
ԼՂ-ն Հայաստանի մա՞ս, թե՞ անկախ պետություն. նախագահի առաջարկած դիլեման
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին հայտարարեց, որ երբ ասում է Հայաստան, նկատի ունի, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է:
Սարգսյանն այս հայտարարությունն արեց այն օրը, երբ հայտնի դարձավ Արցախում շփման գծից 5 կմ հեռավորության վրա հակառակորդի զինուժի կողմից կիրառված հրթիռային կայանքներով արկակոծման հետևանքով 4 հայ զինծառայողների զոհվելու և 16-ի վիրավորման մասին: Դրա նախորդ օրը երեք խաղաղ բնակիչ էլ զոհվել էր Տավուշի մարզի մի քանի սահմանամերձ գյուղերի գնդակոծման և հրետակոծման հետևանքով: Այս ֆոնին՝ մեծ հաշվով Սարգսյանի հայտարարության իմաստն այն էր, որ ոչ մի տարբերություն չկա` ադրբեջանական հրթիռներն ու արկերն ավերածություններ են անում Հայաստանի՞ տարածքում, թե՞ Լեռնային Ղարաբաղի: Երկու հայկական պետությունները գտնվում են միևնույն անվտանգության համակարգում, կազմում են մեկ ամբողջություն, որը կառավարվում է Հայաստանից, հետևաբար հակառակորդին պատասխանելու, պատժելու որոշումն էլ կայացվում ու կայացվելու է այդ կենտրոնից:
Մյուս կողմից, չի բացառվում` հայտարարությունն ուղղված էր միջազգային հանրությանը և իր մեջ թաքնված սպառնալիքներ էր պարունակում: Սերժ Սարգսյանը գուցե փորձում էր հասկացնել, որ Ադրբեջանի սանձարձակության և հրադադարի ռեժիմից դուրս գալու փաստի անտեսումը կարող է Հայաստանին ստիպել դիմելու ամենածայրահեղ քայլերին` ընդհուպ` ԼՂ-ն Հայաստանին միացնելու գործընթաց նախաձեռնելուն: Այս դեպքում նպատակը կարող էր լինել Բաքվին բանակցությունների սեղանին վերադարձնելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ճնշումներին հասնելը: Բայց այս ամենը զուտ ենթադրությունների դաշտից է:
Փաստն այն է, սակայն, որ նախագահն արել է մի հայտարարություն, որն ամբողջությամբ հակադրվում է թե Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցությունների տրամաբանությանը, թե, եթե ոչ վերջնարդյունքի, ապա դրան հասնելու մարտավարության իմաստով, հարցի կարգավորման Հայաստանի քաղաքական ուղեգծին:
Երևանը բազմիցս է հայտարարել, որ կողմ է այսօր բանակցությունների սեղանին դրված կարգավորման հիմնարար կամ շրջանակային 6-7 սկզբունքներին: Դրանց էությունը, հիշեցնենք, այն է, որ հայկական կողմը պատրաստ է տարածքներ զիջել` ԼՂ-ի միջանկյալ կամ ժամանակավոր, բայց միջազգայնորեն ճանաչվելիք կարգավիճակի դիմաց` այն պայմանով, որ հետագայում ԼՂ-ի վերջնական կարգավիճակը որոշվի բացառապես Արցախի բնակչության կողմից անցկացվելիք պլեբիսցիտի` այսպես կոչված համաժողովրդական հարցման կամ հանրաքվեի միջոցով: Այսինքն՝ Հայաստանը մինչև հիմա առաջնորդվել է ԼՂ-ի ինքնիշխանությունը, անկախությունը միջազգայնորեն լեգիտիմացնելու ուղեգծով:
Սերժ Սարգսյանը ավելի քան մեկ տարի առաջ հայտարարել էր, թե սխալ է կասկածի տակ առնել այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ պետություն է: «Այո, որոշակի և շատ հստակ նկատառումներից ելնելով՝ մենք չենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Եվ բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր փորձում են մինչև վերջ ճիշտ չհասկանալ Լեռնային Ղարաբաղի անկախ լինելու հանգամանքը և փորձում են այս թեման դարձնել քննարկումների առարկա, ոչնչով չեն օժանդակում, ընդհակառակը՝ խոչընդոտում են խնդրի լուծմանը և հավելյալ վտանգներ են առաջացնում Հայաստանի համար»,- ասել էր նա: Հարց է առաջանում. եթե ԼՂ-ի անկախ լինելու անհրաժեշտությունը, այս հարցը քննարկման առարկա դարձնելը վտանգներ է ստեղծում Հայաստանի համար, ապա ինչո՞ւ է հիմա հայտարարվում ուղիղ հակառակը, որ Արցախը Հայաստանի անբաժանելի մաս է, այլ ոչ թե անկախ պետություն:
Արդյոք կարելի՞ է ենթադրել, որ այդ վտանգն այլևս չկա, կամ որ կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումը կտրուկ փոփոխության է ենթարկվում` ինչ-որ նոր հանգամանքների բերումով: Գուցե նախագահի այս հայտարարությունը նշանակում է, որ իշխանությունն իսկապես որոշել է հրաժարվե՞լ մադրիդյան սկզբունքներից` գալով այն եզրակացության, որ բանակցությունները հենց այդ սկզբունքների վրա կառուցելու արդյունքում է խաղաղ կարգավորման հեռանկարը հայտնվել ճգնաժամում և պատերազմը չոքել դռանը: Այդ դեպքում առաջանում է առնվազն երկու հարց: Առաջին` եթե այդպես է` ինչո՞ւ գրեթե հենց այն ժամանակ, երբ նախագահը Երևանում հայտարարում էր Արցախի` Հայաստանի անբաժանելի մասը լինելու մասին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում շարունակում էր բանակցել հենց այդ սկզբունքների հիման վրա և դրանց շուրջ:
Երկրորդ` այս շրջափուլում ունի՞ Հայաստանը մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու, այսինքն՝ ներկայիս ողջ բանակցային պրոցեսը ջարդելու ներուժ, թե՞ ոչ: Ի վերջո, ակնհայտ է, որ դրան գնալու դեպքում հենց Հայաստանն է մեղադրվելու խնդիրը ռազմական լուծման դաշտ տեղափոխելու ձգտումների մեջ` դրանից բխող բոլոր հետևանքներով: Գուցե դա որևէ խնդիր չառաջացներ, եթե Հայաստանը, օրինակ, գոնե Ռուսաստանի նման գերտերություն լիներ: Բայց Հայաստանն այդպիսին չէ:
Հետևաբար, եթե նույնիսկ այս հարցում ինչ-որ հրաշքով քաղաքականություն է փոխվում, պետք է համոզված լինել, որ մինչև վերջ հաշվարկվել են դրա հետևանքները, որոնցից մեկը և, թերևս, ծանրագույնը կարող է լինել լայնածավալ պատերազմի վերսկսումը: Մինչդեռ անգամ հիմա, երբ Երևանը ԼՂ բանակցություններում դիրքային փոքր առավելություն ունի, որը նրան իր անհավասարակշիռ, անհաշվենկատ և ինքնամեկուսացման տանող քաղաքականությամբ շնորհել է Ադրբեջանը, Հայաստանում իրատեսորեն բավարավում են ընդամենը Ադրբեջանին իր սանձարձակ վարքագծի համար պատժիչ հարվածներ հասցնելու սպառնալիքներով և դրանց իրագործմամբ:
Այս իմաստով նախագահի հայտարարությունը պաշտոնապես մեկնաբանվելու անհրաժեշտություն է առաջացնում. ի վերջո, սա քաղաքականության և նպատակների փոփոխությո՞ւն է նշանակում, ի՞նչ կոնտեքստով է առհասարակ այն հնչեցվել: Խնդիրն այն է, որ անկախ նրանից` նման հայտարարություններն ինչպիսի իրավիճակում, հանգամանքներում են արվում, եթե դրանք հնչում են երկրի առաջին դեմքի, առավելևս առաջին բանակցողի կամ որ նույնն է` հիմնական որոշում կայացնողի մակարդակով, չեն կարող չքաղաքականացվել և չդիտարկվել հակամարտության կարգավորման ներկա իրողությունների և հեռանկարների պրիզմայով: Բոլորովին պատահական չէ, որ այդ հայտարարությունը հնչելուց անմիջապես հետո պաշտոնական Բաքուն սկսեց այն շահարկել` ներկայցնելով որպես Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից, իբր, օկուպացված լինելու ինքնախոստովանություն: Իր հերթին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարկ համարեց հիշեցնել, որ ԼՂ կարգավիճակի հարցը համակողմանի որոշումների բաղադրիչներից մեկն է, այսինքն թե` եթե շարունակում եք բանակցությունները, նման խոսակցություններն ավելորդ են:
Հետևաբար, պետք է հասկանալ` սա դիվանագիտական ինչ-որ հնարամտությա՞ն արգասիք էր, որի իմաստը դեռ չենք հասկանում: Թե՞ պարզապես հարցի կարգավորման դոկտրին, տեսլական, հստակ ռազմավարություն և մարտավարություն չունենալու, կարգավորման թելը կորցնելու կամ հերթական անգամ իրավիճակային լուծումներով կամ որոշումներով առաջնորդվելու նշան է: ԵՄ ասոցացման պրոցեսից մեկ գիշերվա ընթացքում դեպի ԵԱՏՄ շրջվելու որոշումից հետո երկրորդ անգամ կտրուկ շրջադարձերի պրակտիկային դիմելն արդեն կարող է շատ թանկ նստել Հայաստանի վրա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել