
Սիլվա Համբարձումյան. «Հայաստանում սարսափելի գին է եւ անորակ շաքարավազ»
Հայաստանում բիզնես միջավար կա՞: Հարցին ի պատասխան՝ հայտնի կին գործարար Սիլվա Համբարձումյանը, ով բիզնեսով է զբաղվում նաեւ արտերկրում, բացասական պատասխան տալուց բացի՝ խորհուրդ է տալիս նայել շաքարավազի միջազգային գները:
«Հայաստանում սարսափելի գին է եւ անորակ շաքարավազ, որը ոչ մեկին խորհուրդ չեմ տա օգտագործել, որովհետեւ առողջության համար շատ վտանգավոր է. շաքար հիվանդություն կառաջացնի»,- ասաց կին գործարարը: «Հետքը» նկատեց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հենց երեկ հայտարարեց, որ շաքարավազի ներկայիս ինվոյսային արժեքները համահունչ են միջազգային գների հետ:
«Ոչ, ես բերում եմ շաքարավազ 1 տոննան 488 դոլարով եւ ծախում եմ ամբողջ արաբական աշխարհին: Եթե (Հայաստանում) մաքս կա ինչ-որ 100 դոլար, թող ավելանա եւ կազմի 588-600 դոլար, որի պարագայում 1 կգ-ի արժեքը 60 ցենտից (մոտ 230 դրամ) էլ պակաս կկազմի»,- ասաց Սիլվա Համբարձումյանը:
Նա միաժամանակ նշեց, որ առաջինն ինքն է եղել, որ ժամանակին Հայաստան է ներկրել սպիրտ, ձու, ցորեն եւ շաքարավազ:
«Շաքարավազը որ գալիս էր, Սամվել Ալեքսանյանն (ԱԺ պատգամավոր, ներկայումս շաքարավազի միակ ներկրողը – հեղ.) ինձ մոտ չի մտել, խնդրել է, որ ես տամ ծախեն, փողը բերեն տան»,- մանրամասնում է գործարար կինը եւ հավելում, որ արդեն 10 տարի է՝ զբաղվում է գունավոր մետաղներով եւ նշյալ ապրանքների ներկրմամբ այլեւս չի զբաղվում:
Սիլվա Համբարձումյանը գնել է նաեւ Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի հացի գործարանները եւ նշում է, որ չնայած իր նկատմամբ կիրառվող ապօրինություններին՝ շարունակում եւ շարունակելու է ներդրումներ կատարել ոչ միայն հանքարդունաբերության, այլեւ սննդի ոլորտում: Ըստ նրա՝ մինչեւ դեկտեմբերի 20-ը Ավան համայնքում կբացվի հացի հսկայական գործարանը, եւ պատրաստվում է հացի գինը 30 տոկոսով իջեցնել:
«Ալրաղաց եմ դնելու, դրսից բելելու եմ եւ ցորեն, եւ շաքարավազ, տեսնեմ՝ ինձ ինչ է լինելու»,- ասում է նա եւ հստակեցնում, որ նշյալ ապրանքները ներկրելու է ոչ թե վաճառելու, այլ զուտ իր արտադրության համար:
Իսկ չե՞ք վախենում, որ այսօրվա հայտարարությունների պատճառով Հայաստանում կկորցենք Ձեր ամբողջ ունեցվածքը: «Հետքի» հարցին ի պատասխան՝ Սիլվա Համբարձումյանը նշեց. «Կարծում եմ՝ կլինի ժամանակավոր կորուստ, հետո ով էլ լինի (իշխանության), հետ կբերենք»:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել