
Սամվել Դարբինյան. «Վանաձորի ընտրողների 30 տոկոսն իմ հորական և մորական կողմից բարեկամներ են»
«Հետքի» հարցերին պատասխանում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը։
- Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ասելով՝ Վանաձորը մարզի ամենաչզարգացող համայնքն է: Դուք ի՞նչ կասեք:
-Ես չգիտեմ, իհարկե, մարզպետն ինչու է այդպես ասել: Չի կարելի ասել՝ Վանաձորը չի զարգանում, բայց Վանաձորը բավականին խնդիրներ ունի: Վանաձորի ամբողջ արդյունաբերական համակարգը այսօր կրախի է ենթարկված: Տեսեք, էս տարիների ընթացքում մի քանի անգամ փորձեցին «Քիմպրոմը» նորից վերագործարկել` չստացվեց: Վանաձորը եղել է արդյունաբերության բնագավառի 42 հազար աշխատող ունեցող քաղաք, այսօր Վանաձորում ընդամենը աշխատում է 2 կարի ֆաբրիկա, էնտեղ աշխատում են 2000 կարող բանվորուհիներ և այլ աշխատողներ:
-Այս պահին քանի՞ գործազուրկ կա Վանաձորում:
-Գործազուրկների թիվը էդպես հստակ չի, որովհետև դե, եթե աշխատանք չկա, մի մասը արտագնա աշխատանքի է գնում, մի մասը լրիվ այլ պրոֆիլի աշխատանքեր է կատարում:
- Դուք արդեն 16 տարի ղեկավարում եք քաղաքը, մի՞թե չէիք կարող փրկել արդյունաբերական այդ շենքերը՝ այլ նշանակությամբ օգտագործելու համար:
- Մինչև իմ քաղաքապետ ընտրվելը դրանք դարձել են մասնավոր սեփականություն: Եթե մարդն ասում է իր սեփականությունը քանդում է, որ էդ տարածքում ձուկ աճեցնի, մյուսն էլ ասում է՝ քանդում եմ, որ այլ արտադրություն դնեմ, քաղաքապետը նման դեպքերում չի կարող նրանց արգելել: Դա պետական խնդիր պետք է լիներ:
-Ինչպե՞ս եք գնահատում Վանաձորի կառուցապատման ներկա վիճակը:
-Վանաձորը էսօր կառուցապատման մեծ խնդիրներ չունի, որովհետև, եթե նախկինում Վանաձորում 172 հազար բնակիչ էր եղել, էսօր ընդամենը 100 հազար է: Բնակելի տարածքների կառուցապատում չի պահանջվում, բայց բնակարանի կարիքավորներ դեռ կան: Իհարկե, նրանց մի մասը հենց երկրաշարժի հետևանքով գյուղերից եկան և այլևս չվերադարձան, մնացին տնակային ավանում և խնդիր առաջացավ արդեն նրանց բնակարաններ տալու:
-Նկատել եմ, որ Վանաձորը զբոսայգիների կառուցապատման լուրջ խնդիր ունի:
-Իհարկե, դա Ձեր կարծիքն է: Եթե մենք տվյալ այգիները դնում ենք մրցույթի, ոչ ոք չի ուզում, այսինքն՝ դա շահավետ չէ: Մենք նույնիսկ Սայաթ-Նովայի և Քիմիագործների այգիներն ենք մրցույթով տվել գործարարներին, բայց նրանք հետո ոչ մի աշխատանք չկարողացան կատարել, որովհետև սրճարաններ դրեցին՝ չաշխատեց, կառուսելներ դրեցին՝չաշխատեց: Սայաթ-Նովայի այգին հիմա էլ անընդհատ մրցույթի ենք դնում, բայց ցանկացողներ չկան:
-Դուք համայնքի բյուջեի միջոցներով Վանաձորի միջհամայնքային ճանապարհները տարիներ շարունակ վերանորոգում եք միայն Ձեզ և Ձեր եղբորը պատկանող «Արգիշտի-1» և «Լոռի ՃՇՇ» ընկերությունների միջոցով:
-Ճիշտն ասած իմ և իմ եղբոր հիմնարկությունով ոչ մի աշխատանք չի կատարվել: Հիմնական աշխատանքերը կատարվել է ոչ թե «Արգիշտի-1» ՍՊԸ-ի, այլ «Լոռի ճանշինի» -ի միջոցով:
- Դա էլ է ձերը, պարոն քաղաքապետ:
-Դա ընդամենը հավատարագրման կառավարման է տրված, բայց ասֆալտ, բնականաբար, Ալավերդուց կամ Ստեփանավանից չէին կարող բերել Վանաձոր, որովհետև դուք գիտեք, ասֆալտը սառում է:
-Համայնքի բյուջեից տարեկան որքա՞ն գումար եք հատկացնում Վանաձորի փողոցների փոսանորոգումների համար:
-Մենք փոսային նորոգումների համար տարեկան 80-100 մլն դրամ ենք հատկացնում: Իմ քաղաքապետ եղած 16 տարիներին Վանաձորի ներհամայնքային 200 կմ ճանապարհից 20 կմ ճանապարհ է կապիտալ վերանորոգման ենթարկվել:
-Ի՞նչ կասեք Վանաձորի Արջուտում գտնվող աղբավայրի մասին:
-Արջուտի աղբավայրը մասնավոր սեփականություն է, քաղաքապետարանինը չէ: Երբ ես քաղաքապետ եմ դարձել, դրա 10 տոկոսն է եղել քաղաքապետարանի սեփականությունը:
- Բայց աղբը ձերն է, չէ՞: Վանաձորի աղբն արդեն Արջուտի գյուղաբերանին են թափում:
-Աղբը մերն է: Այդ խնդրի լուծման համար արդեն KFW բանկի հետ համագործակցում ենք: Նոր աղբավայր կառուցելու համար 7 մլն եվրոյի կարգի գումար է հարկավոր:
- Վանաձորի կոյուղաջրերի հարցն ինչպե՞ս է լուծվելու, դեռ որքա՞ն պետք է այն Դեբեդ գետը թափվի:
-Դա կառավարության խնդիրն է, ինչպես գիտեք կոյուղին և ջրմուղը լրիվ առանձնացված հիմնարկ է, տրված է «Լոռի-ջրմուղկոյուղուն», որն էլ պետք է այդ աշխատանքերը կատարի: Էստեղ հիմնականում ֆինանսների խնդիր է: Մոտ 6 մլն եվրո է հարկավոր, որպեսզի կոյուղագծի մաքրման կայանի խնդիրը լուծվի: Գիտեք ինչ, լրագրողների համար շատ հեշտ է ասել Վանաձորի աղբահանությունը վատ է, Արջուտի աղբվայրի վիճակը վատ է:
-Իսկ լավ է ու վա՞տ ենք ասում, պարոն քաղաքապետ:
-Իսկ 2 միլիարդ 150 մլն դրամով հեշտ է 54 հիմնարկ ձեռնարկություններ պահել, որոնցից 20 ձեռնարկությունը մանկապարտեզներ են, որտեղ 2150 երեխաներ են հաճախում: Նաև ասենք, որ Վանաձորի կոյուղագծերը արդեն շարքից դուրս եկած են:
- Իսկ Դուք մասնակցություն չեք ունեցել Վանաձորի կոյուղու մաքրման նոր կառուցված կայանի խողովակների յուրացման և շենքը քանդելու գործում:
-Կոյուղու մաքրման կայանի խողովակաշարերը և ընդհանրապես թալանը, ես հենց էդպես էլ ասում եմ, կատարվել է իմ քաղաքապետ լինելուց 5-6 տարի առաջ: Եվ երբ մենք էդ կառույցը ընդունել ենք, դա արդեն դուրս գրված կառույց է եղել: Երբ մենք ընդունել ենք մաքրման կայանի շինությունները, էնտեղ արդեն ոչ մի բան չկար: Խողովկաշար չի էլ եղել, ինչը պետք է տանեինք: Մենք ընդամենը մոտ 65 մլն դրամով կայանը վաճառել ենք: Առնողը ժելեզաբետոնը քանդել է, մեջի մետաղյա արմատուրաներից, որը պիտանի է եղել, ծախել է:
-Լոռու նախկին դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության վարկածներից մեկը առնչվում է Ձեր և Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի հետ: Շրջանառվում է, որ դատախազը ձեր երկուսի կողմից վերոնշյալ մաքրման կայանում խոշոր յուրացումների փաստեր էր բացահայտել:
- Յուրաքանչյուր քրեական հանցագործություն պետք է հիմնավորում ունենա: Բոլորն էսպես խոսակցություններ են: Ուրեմն հանրապետության դատախազությունը, քննչական վարչությունը, և բոլոր իրավապահները մի քանի ամիս անընդհատ իմ, եղբորս, եղբորս տղայի, իմ տղաների բոլոր հեռախոսազանգերը վերծանեցին և որևէ մի բան չգտան, որ կարողանան դա հիմք ընդունեն: Իմ զբաղվածությունը, մարդկային շփումները յուրաքանչյուրի հետ և բոլորի հետ ուսումնասիրվել է:
-Քաղաքապետի պաշտոնով ինչ հարստություն եք ստեղծել ձեզ համար:
-Ես ինչ ունեցել եմ նրանց մի մասն էլ քայքայվել է: Քաղաքապետի պաշտոնավարման տարիներին ոչ մի բան ձեռք չեմ բերել: Իմ բոլոր ունեցվածքները կառույցներ են: Ես կոպեկներով գնված ոչ շինություններ ունեմ, ոչ էլ կառույցներ:
-Միթե դուք կոպեկներով չեք գնել Ձեզ պատկանող Արգիշտի հյուրանոցի շենքը: Քաղաքապետի պաշտոնով չեն հզորացել «Արգիշտի 1» և «Լոռի ՃՇՇ» ձեր ընկերությունները:
-Ես «Արգիշտի» հյուրանոց ունեմ: Սկզբում մանկապարտեզի շենք է եղել, դրա նկարներն էլ կա՝ երկրաշարժից հետո վթարային դարձած: Միայն 30 մեքենա էնտեղից աղբ եմ հանել: Բայց դա ոչ թե քաղաքապետ եղած տարիներին է եղել, այլ ես դա գնել եմ 1996 կամ 1997թ.-ին:
-Պարոն Դարբինյան, դուք նորից առաջադրվելու ե՞ք Վանաձորի քաղաքապետի թեկնածու:
-Այո:
-Ակնկալում եք, որ նորից կընտրվեք քաղաքապետ:
-Իհարկե: Ես արդեն 56 տարեկան եմ, և այս տարիներին այն խնդիրը, որին գաղափարապես համոզված չեմ, երբեք չեմ փորձել:
-Եվ նորից քաղաքապետարանում պաշտոններ կբաշխեք Ձեր բարեկամներին:
-Ասենք քաղաքապետարանի ենթակայության 1300 աշխատողներից 30-ը իմ բարեկամներն են, 20 մանկապարտեզի տնօրեններից 3 իմ բարեկամն են: Քաղաքապետարանի աշխատակազմից 10-ը թող լինեն իմ բարեկամները: Ասենք փեսաս է էստեղ աշխատում, աներձագս, իրա տղաները ու վերջ: Ես դրա իրավունքը չունե՞մ: Գիտեք ինչ, էտենց սաղ վանաձորցիք են ինձ բարեկամ: Դարբինյանները Վանաձոր քաղաքում և էդ Ղշլաղի տարածքում, 3000 հոգի են : Եթե նայում ենք իմ ազգությունը, իմ ընկերությունը և իմ շրջապատը շատ մեծ է:
-Վանաձորի քաղաքապետ երևի հենց էդ բարեկամներով էլ ընտրվում եք:
-Նաև: Վանաձորի ընտրողների 30 տոկոս իմ հորական և մորական կողմից բարեկամներ են:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել