիվը ոչ նվազում է, ոչ՝ աճում:
Հ.Գ. Ինչու՞ էին վախեցել դպրոցի տնօրենները
Վերանորոգման կարիք ունեցող դպրոցների տնօրենները, ի տարբերություն վերանորոգվածների, այնքան էլ հյուրընկալ չէին: Նրանք խուսափում էին շփումից և յուրաքանչյուր բառ ասելուց առաջ ծանրութեթև էին անում: Զուգահեռաբար այցելել ենք նաև մոտ մեկ տասնյակ վերանորոգված դպրոցներ, որոնց տնօրենները խնդիրներ չստեղծեցին:
Ջրաշենի դպրոցի տնօրեն Սամվել Պողոսյանը տեղեկանալով, որ լրագրողներ ենք, պահանջեց հեռախոսները, ձայնագրիչները անջատել և դնել սեղանին՝ իր աչքի առաջ: Տնօրենը չէր ժպտում, արագ-արագ թերթում էր նոթատետրը, որպեսզի գտնի մարզպետարանի համապատասխան պաշտոնյաների հեռախոսահամարները՝ խոսելու թույլտվություն ստանալու համար: Մի քանիսին զանգելուց հետո համաձայնեց խոսել: «Ղեկավարությունը պիտի իմանա, որ ես ձեզ հետ խոսում եմ»,-արդարանում էր Սամվել Պողոսյանը:
Երասխահուն գյուղի դպրոցի տնօրեն Սուսաննա Սարիբեկյանը ոչ տեխնիկան անջատել տվեց, ոչ էլ պահանջեց, որ ձեռքերս վեր բարձրացնենք, պարզապես հայտարարեց, որ տեղեկատվություն չի տրամադրելու: Այս անգամ ստիպված եղանք զանգահարել Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանին: Վերջինիս հետ հեռախոսով խոսելուց հետո տնօրենը պատասխանեց մեր հարցերին:
Լուսագյուղի դպրոցի տնօրեն Հակոբ Բաղդասարյանը մարզպետարանում էր: Փոխտնօրենը նախ պահանջեց մարզպետարանից ներկայացնել գրավոր թույլտվություն, որից հետո միայն կհամաձայնի խոսել մեզ հետ: Այնուհետև դժգոհեց. «Լրագրողներն այդպիսին չեն լինում, գնացեք թույլտվություն բերեք»: Նա դպրոցում նույնիսկ սահմանափակեց մեր տեղաշարժը՝ ասելով. «Եթե թույլտվություն չբերեք, որևէ տեղ չեք գնալու, չեք նկարելու: Հեռախոսով խոսեց տնօրենի հետ: Դրանից մոտ 10 րոպե անց Հակոբ Բաղդասարյանն էր փորձում ճշտել` արդյոք վերևներում տեղյա՞կ են: «Բայց ինչի՞ եք հենց մեր դպրոց եկել»,-անհանգստանում էր տնօրենը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել