
Մհեր Ենոքյան. «Դե՛, սպասե՛նք Սերժ Սարգսյանի որոշմանը»
Անի Հովհաննիսյան, Զարուհի Մեջլումյան
Վերաքննիչ դատարանը մերժեց ցմահ բանտարկյալին
20-րդ տարին անազատության մեջ գտնվող, «Հետքի» բանտային թղթակից Մհեր Ենոքյանի գործի վերաբացում տեղի չի ունենա: Այսօր Վերաքննիչ դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանն օրինական ուժի մեջ թողեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը արտագնա դատական նիստ էր հրավիրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ ապահովելով Մհեր Ենոքյանի ներկայությունը:
Բայց մինչ այդ, դատավարության սկզբում Մհեր Ենոքյանին նախ փակեցին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դահլիճում դեռ խորհրդային իշխանության տարիներից մնացած վանդակի մեջ: Դուռը բացեցին միայն Վերաքննիչ դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանի հրահանգից հետո:
Մհեր Ենոքյանը մահապատժի է դատապարտվել 20 տարեկանում՝ 1996թ. նոյեմբերի 29-ին, ՀՀ Գերագույն դատարանի կողմից՝ մեղադրվելով համակուրսեցու սպանության մեջ: Թե՛ դատարանում, թե՛ մինչ օրս նա պնդում է, որ մարդ չի սպանել: Նա տվել է նույնաբովանդակ ցուցմունքներ, որ փորձել է կանխել հանցագործությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Մեղադրանքի ու դատավճռի հիմքում ընկած է գործով մյուս մեղադրյալի, այսինքն՝ տվյալ գործով շահագրգիռ անձ հանդիսացող Արամ Հարությունյանի 4 անգամ փոփոխված ու իրարամերժ ցուցմունքներից վերջինը: Սկզբում Արամ Հարությունյանը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, ապա աստիճանաբար մեղքը բարդել է Ենոքյանի վրա: Դատարանն, ի վերջո, արժանահավատ է համարել Հարությունյանի վերջին ցուցմունքը՝ Մհեր Ենոքյանին դատապարտելով մահապատժի, իսկ Արամ Հարությունյանին՝ 15 տարվա ազատազրկման: Արամն արդեն 4 տարի ազատության մեջ է: Այս գործով նախաքննությունն ու դատավարությունը տևել են ընդամենը 4 ամիս: 3 հատորանոց քրեական գործով չեն կատարվել անհրաժեշտ փորձաքննություններ՝ մատնադրոշմային, հոգեբանական-հոգեբուժական համալիր փորձաքննություն, քննչական փորձարարություն և այլն: Այս տարիներին Մհեր Ենոքյանը փորձել է նոր երևան եկած հանգամանքներ ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն ու դատարաններ՝ գործի վերաբացման խնդրանքով, սակայն ապարդյուն:
«Ես 20 տարի շարունակ պնդում եմ, որ անմեղ եմ և չեմ կատարել այն հանցագործությունը, որում ինձ մեղադրել են: Եվ, փառք Աստծո, Եվրոպայի պարտադրմամբ վերացվեց մահապատիժը: Մահապատժի վերացման հիմնավորումներից մեկն այն է, որ հնարավոր չէ խուսափել դատական սխալներից: Սակայն, Հայաստանում մինչ օրս չկա նախադեպ, որ մահապատժի դատապարտվածի գործ վերաբացվի, իսկ մեր օրենքների համաձայն՝ դա հնարավոր է դատական սխալի հիմքով ու նոր երևան եկած հանգամանքներով»,- նշեց Մհեր Ենոքյանը:
Դատապարտյալը նշեց, որ անցյալ տարի դիմել է Նիդերլանդներում գործող անկախ դատափորձագիտական կենտրոն՝ IFS: Նոր դատաբժշկական փորձաքննությունն իրականացրել է դատական փորձագետ, բժշկական գիտությունների դոկտոր Սելմա Էյքելենբում-Շիվիլդը, որը հիմնված է 2010 և 2014թթ. գիտության վերջին նվաճումների վրա:
Այնուհետև ցմահ բանտարկյալը մեջբերեց եզրակացությունից մի հատված. «1996թ. դատափորձագիտական ԴՆԹ պրոֆիլավորումը, ինչպես նաև մատնահետքերի քննությունն արդեն իսկ հասանելի էր: Ըստ փաստաթղթերի՝ բացովի բանալու և դանակի վրա նման քննություններ չեն իրականացվել: Այն փաստը, որ այդ քննությունները չեն իրականացվել, բացարձակապես ի վնաս Ենոքյանի է...մենք չկարողացանք գտնել որևէ ապացույց, որը ցույց կտար, որ Ենոքյանն է ծրագրել տուժողի սպանությունը կամ որ մահացու վնասվածքներ է հասցրել: Մենք չենք կարողացել գտնել որևէ հակասական տարր նրա ցուցմունքներում»:
Ենոքյանը շեշտեց, որ փորձաքննությունում կա առնվազն 2 նոր երևան եկած հանգամանք, ինչը հայտնի չէր և չէր կարող հայտնի լինել դատարանին 1996թ., որովհետև դրանք հիմնված են 21-րդ դարի բժշկագիտության տվյալների վրա: Սակայն, Գլխավոր դատախազությունն ու առաջին ատյանի դատարանը գործի վերաբացման վարույթի մերժումը հիմնավորել են այսպես՝ չկա դատարանին անհայտ մնացած հանգամանք:
«1996թ. դատաբժշկի տված եզրակացությունը չի համապատասխանում այսօրվա գիտությանը: Սա նշված է եվրոպացի դատաբժշկի՝ 2014-ին տված եզրակացության մեջ: Սա նոր երևան եկած հանգամանք չէ՞, սա անհայտ չէ՞ր: Ո՞նց կարելի է աչք փակել սրա վրա»,- նշեց Ենոքյանը՝ պատմելով, որ հենց երեկ լսել է, որ ԱՄՆ-ում 25 տարի դարձյալ ցմահ բանտարկված է արդարացվել նոր երևան եկած հանգամանքներով: «337-րդ դատապարտյալն է այնտեղ վերադառնում ազատություն: Նույնը Ֆրանսիայում, Իտալիայում, ամենուր, բացի Հայաստանից»:
Առաջին ատյանի դատարանի, ինչպես նաև Գլխավոր դատախազության մերժումների մեջ որպես հիմնավորում նշված է. «Ենոքյանի այն փաստարկները, որ 21-րդ դարում կատարվել է ժամանակակից գիտությանը համապատասխան նոր փորձաքննություն, իրենց համար խիստ կասկածելի են: Մերժման որոշումների մեջ նշված է նաև, որ չի կարելի թերագնահտել 1996-ին դատաբժիշկ Մակարյանի տված ցուցմունքը և առավելություն տալ 2014-ին Նիդերլանդներում կատարված դատաբժշկական փորձագետի տված եզրակացությանը»: «Սա աբսուրդի է հասնում, ներողություն, բայց Դուք ասում եք՝ մենք թքած ունենք, թե արտասահմանում ինչ են ասում, մեր 20 տարի առաջ տված ցուցմունքը ավելի արժանահավատ է»,- ասաց Ենոքյանը:
Դատապարտյալն անդրադարձավ նաև մի քանի այլ ցմահ դատապարտյալների գործերին՝ նշելով, որ նոր երևան եկած հանգամանքներով գործերի վերաբացումները դարձյալ մերժվում են՝ Արթուր Մկրտչյան, Սողոմոն Քոչարյան. «Ավելին՝ այսօր Սողոմոն Քոչարյանը ծանր հիվանդ է, բայց նիստ չեն գումարում, որ ազատեն, այսինքն՝ կամք չկա անդրադառնալու այդ գործերին»:
Ենոքյանը մեջբերեց Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, ըստ որի՝ գլխավոր դատախազության կողմից վարույթները հարուցվում են նոր երևան եկած հանգամանքների առկայությունը հաստատելու կամ հերքելու համար. «Բայց գլխավոր դատախազությունը առանց վարույթ հարուցելու մերժում է: Միգուցե վարույթ հարուցվի, օբյեկտիվ, լրիվ, ամբողջական քննություն անեք, մերժեք»,-ասաց դատապարտյալը:
Գլխավոր դատախազությունից դատախազ Լևոն Չարխիֆալաքյանը առարկեց՝ նշելով, որ ցանկացած դատապարտյալի կամ ցանկացած փաստաբանի դիմումը նոր երևան եկած հանգամանքներով վարույթ հարուցելու մասին չի կարող իմպերատիվ բնույթ կրել վարույթն իրականացնող մարմնի համար: Դատախազն ընդգծեց, որ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նոր երևան եկած հանգամանքները սահմանող 4 կետից գոնե մեկը պետք է առկա լինի, որ իրենք կարողանան ստուգել դրանք:
«Այսինքն՝ ցանկացած դիմում ինքնին նոր վարույթ իրականացնելու հիմք չի՞ հանդիսանում»,- դատախազին հարց ուղղեց դատավոր Սևակ Համբարձումյանը:
«Ո՛չ, չի կարող իմպերատիվ պահանջ լինել վարույթ հարուցելու մասին»,-ասաց դատախազ Լևոն Չարխիֆալաքյանը՝ պնդելով, որ առաջին ատյանի դատավճռում չկա դատավարական ու նյութական իրավունքի խախտում, ուստի խնդրեց մերժել Ենոքյանի բողոքը:
Դիմելով նախագահող դատավորին՝ 20-րդ տարին բանտում գտնվող Մհեր Ենոքյանն ասաց. «Ես գիտեմ, որ Դուք էլ եք մերժելու... մինչև նախագահականից չեն ասում, որոշում չի կայացվում: Դուք արդեն որոշումը կայացրել եք, որովհետև մենք դեռ չենք հասել այն մտածողության, որ ողջ մարդը կարող է անմեղ դատապարտված լինի: Դե՛, սպասե՛նք Սերժ Սարգսյանի որոշմանը»:
Իսկ ելույթն ամփոփելով՝ նա նշեց սահմանադրական դրույթը՝ կարծիքն ազատ արտահայտելու ու խոսքի ազատության մասին. «Հարգելի՛ դատարան, որպեսզի ես խղճիս առաջ հանգիստ լինեմ, պետք է ասեմ, որ Հայաստանի դատարաններին ամենևին չեմ հարգում, հիմնավորված ձևով չեմ հարգում, բոլոր այն դատավորներին, ովքեր մերժման որոշումներ են կայացնում՝ սկսած Զինավոր Ղուկասյանից, ով ինձ՝ 20 տարեկան Մհերիս, անարդար մահապատժի դատապարտեց: Ասում եմ՝ հարգելի դատարան, բայց չեմ հարգում, որովհետև 20 տարի ես անմեղ տառապում եմ»:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել