
«Ամերիաբանկը» հաղթեց. պայքարը կարող է հասնել մինչև Եվրոպական դատարան
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեց Արտաշես Հովհաննիսյանն ընդդեմ «Ամերիաբանկի» գործով դատավճիռը: Ավելի քան մեկ տարի ձգվող դատական գործն ավարտվեց «Ամերիաբանկի» հաղթանակով:
«Գործի ելքի պատճառը իրավական հարթության մեջ չէ: Կարծում եմ, որ եթե դատարանին թողնեին, ինքը հաստատ կկայացներ հակառակ վճիռը, այսինքն` հայցը կբավարարեր: Դա իմ մասնավոր կարծիքն է: Ուղղակի ես նախկինում էլ եմ նշել, որ այսօրվա հայկական կոնյուկտուրան չի հանդուրժի, որ «Ամերիաբանկի» դեմ վճիռ կայացվի, այն էլ՝ այս վեճով, որովհետև այստեղ ոչ միայն «Ամերիաբանկն» է խառնված, այլև իր խոշոր բաժնետերը, ի դեմս գիտեք՝ ում (նկատի ունի գործարար Ռուբեն Վարդանյանին- Մ.Մ.):
Հիշեցնենք, որ «Ամերիաբանկի» նախկին փոքր բաժնետեր Արտաշես Հովհաննիսյանը բանկից դատարանի միջոցով պահանջում է վերադարձնել իր հինգ բաժնետոմսերը: Արտաշես Հովհաննիսյանը 1990-ական թթ.-ից եղել է «Ամերիաբանկի» ՓԲԸ-ի (այն ժամանակ` «Հայներարտբանկ» ՓԲԸ) 5 հատ հասարակ անվանական բաժնետմոսերի սեփականատեր(յուրաքանչյուրը` 40 հազար դրամ): «Ամերիաբանկի» բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ` բանկի բաժնետոմսերը կոնսոլիդացվել էին (համախմբում), որի արդյունքում Արտաշես Հովհաննիսյանի հինգ բաժնետոմսերը փոխարկվել են 0,625 հատ կոտորակային բաժնետոմսի (320 հազար դրամ ընդհանուր արժողությամբ), ապա հետ գնվել բանկի կողմից առանց նրա իմացության:
Բաժնետոմսերի հետգնումից առաջացած գումարը «Ամերիաբանկը» փոխանցել է նույն բանկում Արտաշես Հովհաննիսյանի հաշվեհամարին: Գործարքի մասին փոքր բաժնետերը, ինչպես պատմում է նրա ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը, իմացել է միայն այն ժամանակ, երբ նկատել է փոփոխություն բանկի կանոնադրության մեջ:
Գործարքը նախապատմություն է ունեցել, որի մասին գրել ենք: Հայկ Հովհաննիսյանը դատարանում պատմել էր, որ «Ամերիաբանկի» խոշոր բաժնետեր Ռուբեն Վարդանյանը հանդիպումներից մեկի ժամանակ Արտաշես Հովհաննիսյանին առաջարկել է վաճառել բանկում ունեցած իր բաժնետոսմերը: Ա. Հովհաննիսյանը հրաժարվել է: Որոշ ժամանակ անց Ռուբեն Վարդանյանը նորից է սկսել բանակցել և առաջարկել է նվիրել` որպես «բարեգործություն», կրկին հրաժարվելուց հետո Արտաշես Հովհաննիսյանը հեռացվել է բաժնետերերի ցանկից:
Դատավոր Գագիկ Խանդանյանը նիստերի ժամանակ ակնհայտ համակրանք ուներ հայցվոր կողմի նկատմամբ: Գործի այսօրվա ելքից հետո հայցվորի ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը դա բնութագրեց որպես մասնագիտական խաղ. «Դա հին ալգորիթմ է: Երբ որ դատարանը ինչ-որ մեկին ցույց է տալիս ակնհայտ համակրանք, և մյուս կողմին, ընդհակառակը` հակակրանք կամ ճնշումներ, վճիռը հիմնականում լինում է «ճնշված» կողմի օգտին: Դա ի սկզբանե նկատելի էր, և ես այդ ախտանիշը տեսա»:
Գործի Հայկ Հովհաննիսյանի համար կանխատեսելի էր, իսկ առաջիկա անելիքները նա թվել էր դեռևս վճռի հրապարկումից առաջ:
«Էս պայքարը սերունդներին է ուղղված, որպեսզի չկորցնեն իրենց հավատը Հայաստանի, օրենքի և իրավունքի գերակայության հանդեպ: Ես ի սկզբանե քաջ գիտակցել եմ, թե ում դեմ եմ գնում և ինչ ծանր կշիռ ունեցող անձնավորություն է կանգնած «Ամերիաբանկի» հետևում: Բայց ես գնացել եմ այս դատավարությանը, որպեսզի իմ օրինակով ցույց տամ, որ պետք է շարունակել պայքարել: Որովհետև եթե ամեն մեկս մեր տեղում մեր գործը չանենք ամենալավ և պրոֆեսիոնալ ձևով, չպայքարենք մեր իրավունքների համար, մենք չենք կառուցի մեր երազած Հայաստանը »,- ասում է Հայկը:
Հայցվորի իրավական փաստարկներից մեկն այն էր, որ գործարքը հակասում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքին, խախտում է իրենց սեփականության իրավունքը: Գործարքը, ըստ փաստաբանի, կարող է դիտվել նույնիսկ որպես հանցագործության մասին հաղորդում:
«Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 37-րդ հոդվածը արգելում է բանկի կողմից իր բաժնետոմսերը «զեղչելը, գնելը կամ հատուցմամբ այլ կերպ ձեռք բերելը, դրանք գրավ ընդունելով վարկ տալը» բացառությամբ մի քանի դեպքերի: Նշված բացառություններում բացակայում են բաժնետոմսերի համախմբումը(կոնսոլիդացիա) և հետգնումը: Դա իր վճռում ընդունել է նաև դատավորը: Օրենքի մեկ այլ հոդվածով` բանկի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն է վերապահված բաժնետոմսերի համախմբումն ու բաժանումը:
Հայցվոր կողմը դատական նիստերին բազմիցս հայտարարել է, որ բանկերի ոլորտը կարգավորող հիմնական օրենքը իր վերոնշյալ կարգավորումներվ բանկերի խոշոր բաժնետերերին պարտավորեցնում է համախմբում կատարելու դեպքում այնպես բաժանել բաժնետոմսերը, որպեսզի կոտորակային բաժնետոմս չառաջանա, քանի որ հետգնում սահմանված չէ:
Դատավոր Գագիկ Խանդանյանը, սակայն, վճռում դուրս է եկել օրենքի «փակուղուց» հետևյալ ճանապարհով. «….Օրենսդիրը բանկի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն է վերապահել` բաժնետոմսերի համախմբումն ու բաժանումը, ուստի նշվածը Դատարանին հիմք է տալիս դատարանին եզրահանգելու, որ Օրենսդրի կամքն ուղղված չի եղել արգելել բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերին որպես կորպորատիվ գործողություն իրականացնելու բաժնետոմսերի կոնսոլիդացիա և կոնսոլիդացիայի արդյունքում առաջացող կոտորակային բաժնետոմսերի հետգնում….»:
Դատավորի իրավական եզրահանգումները դեռևս կքննվեն հաջորդ ատյանում, երբ ներկայացվի վերաքննիչ բողոքը:
«Ամերիաբանկի» ներկայացուցիչ Արման Մարտիրոսյանը հարցին, թե այսօրվա դատավճիռը ինչ իրավական հետևանքներ կունենա հայաստանյան այլ բանկերի համար, չպատասխանեց: Ավելացրեց, որ իր իրավական դիրքորոշումը դատական տարբեր նիստերին հայտնել է:
Հայկ Հովհաննիսյանը պատմեց, որ «Ամերիաբանկի» փաստաբանը երկար ժամանակ աշխատել է Արժեթղթերի հանձնաժողովի(այժմ այս մարմինը չկա, նրան փոխարինում է ԿԲ-ն-Մ.Մ.) իրավաբան, որն էլ ուներ իրավասություն բաժնետիրական ընկերություններին ժամանակին տալ բաժնետոմսերի համախմբման թույլտվությունը: «Ամերիաբանկի» փաստաբանի իրավական դիրքորոշումը` բանկերի բաժնետոմսերի կոնսոլիդացիայի և հետգնման վերաբերյալ, փաստաթղթերի տեսքով կարելի է գտնել Կենտրոնական բանկի արխիվներում՝ նշեց Հայկը: Միայն թե դրանք հակասում են փաստաբանի` «Ամերիաբանկի» գործով դատական նիստերի ժամանակ հայտնած նրա դիրքորոշմանը, քանի որ Արժեթղթերի հանձնաժողովը բանկերին բաժնետոմսերի կոնսոլիդացիայի թույլտվություն չի տվել:
«Այն ժամանակ արժեթղթերի հանձնաժողովը միշտ դեմ էր կոնսոլիդացիայի արդյունքում առաջացած կոտորակային բաժնետոմսերի հարակադրական հետգնմանը, և Արման Մարտիրոսյանի աշխատակազմում աշխատում էր իրավաբան»,- ասաց հայցվորի փաստաբանը:
Հայաստանում դատական ատյանները սպառելուց հետո Հայկ Հովհաննիսյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել