
Թալինի համոզմունքը՝ սագախոտը բազմազանություն կմտցնի խոհանոցում, կկերակրի մարդկանց, կկանխի արտագաղթը
Թալին Քեւոնյանն իր սագախոտով ուտեստն առաջին անգամ ներկայացրեց այս տարվա սեպտեմբերի 29-ին, բուսակերների փառատոնի ժամանակ, որտեղ առողջ ապրելակերպ քարոզող ի թիվս այլ միջացառումների, նախատեսված էր նաեւ բուսական սննդի անվճար հյուրասիրություն: Այդ օրը մոտ 200 մարդ համտեսեց նրա պատրաստած ուտեստը: Հացահատիկի այս տեսակին մինչ այդ անծանոթ հայաստացիները հավանեցին այն, իսկ օտարերկրացիները հաճելիորեն զարմացան իրենց ծանոթ սագախոտը հայաստանյան փառատոնում ներկայացված տեսնելով:
Իր սեղանիկից օգտվողների թիվը շատ մեծ չէր, սակայն Թալինը հուսադրված է· «10 տարի առաջ Ամերիկայում էլ շատ քչերը գիտեին այս հացահատիկի մասին, բայց այլեւս չեն կարող ապրել առանց սագախոտի: Հիմա այն ոչ միայն խանութներում է վաճառվում, այլեւ ընդգրկված է ռեստորանների ճաշացանկում: Արտասահմանում սագախոտի մասին արդեն բոլորը գիտեն»:
Թալինը սագախոտն այս տարի առաջին անգամ աճեցրել է Հալիձորում, տեղացիներից մեկի սեփական հողամասում: Նրանց ճանաչում է ավելի քան 13 տարի, այն ժամանակվանից, երբ Հայաստան եկավ որպես կամավոր ու մասնակցեց Տաթեւ գյուղի դպրոցի վերանորոգման աշխատանքներին:
Լոսանջելեսաբնակ Թալինը հայրենիքի հետ կապը հաստատել էր դեռեւս 14 տարեկանում, երբ առաջին անգամ Հայաստան եկավ Լոս Անջելեսի ավարտական դասարանների աշակերտների հետ: «Ես 1996թ·-ից եմ եկել Հայաստան եւ արդեն 20 տարի է, ինչ գալիս եմ, երբեմն տարվա մեջ 3-5 անգամ: Մեկ՝ որպես կամավոր ընդգրկվելով «Երկիր եւ մշակույթ» ֆրանսիական կազմակերպության ծրագրերում, որի ժամանակ էլ մասնակցեցի Տաթեւի դպրոցի վերանորոգմանը, մեկ՝ որպես տարբեր գրասենյակների աշխատակից: 2004-2006 թթ.-ին Հայաստանում եմ ապրել եւ աշխատել»,- հայրենիքի հետ իր սերտացրած կապի մասին է պատմում Թալինը:
Անցնող 20 տարիներին նա բավականին երկար է ուսումնասիրել Հայաստանի տնտեսական, սոցիալական ու կլիմայական պայմանները եւ ինչպես ինքն է ասում, շարունակ մտածել է այնպիսի աշխատանք իրականացնել, որով կկարողանա սոցիալական աջակցություն ցուցաբերել գյուղացիներին, եւ նրանք աշխատանք ունենալով չեն մտածի հայրենիքը լքելու մասին:
Հայաստանյան այցերը պարբերաբար ընդմիջվել են· կրթությունը շարունակելու նպատակով մեկնել է Փարիզ, այնուհետեւ շարունակել Վաշինգտոնում՝ ուսանելով միջազգային կապեր եւ թափանցիկ կառավարում: Վաշինգտոնում բնակվելու 7 տարիներին, ինչպես ինքն է ասում, միտքը թափառում էր Հայաստանում, անվերջ մտմտում էր ինչ-որ բան անելու մասին, մի մտահղացումը փոխարինվում էր մյուսով եւ, ի վերջո ընտրեց գյուղատնտեսության ոլորտը:
«Այդ տարիներին աշխարհում քարոզվում էր բնական ու առողջ սննդի գաղափարը եւ, այդ իմաստով, միջազգային շուկայում շատ մեծ հետաքրքրություն էր առաջացրել սագախոտը (Quinoa): Մասնագետները կարծում են, որ միայն այս բույսն ամբողջ աշխարհի քաղցն ու գործազրկությունը կարող է վերացնել: Այդ դեպքում, ինչո՞ւ Հայաստանը չմասնակցի այս գործին»,- ասում է Թալինը: Նրա տեղեկացմամբ՝ մի քանի երկրներում՝ Բոլիվիա, Պերու, Էկվադոր, այն լայնորեն աճեցնում են, բայց քանի որ աշխարհում արդեն սագախոտը շատ տարածված է, չեն հասցնում շուկան ապահովել: Բույսը տարածում ունի նաեւ Պակիստանում ու Հնդկաստանում, նաեւ՝ Ամերիկայի 2 նահանգներում են ցանքս իրականացնում:
Բազմաթիվ այցելությունների ժամանակ հասցրել էր համոզվել, որ Հայաստանում գյուղատնտեսությունը շատ միատարր է, իսկ սագախոտը բազմազանություն կարող էր մտցնել այս ոլորտում: Բացի այդ, այն շատ արժեքավոր սնունդ է, հատկապես, շաքարախտով հիվանդների եւ խոլեստերինից ձերբազատվել ցանկացողների համար: Բազմազան կիրառություն ունի նաեւ խոհանոցում· հեշտությամբ եւ արագ է պատրաստվում, օգտագործվում է ապուրների, աղցանների մեջ, կարող է օգտագործվել բլղուրի փոխարեն, տոլմա, կոտլետ եւ այլ ճաշեր ու աղցաններ պատրաստելու համար:
Պարզել է, որ այս բուսատեսակը նաեւ արժեքավոր պարարտանյութ է եւ հարստացնում է հողը, եթե մի քանի տարի նույն տեղում աճեցնեն՝ դրանով կվերացնեն աղակալումը:
«Մտահղացումս իրականություն դարձնելու համար դրամ էր պետք, եւ ես Վաշինգոտնի իմ վարձու բնակարանի մի մասը մեկ տարի օրավարձով էի տալիս, գումարը հավաքում էի, որպեսզի կարողանամ իրականացնել այն»,- պատմում է Թալինը:
Թալինի ընտրությունը Սյունիքն էր, որտեղ էլ հանդիպեցինք նրան: «Այստեղ այս բույսը վայրի տեսակով աճում է եւ կոչվում է թելուկ: Դա ինձ ոգեւորեց, ուրեմն բույսն այստեղ կարող է աճել: Այստեղ թելուկը հյուսում են եւ նրա կանաչ մասը` տերեւներն են գործածում, բայց սերմերը պետք է օգտագործեն»,- բացատրում է Թալինը:
Ասում է, որ սագախոտի 123 տեսակ կա աշխարհում եւ դրանցից յուրաքանչյուրը տարբեր կլիմայական պայմաններում է աճում: Դրանցից մի քանիսն այս տարի փորձարկել է տարբեր եղանակների, որպեսզի պարզի, թե որն է ավելի նախընտրելի Հայաստանի կլիմայական պայմանների համար: «Ընդ որում, ցանքատարածքի համար ընտրել եմ վատ հողամաս` քարքարոտ, թեք: Հալիձորցիները, որոնք ընդգրկված էին այս աշխատանքում, ինձ օգնեցին, որպեսզի հասկանամ, թե ինչ դժվարություններ կարող եմ ունենալ առաջիկա տարիներին: Մեր սխալների վրա սովորեցինք, հիմա բերքը պետք է լաբորատոր փորձաքննության տանեմ, որպեսզի որակը պարզեմ եւ պատրաստվեմ հաջորդ սեզոնին»,- ներկայացնում է Թալինը:
Գո՞հ է ստացված արդյունքից, մեր հարցին նա պատասխանում է· «Սոցիալական կողմն ապահովված է, մարդիկ աշխատանք ունեցան: Աշխատանքն ամբողջությամբ կատարվել է ձեռքով, շարքացան չեմ ցանկանում կիրառել, որպեսզի նրանք աշխատանք ունենան եւ վարձատրվեն: Ձեռքով են մոլախոտը հանում, ձեռքով են բերքը հավաքում: Ես էլ եմ ռիսկի դիմում, երբ կանխավճար եմ անում, բայց խնամքը նրանց վրա է, եթե ցանկանում են բերք ստանալ»:
Հաջորդ տարվա համար պլանավորում է 4-5 հա ցանքս կատարել, եւ դա ցանկանում է իրականացնել սահմանամերձ տարբեր բնակավայրերում, տարբեր մարդկանց հետ, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան: «Ուզում եմ Հայաստանում աճեցնել, Հայաստանում փաթեթավորել եւ հայաստանցիներին կերակրել սրանով»,- ասում է նա:
Սակայն տեղական արտադրանքը նաեւ շուկա պետք է ունենա: Սագախոտն աճեցնելուն զուգահեռ նա զբաղվել է արտադրանքը սպառողին ներկայացնելով· ամեն երկուշաբթի նոր բաղադրատոմս է տեղադրում արտադրանքի ֆեյսբուքյան էջում, որպեսզի ծանոթանան, կարողանան այն օգտագործել եւ տվյալ սեզոնի տեղական բանջարեղենի հետ համադրելու հնարավորություն ունենան:
Փաթեթավորել է եւ ներկայացրել վաճառքի: Սագախոտն արդեն վաճառվում է տարբեր խանութներում՝ Հալեպի խանութներում, Շահինանց, Նուռ եւ այլն: «Մարդիկ սկսում են ճանաչել ու հետաքրքրվել, մի քիչ թանկ է հայաստանցիների առօրյա օգտագործման համար, բայց կամաց-կամաց պետք է տեղական արտադրությունը զարգացնել եւ բոլորի համար մատչելի դարձնել այն: Ես չեմ մտածում, թե հաջորդ տարում շահույթ եմ ստանալու, բայց պատրաստ եմ երկար ժամանակ զբաղվել դրանով, որպեսզի կարողանամ կայացնել այն»,- ասում է Թալինը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել