
Արժեքների անկումը. ինչու թիրախավորվեց Փարիզը
ԱՄՆ-ից Փարիզ ուղևորվող ֆրանսիական Air France ավիաընկերության 2 ինքնաթիռներ թռիչքի ընթացքում փոխել են ուղղությունը` ահաբեկչության սպառնալիքի պատճառով: Նոյեմբերի 17-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում կայանալիք Գերմանիա-Հոլանդիա ֆուտբոլային հանդիպումը չեղարկվել է` խաղից անմիջապես առաջ մարզադաշտի մոտ կայանված մեքենայում հայտնաբերված ռումբի և հնարավոր պայթյունի սպառնալիքի պատճառով: Փարիզում նոյեմբերի 13-ին իրականացված սերիական ահաբեկչություններից հետո ամբողջ Ֆրանսիայում սկսվել են ահաբեկիչների հայտնաբերման և չեզոքացման աննախադեպ մասշտաբային միջոցառումներ, որոնք ուղեկցվում են բնակավայրերում փոխհրաձգություններով: Չնայած պահպանվող արտաքուստ հանդարտությանը, հասարակության միասնությանը` Եվրոպայում խուճապային տրամադրություններ են:
Փարիզյան ահաբեկչություններից հետո աշխարհը փոխվել է, ինչպես փոխվեց 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչություններից հետո: Սակայն եթե ամերիկյան ահաբեկչություններից հետո քաղաքակիրթ աշխարհը հարձակվողի դերում էր, ինչը հանգեցրեց աշխարհի քարտեզի կտրուկ և դրամատիկ փոփոխությունների, ապա փարիզյան ահաբեկչություններից հետո պաշտպանվում է, ընդ որում` պաշտպանվում է արդեն սեփական տանը:
Աշխարհն այլևս նախկինը չի լինելու: Սկսվել է արժեքների, մինչ այսօր մարդկության բնական կենսագործունեությունն ապահովող համընդունելի կանոնների խորագույն ճգնաժամ` վեր հանելով կեղծ հումանիզմի տակ թաքնված` ընդհուպ պետական քաղաքականության մակարդակի հասցված շովինիզմի ու այսպես կոչված «քաղաքակիրթ» ռասիզմ անտանելիությունը: Փարիզի ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, թե դա «հարձակում էր ողջ մարդկության և համամարդկային արժեքների դեմ»: Այս գաղափարը կարմիր թելի նման անցնում էր բոլոր առաջադեմ, ժողովրդավարական երկրների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների ցավակցական հայտարարություններում: Եվ սա այն դեպքում, երբ Փարիզի ահաբեկչության նախօրեին ԻՊ-ը պայթյուններ էր իրականացրել Լիբանանում, որի հետևանքով 43 մարդ էր զոհվել, 240-ը` վիրավորվել և պայթեցրել էր ռուսական Airbus-321 ինքնաթիռը, որի հետևանքով 219 մարդ զոհվեց:
Ավելի վաղ, նոյեմբերի 10-ին, ԻՊ-ը մահապատժի էր ենթարկել սիրիացի թվով 200 երեխայի. աներևակայելի վանդալիզմ, որը չի տեղավորվում առողջ մարդու բանականության մեջ: Դրանից առաջ, 2013-14թթ. ողջ Իրաքի տարածքում ԻՊ-ը սիստեմատիկ, պլանավորված կերպով բառի բուն իմաստով անարգել ոչնչացնում էր եզդիական տարրը: Եթե միայն Փարիզի ողբերգությունն էր հարձակում մարդկության և համամարդկային արժեքների վրա, ապա ինչե՞ր էին սրանք` այդ արժեքներին հավատարմության դրսևորո՞ւմ, ինչո՞ւ աշխարհը չէր ցնցվում նաև այս վայրագություններից` դրանք իրենցից հեռու, օրինաչափ երևույթներ համարելով: Եվ ինչպես կարելի է նման շովինիզմի, երեսպաշտության վրա խարսխված ցինիկ real politik-ով առաջնորդվելու պայմաններում զարմանալ, թե ինչու է շարքային ֆրանսիացին, գերմանացին, անգլիացին, դանիացին, էլ չենք խոսում մուսուլմանական երկրների քաղաքացիների մասին, թողնում բարեկեցիկ, անհոգ կյանքը և նախընտրում միանալ գոնե հանուն ինչ-որ մնայուն գաղափարների, «իդեալների» պայքարող այնպիսի հրեշավոր խմբավորման, ինչպիսին է «Իսլամական պետությունը»:
Մյուս կողմից՝ 2001թ. հետո իրեն ժողովրդավարական արժեքների հավատարմատար համարող Եվրոպան ԱՄՆ-ին քննադատում էր մարդու իրավունքները և ազատություններն էականորեն սահմանափակելու համար: Այսօր այդ ճանապարհն ինքն է անցնում` թերևս հասկանալով, որ ներկայիս մարտահրավերները, որոնց հոգեբանորեն պատրաստ չէր, գուցե հենց մարդու իրավունքների ու ազատությունների բացարձականացման ու ֆետիշացման, դրանց հասարակական անվտանգության ապահովման հանդեպ միանշանակ նախապատվություն տալու հետևանքներն են:
Այս ամենի լույսի ներքո վերլուծաբանները, փորձագետները փորձում են հասկանալ` ինչո՞ւ թիրախավորվեց Փարիզը, երբ ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններում բոլորովին էլ Ֆրանսիան չէր ամենաառանցքային դերակատարը: Չնայած դրա տակ սիմվոլիզմի փնտրտուքներին, իրականում պատճառները շատ ավելի պարզ են և ռացիոնալ:
ԻՊ-ի ստրատեգիական թիրախը կոնկրետ Ֆրանսիան կամ Փարիզը չէր, այլ մեծ հաշվով` իր դեմ կենտրոնացած ամբողջ ճակատը: Մինչ Փարիզին հարվածելը, ԻՊ-ը ահաբեկչական ակտեր իրականացրեց Լիբանանում, ոչնչացրեց Եգիպտոսից Ռուսաստան վերադարձող ռուսական ինքնաթիռը: Փարիզի ահաբեկչությունը, որքան էլ մասշտաբային, ընդամենը հերթականն էր այդ շարքում, որը ենթադրում է շարունակություն ոչ միայն Ֆրանսիայում: Փարիզի ողբերգությունն առանձնացավ միայն այն պատճառով, որ ընկալվեց որպես ոտնձգություն սեփական տան նկատմամբ, և որովհետև հենց այդ հանգամանքը բացահայտեց, թե որքան խոցելի է եվրոպական անվտանգության համակարգը:
Այդ համակարգում Ֆրանսիան ամենախոցելին և ամենահասանելին էր, ինչում իսլամական ծայրահեղականները համոզվում էին շարունակաբար: 2015թ. հունվարին իսլամիստ եղբայրների կողմից «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի խմբագրությունում իրականացրած սպանդից հետո հունիսին ահաբեկչական ևս մի ակտ եղավ. ԻՊ-ի հետևորդներից մեկն ավտոմեքենայով գրոհեց քիմիական գործարանը: Ահաբեկիչներն այդ ընթացքում համոզվեցին, որ ֆրանսիական հատուկ ծառայություններն իրականում անգամ նման նախադեպերից հետո խելքի չեն եկել, չեն ընկալում խոշոր ահաբեկչության իրական վտանգը և պատրաստ չեն օպերատիվ արձագանքելու:
Մի կողմից Ֆրանսիայի միգրացիոն քաոտիկ քաղաքականությունը, մյուս կողմից վերջին ամիսներին սիրացի և իրաքցի էմիգրանտների անկառավարելի հոսքը և կուտակումները խոշոր բնակավայրերում և երրորդ կողմից վահաբիստական գաղափարախոսությունը տարածող մզկիթների անարգել գործունեությունն այդ երկիրը վերածել են իսլամիստական ծայրահեղականության որջի, որը շարունակում է սպառնալիքի աղբյուր մնալ ոչ միայն բուն Ֆրանսիայի, այլև ողջ Եվրոպայի համար: Այս պարարտ հողի պայմաններում ընդամենը տեխնիկայի հարց էր ժամանակի վրա աշխատող ռումբը գործի դնելը, ինչն էլ աշխատեց նոյեմբերի 13-ի երեկոյան: ԻՊ-ի այս քայլն էությամբ նույնն է, ինչ ճակատամարտում առաջին հուժկու հարվածը թիկունքից հակառակորդի բանակի ամենաթույլ թևին հասցնելը` վերջինիս խուճապի մատնելու նպատակով: Արդեն փաստ է, որ Ֆրանսիան այդ թշնամու դեմ ստիպված է պայքարել երկու ճակատով` դիմահար և թիկունքում:
Մինչդեռ իրականում սա հուսահատ քայլ էր «Իսլամական պետության» կողմից և մատնում է նրա ցայտնոտային, անելանելի վիճակը: Քանի դեռ ահաբեկչական այս խմբավորումն իրեն ուժեղ էր զգում, ողջ ռեսուրսներն օգտագործում էր տարածքներ գրավելու, ողջ աշխարհից նվիրյալ-գրոհայիններ հավաքագրելու, գրավված տարածքներում փաստացի նոր, ֆունդամենտալ-գաղափարական պետություն կառուցելու վրա: ԻՊ-ն ահաբեկչությանը սկսեց ապավինել այն ժամանակ, երբ օղակը սկսեց սեղմվել, երբ ահաբեկչության (իսկ իրականում՝ Սիրիայի ասադական վարչակազմի դեմ) արևմտյան կոալիցիայի կողմից հասցվող հատվածական ավիահարվածներին միացան ռուսական ռազմաօդային ուժերը, և երբ Սիրիայի կառավարական զորքերի, քրդական զինյալ խմբավորումների ճնշման տակ սկսեց իրար ետևից կորցնել ստրատեգիական նշանակության տարածքներ, օբյեկտներ, ֆինանսավորման աղբյուրներ, մարդկային ռեսուրսներ և բնակավայրեր: Փարիզի ահաբեկչությունը միտված էր առաջին հերթին կանգնեցնելու այս ընթացքը` առարկայորեն ցույց տալով, որ ԻՊ-ն ունակ է պատերազմը տեղափոխել Եվրոպա, ԱՄՆ, Ռուսաստան, գործնականում աշխարհի ցանկացած կետ` այն դարձնելով ավելի անտեսանելի, ավելի նյարդային և անկանխատեսելի:
Սա հետապնդում էր երկու հիմնական նպատակ: Առաջինը` հարուցել քրիստոնեական աշխարհի ենթագիտակցական ատելությունը մուսուլմանների և իսլամի դեմ առհասարակ, որը բնականորեն հարուցելու էր մուսուլմանական աշխարհի հակառակ ռեակցիան` պարարտ հող ստեղծելով իրենց սկսած «Ջիհադ»-ի համատարած արդարացման համար: ԻՊ-ի նպատակը միջկրոնական և միջքաղաքակրթական պատերազմի սանձազերծման միջոցով իր շուրջը սեղմվող օղակը ճեղքելն էր:
Խաղադրույք է արվել սովորական մարդկային վրեժխնդրության, ցավից բանականության կուրացման վրա: Եվ փարիզյան ահաբեկչություններից հետո փախստականների ճամբարի հրկիզումը, որն անտարակույս ֆրանսիական հասարակության ռադիկալացման նշան է, մուսուլմաններին երկրից վտարելու մասին հայտարարություններով դիվիդենտներ քաղելու քաղաքական լիդերների մոլուցքը (օրինակ` Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը) ցույց են տալիս, որ ԻՊ-ի հաշվարկները կարող են աշխատել, եթե հնարավոր դառնա նոր ահաբեկչությունների իրականացումը Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և այլուր:
Երկրորդ և առավել իրատեսական նպատակը Սիրիայի ճակատագրի հարցում աշխարհաքաղաքական կենտրոնների ներքին դիրքային պայքարի սրումն է, այդ դիմակայության վրա խաղալով` տարածաշրջանում հաստատված քաոսը պահպանելը: Մարտավարություն, որ Եվրոպայի պարագայում անսխալ աշխատել է նրա պատմության ողջ ընթացքում: Բավական է միայն հիշել, թե ինչպես Հիտլերը, խաղալով եվրոպական երկրների և ԽՍՀՄ-ի հակասությունների, շահերի բախման և դանդաղկոտության վրա, կարողացավ գրավել գրեթե ողջ Եվրոպան: Իսկ 16-րո դարում` ինչպես նույն պատճառով Օսմանյան կայսրությունն իր տարածքներն ընդլայնեց նախադեպը չունեցող մասշտաբների, գրավեց Հունգարիան և նույնիսկ հանդգնեց պաշարել Վիեննան:
Ներկայիս նվաճողները` տվյալ դեպքում ԻՊ-ը, խաղում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի գեոպոլիտիկ հակադրվող շահերի, Սիրիայի համար մղվող դիվանագիտական ճակատամարտերի վրա և հույս ունի, որ դրա արդյունքում թե՛ մեկը, թե՛ մյուսը չեն գնա ԻՊ-ի ոչնչացմանը` որպես քաղաքական գործոնի մեկը մյուսի դեմ օգտագործելու համար: Եվ առնվազն այնքանով, որքանով ԵՄ-ին, ԱՄՆ-ին ու Ռուսաստանին չի հաջողվում, ի վերջո, ստեղծել միասնական կոալիցիա և չեն համարձակվում համընդհանուր ուժերով ցամաքային գործողություններ սկսել ԻՊ-ի և մյուս ծայրահեղական իսլամիստական խմբավորումների լիկվիդացման, Մերձավոր Արևելքը նրանցից մաքրելու համար, այս մարտավարությունն աշխատում և աշխատելու է` տանելով նորանոր անմեղ մարդկանց կյանքեր, շարունակելով ֆարսի վերածել հումանիզմի գաղափարն ու դրա վրա կառուցված արժեհամակարգը:
Լուսանկարը` Ֆրանսպրեսի
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել