
Վաճառվող շաքարավազը, ի վերջո, ի՞նչ որակի է
Մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական սահմանի վրա ուսումնասիրել ու սերտիֆիկատ է տրամադրել միայն կենդանական և բուսական ծագման հումքի համար: Նոյեմբերի 1-ից արդեն ուժի մեջ է մտել սննդի սերտիֆիկատը, և ներկրվող սննդամթերքը նույնպես ստուգվում ու սերտիֆիկատցվում է: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը:
Նա, անդրադառնալով երեկ մամուլի ասուլիսի ժամանակ գործարար Սիլվա Համբարձումյանի այն հայտարարությանը, թե ոչ մեկին խորհուրդ չի տա գնել Հայաստանում վաճառվող շաքարավազը, քանի որ հնարավոր է «շաքարով հիվանդանան», պարզաբանեց, թե ծառայությունը մինչ օրս չի տացել շաքարավազի որակի հետ կապված որևէ դիմում-բողոք:
«Առաջին լաբորատոր եզրակացությունը կունենանք, երբ կոնկրետ խմբաքանակի ներմուծում լինի Հայաստան: Ամպագոռգոռ հայտարարություններ անողներ միշտ էլ եղել են: Սննդամթերքի անվտանգության մասին խոսելուց կամ ինչ-որ պիտակներ կպցնելուց առաջ պետք է գոնե ունենալ դրա փորձաքննության արդյունքները, որովհետև, այո, կարող է լինել վատ որակի շաքարավազ, կարող է լինել վատ որակի կարագ: Դեռ ավելին, եթե մի փոքր խորանանք, կարող ենք գտնել նեղ ոլորտի մասնագետներ, որոնք կարող են ավելի վատ որակի բաղադրություն հորինել, քան հայտարարություն անողի կոնկրետ հայտարարությունը»,- ասում է Բաբկեն Պիպոյանը:
Մեծ խմբաքանակով շաքարավազ Հայաստան ներկրվում է ոչ ամեն ամիս, այլ 3-4 ամիսը մեկ, և շատ հնարավոր է՝ արդեն ներկրված և շուկայում վաճառվող շաքարավազն ունի վատ որակ և խիստ բացասական հետևանքներ ունենա մարդկանց առողջության համար: Այս առնչությամբ էլ Բաբկեն Պիպոյանը նշեց, թե մինչ այս պահը նույնիսկ ահազանգ չի եղել, և ինքը երաշխավորում է, որ դիմում բողոքի դեպքում գործին ընթացք կտրվի:
«Մշտադիտարկումներ կատարվում են Հայաստանի ամբողջ տարածքում, և առանձնացվել են ոլորտներ, որոնք, անկախ ամեն ինչից, ուսումնասիրության տակ են: Հիմա կաթնամթերքի ոլորտում են ուսումնասիրություններ արվում: Դա չի նշանակում, որ եթե այս ընթացքում կոնկրետ ուղղությամբ բողոք լինի, մենք գործ չենք անի: Անդրադառնալու ենք նաև մսի շուկային, և դրանց ավարտից հետո հավանական է, որ հենց շաքարավազի ոլորտը լինի: Դեռ հացի և այլ խնդիրներ ունենք, ոլորտում շատ խնդիրներ կան, և մեկ օրում չենք հասցնի ամբողջն անել»,-ավելացրեց Բ. Պիպոյանը:
Հարցին, թե արդյոք ահազանգ չէ՞ Սիլվա Համբարձումյանի երեկվա հայտարարությունը՝ ծառայության պետի մամուլի խոսնակը պատասխանեց, որ չի կարելի պարզապես օդի մեջ հայտարարություններ անել: Ըստ նրա՝ եթե նշվեր, որ իրենք ուսումնասիրել են շաքարավազը կամ ինչ որ բաներ են նկատել, որոնք չպետք է լինեին, միանգամից կընդունեին ահազանգը:
«Հենց դուք, պարզապես խնդրում եմ, յուրաքանչյուր խանութից գնեք շաքարավազ և տվեք ծառայությանը, որ փորձաքննի և լաբորատոր եզրակացություն տա: Այդ ժամանակ կտեսնեք՝ ընթացք տրվում է, թե ոչ»,-հավելեց Բ. Պիպոյանը:
Մեկնաբանել