
Լոռու մարզպետ. «Չի բացառվում «Քիմպրոմի» նոր սեփականատեր հայտնվի»
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այսօր իր հրավիրած մամուլի ասուլիսին լրագրողներին ներկայացրեց մարզի սոցիալ-տնտեսական վիճակը:
Ասուլիսին մարզպետը նախ անդրադարձավ «Վանաձորի Քիմպրոմի» աշխատողների 10 ամիսների չվճարվող աշխատավարձին: Հայտնեց, որ խնդիրը քննարկվել է նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ. «Արդեն անցած շաբաթ «Քիմպրոմի» աշխատակիցները ստացել են իրենց երկու ամիսների աշխատավարձը: Մնացած 8 ամիսների կուտակված աշխատավարձը կստանան այս տարվա դեկտեմբերի 15-ից ոչ ուշ»,- ասաց Ա. Նալբանդյանը, ով նաև անդրադարձավ «Քիմպրոմի» ճակատագրին. «Չի բացառվում «Քիմպրոմի» նոր սեփականատեր հայտնվի, չնայած այստեղ ստեղծված դժվարություններին: Բանակցություններն ընթացքի մեջ են»: Ա.Նալբանդյանը խոստացավ լրագրողներին լրացուցիչ ներկայացնել նոր քննարկումների արդյունքները:
Վերադառնալով մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին՝ մարզպետը նշեց, որ մարզի տնտեսության աճի 76-80 տոկոսն ապահովում է արդյունաբերությունը: Նա մտահոգություն հայտնեց միջազգային շուկայում պղնձի գների անկման հետևանքով հանքարդյունաբերությանը սպասվող մարտահրավերների, այդ թվում աշխատատեղի կրճատման շուրջ: Այսուհանդերձ , Ա. Նալբանդյանն նշեց, որ Թեղուտի հանքավայրի շահագործումից հետո 2014թ.-ի ամբողջ տարում մարզում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 69 միլիարդ 941մլն դրամ, իսկ 2015թ. 1-ին կիսամյակում արտադրանքի ծավալը կազմել է 57 միլիարդ 689 մլն դրամ:
Նշվեց, որ 2015թ.-ին մարզի ճանապարհաշինության վրա տարբեր ֆինանսական աղբյուրներից ծախսվել է 5 միլիարդ 564 մլն դրամ: Ա. Նալբանդյանը հատկապես կարևորեց Ստեփանավան –Օձուն ճանապարհատվածի և Տաշիր-Գոգավան` Վրաստանի սահմանամերձ ճանապարհի ընթացող վերանորոգման աշխատանքերը: Հայտնեց նաև, որ ընթացքի մեջ են պետբյուջեի 485 մլն դրամ հատկացումով մարզի 30 համայնքերում իրականացվող շինարարական հրատապ ծրագրերը, 6,1 միլիարդ դրամ նախահաշվային արժեքով կառուցվում է Վանաձորի բժշկական կենտրոնը, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից Տաշիրում և Ստեփանավանում կառուցվում են մանկապարտեզներ:
Ա.Նալբանդյանը անդրադարձավ նաև 3,8 մլն դոլար նախահաշվային արժեքով Վանաձորի տեխնոպարկի կառուցմանը, որտեղ առաջիկա մի քանի տարիներին կստեղծվեն լուրջ աշխատատեղեր:
Մարզպետը նշեց նաև «Հայ մանուկներ» հիմնադրամի կողմից Դսեղ-Դեբեդ համայնքերի խաչմերուկում կառուցվող «Սմառթ» և «Թումո» ոսումնական կենտրոնների կառուցման կարևորությունը: Գյուղատնտեսության հետ կապված Ա. Նալբանդյանմ ասաց, որ այս տարի մարզում արտադրվել է շուրջ 45 հազար տոննա ցորեն և հատիկ-ընդեղեն:
Աճ է նկատվել կարտոֆիլի և մյուս մշակաբույսերի արտադրության գործում: Մարզում գրանցված պտղի արտադրության անկումը բացատրեց Շնող, Ճոճկան, Մեծ Այրում համայնքների այգիների կարկտահարությամբ:
Ա. Նալբանդյանն անդրադարձավ նաև մարզի սոցիալ- տնտեսական խնդիրներին առնչվող «Հետքի» ահազանգերին: Կարկտահարված ճոճկանում հակակարկտային կայան տեղադրելու հետ կապված՝ հայտնեց, որ կառավարությանը ներկայացրել է առաջնահերթ 20 հակակարկտային կայաններ տեղադրելու պահանջ, որի մեջ ներառված է նաև Ճոճկան գյուղը: «Առաջարկությունը հաստատվելու դեպքում Ճոճկանում 2016թ.-ին անպայման կտեղադրվի հակակարկտային կայան»,- հավաստիացրեց նա:
Անդրադառնալով Արջուտի աղբավայրի համաճարակային վտանգներին՝ Ա. Նալբանդյանը բացատրեց, որ այն ոչ միայն Արջուտի, նաև վանաձորցիների համար լուրջ խնդիր է առաջացնում, որովհետև Վանաձորն այսօր կենցաղային աղբը թափելու տեղ չունի: «Դրա համար KFW բանկի վարկային ծրագրով կներառվի մարզի 3 խոշոր աղբավայրերը` Վանաձոր, Ալավերդի և Տաշիր –Ստեփանավան հատվածում, որը քննարկման փուլում է: Այս պահին Արջուտի աղբավայրի հարցի լուծման տարբերակ չունենք»,- բացատրեց Նալբանդյանը:
Լրագրողներից մեկը մարզպետին տեղեկացրեց, որ Արջուտում Վանաձորի աղբը թափվում է նաև գյուղացիների սեփական վարելահողերի վրա. «Գյուղապետ Վ.Մկրտչյանը պարտադրում է գյուղացիներին չօգտագործվող այդ հողերի հարկը վճարել»,- հայտնեց լրագրողը: Մարզպետը խոստացավ լուծել խնդիրը:
Ա. Նալբանդյանը նաև խոստացավ ծանոթանալ ոսկու հանքի շահագործման հետ կապված Արջուտի գյուղապետ Վ. Մկրտչյանի կողմից տրված համաձայնության օրինականությանը:
Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ճանապարհի թունելների վտանգների մասին Ա.Նալբանդյանը հայտնեց, որ միջպետական ճանապարհի վերանորոգման շինարարական աշխատանքերը կսկսվեն 2016թ.-ին: Վերանորոգման աշխատանքերում ընդգրկված են ճանապարհի բոլոր թունելների հիմնանորոգումը:
Մեկնաբանել