
Հագվեցիները «Մուլտի գրուպ» կոնցեռնից պահանջում են հանրային քննարկում անցկացնել Հագվիում
«Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ն արդյունահանման նպատակով 2008-2012թթ. Մղարթ-Հագվի–Մեծձոր հանքային դաշտում կատարել է երկրաբանական ուսումնասիրություններ՝ ընդգրկելով Մղարթ, Հագվի, Մեծձոր և Հովնանաձոր տեղամասերը: Ընկերությունը պարզել է, որ նշված տեղամասերից հետագա ուսումնասիրման կարիք ունեն միայն Մղարթի և Հագվիի հանքավայրերը`իրենց հարակից մակերեսով: Հագվու հանքային տեղամասում 2015-2016թթ. կատարվելիք երկրաբանական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հանրային քննարկումը «Մուլտի գրուպ» կոնցեռնը Հագվիում անցկացնելու փոխարեն անց է կացրել Մղարթում:
Ըստ գյուղապետ Ա. Մայիլյանի՝ այդ քննարկումը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ, որին մասնակցել է միայն ինքը և Հագվի գյուղի բնակիչ Ռոբերտ Միքայելյանը, ով նախկինում աշխատել է ընկերությունում: Գյուղապետի ասելով՝ քննարկումների մասին հայտարարությունները գյուղում 2-3 տեղ փակցված են եղել: Հագվեցիները, սակայն, ցանկություն չեն հայտնել Մղարթ մեկնելու: «Հանրային քննարկում եղա՞վ, որպեսզի ժողովուրդը տեղյակ լինի, էլի հետազոտություններ անցկացնե՞ն, թե՞չէ: Չէ, էլ ուրիշ հագվեցի չի մասնակցել Մղարթում կայացած հանրային քննարկմանը»,- հայտնեց Հ. Մայիլյանը: Գյուղապետ Հ. Մայիլյանն էլ շտապել և առանց գյուղի բնակչության կարծիքը հարցնելու տվել է իր միանձնյա որոշումը`2015-2016թթ. Հագվու հանքային տեղամասում երկրաբանական ուսումնասիրությունները շարունակելու համար: Հ. Մայիլյանը մեզ տեղեկացրեց, որ «Մուլտի գրուպը» ինչպես իրեն, այնպես էլ Հագվիի բնակչությանն այդպես էլ չի տեղեկացրել Հագվիի պղինձ-ոսկու հանքաերևակման տեղամասում կատարած իր ուսումնասիրության արդյունքների մասին:
Ուսուցիչ Մերուժան Պեպանյանը կարևորեց Հագվիում հանրային քննարկումների անհրաժեշտությունը: «Ես տեղյակ չեմ նման քննարկման մասին, զրույցներ եմ լսել, որ հետախուզական աշխատանքներ եղել են, բայց մենք դրա արդյունքը չգիտենք: Նախ՝ պետք է գյուղի հասարակությանը ներկայացվի, թե հետախուզական աշխատանքների ի՞նչ արդյունքներ կան, ի՞նչ հանք է բացվելու, դա ինչքանո՞վ կվնասի մեր գյուղի էկոհամակարգին: Բնական աղբյուրներ կան, որ գյուղացիները օգտվում են, բոլոր դեպքերում պետք է հանրային քննարկում լինի: Էստեղ մի հարց հաստատ ա, որ մեր բնությունը կփչանա»,-ասաց Մերուժանը:
Հագվիի հանքային տեղամասը գտնվում է Հագվի գետակի ձախ ափին, Հագվի գյուղից 1,5կմ հյուսիս: «Հագվիի և Մղարթի հանքավայրերում կատարվելիք աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմամբ 2010-2012թթ. Հագվիում հայտնաբերվել է ոսկու հանքայնացում 2,28 գ/տ և արծաթի` 11,21 գ/տ միջին պարունակությամբ: «Կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանի ասելով՝ հանքայնացման նման ցուցանիշներով հանքաերևակման շահագործումը չի կարող շահավետ լինել ընկերության համար, դա ընդամենը կնշանակի ընդերքը թալանել: Շրջակա միջավայրի վրա ազդեցության նույն գնահատմամբ ընկերությունը հիշեցնում է, որ 1954-1961թթ. պաշարների և ռեսուրսների խորհրդային երկրաբանների նախնական գնահատմամբ Հագվիի հանքային տեղամասում հանքաքարը կազմում է 292 300տ, ոսկին՝ 1086կգ, արծաթը՝ 7468կգ: Մեզ հետ զրույցում գյուղապետ Հ. Մայիլյանը նաև վստահեցնում էր, թե այս պահին բոլոր հագվեցիները կողմ են հանքի շահագործմանը: «Դեռ տենց մարդ չի եղել, որ ինձ ասի՝ կողմ չեմ հանքի շահագործմանը»,-ասաց նա:
«Ես ասեմ՝ էդ հանքը մեր գեղին ինչ օգուտ կտա, ասեմ դրա գաղտնիքը: Սաղ տարածքը քարուքանդ կանեն, ընդերքի էլածը կտանեն, մեր արոտավայրերն ու մեր հանդերը կփչացնեն, մեր ջրերը կմուռտառեն, ամեն ինչ էլ կանեն: Ես հանքին դեմ եմ, բայց ինձ կհարցնե՞ն: Որ հարցնում ես գյուղում քննարկում ա եղել, գյուղին ո՞վ ա բանի տեղ դնում: Գնում են, գալի մեր գեղի գլխին պտտվում, ասում են` հանքը հարուստ ա: Հարուստ ա, թողեք ընդերքում մնա: Էլածը հանում են»,- դժգոհեց գյուղացի Սերոժ Վարոսյանը:
Սերոժ Վարոսյան |
Թե, այդուհանդերձ, ինչո՞ւ չի պահանջել Հագվիի մասով հանրային քննարկում անցկացնել հենց Հագվի գյուղում, գյուղապետ Հ. Մայիլյանը բացատրեց. «Հաջորդն, ուրեմն, խոստացան մեր գյուղում լինի, մի հատ էլ է լինելու»:
Հակոբ Մայիլյան |
«Հանքը «Բարդուտի» հանդամասի տարածքն է ընկնում: Էնտեղ Շեկ գադուկ կա, գալիս ա մեր գեղի ամբողջ վերևի տերիտորիան վեր է ունում, մինչև Սալուրդ սարը, հասնում ա մինչև «Չափրելաձորի» անտառը: Հանքավայրը, փաստորեն, հենց գյուղի գլխին ա: Գյուղի գլխին էդ ո՞նց են հանք բացում»,- ասաց հագվեցի Հակոբ Մայիլյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել