
Սիլվա Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետի գողության մասին
Հայաստանի ամենահայտնի կին գործարար Սիլվա Համբարձումյանն այսօրվա ասուլիսում մի քանի սենսացիոն հայտարարություններ արեց: Դրանցից մեկը վերաբերում էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, ավելի ստույգ՝ «մարզպետի կողմից կատարված գողությանը»:
Մեղրու Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու հանքավայրերը շահագործելու արտոնագիրը 1999 թ. տրվեց «Սիփան-1» ընկերությանը: 2005 թ. «Սիփան-1» ՍՊԸ-ն գնեց ավստրալական «Այբիրիան Ռիսորսիզ» ընկերությունը, որի բաժնետոմսերի 86,21 տոկոսն ավելի ուշ ձեռք բերեց ավստրալական մեկ այլ ընկերություն` «Թամայա Ռիսորսիզը»: 2008-ի սեպտեմբերին «Թամայան» որոշեց Հայաստանում այլեւս լրացուցիչ ռեսուրսներ չներդնել: Ավստրալացիները հայտարարեցին սպասվածից ցածր պաշարների մասին, եւ որոշ ժամանակ անց «Սիփան-1»-ը գնեց հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը:
Պաշտոնական տվյալներով՝ միայն Լիճվքվազ-Թեյի հանքավայրում ոսկու պաշարը 17 տոննա է, սակայն Սիլվա Համբարձումյանը նշում է, թե իրականում պաշարներն ավելի շատ են, եւ ավստրալացիների հեռանալը պաշարների հետ ամենեւին կապ չուներ:
«Ավստրալացիները փախան, քանի որ նրանց շատ վախեցրել էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, թե դուք պետք է թողնեք գնաք, այս հանքը պետք է մնա ինձ: Եվ նրանք վախից ամեն ինչ վաճառել էին»,- ասում է գործարար կինը: Նա նշում է, որ դրանից հետո Սյունիքի մարզպետը Լիճվքվազ-Թեյի հանքավայրից գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում, եւ այն հենց այս պահին գտնվում է Սուրեն Խաչատրյանին պատկանող «Գեղվա ձոր» հանքավայրում:
«Ոստիկանությանը դիմել ենք, քննիչն արդեն սարքավորման տեղափոխման սանկցիան տվել է, բայց ո՞վ կարող է մտնել այնտեղ: Քննիչն արգելանք է դրել, բայց նա իրավունք ունի դա հետ բերելու, սակայն ուժը չի պատում»,- ասում է Սիլվա Համբարձումյանը եւ հավելում, որ թեեւ դիմել է նաեւ հանրապետության դատախազին, բայց արդեն 2 տարի է՝ հարցին լուծում չեն տալիս:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել