
Սամվել Ալեքսանյանը գործարար Սիլվա Համբարձումյանին «թույլ է տալիս» շաքարավազ ներկրել
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել է, թե ինքն էլ է շաքարավազի ներկրմամբ զբաղվում եւ 1 տոննան 488 դոլարով վաճառում է արաբական երկրներին: Ըստ Ս. Համբարձումյանի՝ եթե Հայաստանում մաքսավճարն էլ գումարվի ներկրվող շաքարավազին, ապա 1 կգ-ի արժեքը կլինի մոտ 60 ցենտ` մոտ 230 դրամ: Նա նաեւ ասել է, թե ոչ մեկին խորհուրդ չի տա օգտագործել Հայաստանի շաքարավազը, որովհետեւ առողջության համար շատ վտանգավոր է. Եւ հնարավոր է «շաքար հիվանդություն առաջացնի»:
«Հետքը» զրուցեց շաքարի ներկրման մենաշնորհ ունեցող գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ: Ստորեւ ներկայացնում ենք զրույցն ամբողջությամբ:
Բարեւ Ձեզ, պարոն Ալեքսանյան:
Ալեքսանյանը չի, ով ա՞:
Ես լրագրող եմ, ու Ձեր ձայնն էլ նման է պարոն Ալեքսանյանի ձայնին:
Ո՞ր թերթից ես:
«Հետք»:
Ցավդ տանեմ, Ալեքսանյանը չի, որ մի ժամից զանգես Ալեքսանյանը կվերցնի:
Ընդամենը մեկ հարց ունեմ:
Ախպերս, եթե կարենամ կպատասխանեմ, ասա՝ ի՞նչ ասեմ:
Այսօր գործարար Սիլվա Համբարձումյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստան ներկրվող շաքարավազը անորակ է ու թանկ, եւ ինքը կարող է 230 դրամով շաքարավազ ներկրել Հայաստան:
Ով ա ասե՞լ:
Հանքարդյունաբերության ոլորտում հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը:
Եթե կարա բերի, թող բերի, խի՞ չի բերում:
Իսկ շաքարավազի որակի մասով ի՞նչ կասեք:
Ցավդ տանեմ, ես չեմ իմանում՝ ինքն ինչ ա ասել, ինչ չի ասել: Եթե կարա ինքը բերի, թող բերի:
Իսկ Հայաստան ներկրվող շաքարավազը լա՞վ որակի է:
Մենք Հայաստան պատրաստի պեսոկ չենք ներկրում, մենք բերում ենք հումքը:
Այդ դեպքում ասեք, թե ի՞նչ որակի է Հայաստանում արտադրվող շաքարավազը:
Շատ նորմալ պեսոկ ա, կարող եք գնալ խանութներից գնեք, նայեք:
Իսկ այն գնով, որ այսօր շաքարավազը վաճառվում է, թանկ չի՞:
Դուք կարաք ուրիշ տեղերից էլ ճշտեք, ասենք` Վրաստանում ինչ արժի, ստեղ ինչ արժի:
Զրույցն ավարտելուց մոտ երկու րոպե անց հետ զանգեց Սամվել Ալեքսանյանը եւ հետաքրքրվեց, թե ո՞վ է Սիլվա Համբարձումյանը եւ կոնկրետ որտե՞ղ է նման հայտարարություններ արել: «Լավ, լավ, լավ, իմացա, թե ով ա Սիլվա Համբարձումյանը: Ասել ա, որ 230 դրամով պեսոկ կբերեմ հա՞: Լավ, եղավ»:
Հ. Գ. Նշենք, որ Սամվել Ալեքսանյանին զանգահարել էինք այլ հեռախոսահամարից, որպեսզի չխուսափի հեռախոսազանգին պատասխանելուց:
Մեկնաբանել