
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած բանաձևը
Երեկ` սեպտեմբերի 11-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի 103-րդ լիագումար նիստում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» խորագրով բանաձև:
Արտաքին գորերի նախարարությունը հայտնում է, որ նախաձեռնությունը բխում է այս տարվա մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի դրույթներից:
«Մենք հավատացած ենք, որ միջազգային օրը կարևոր հարթակ կհանդիսանա զոհերի հիշատակման միջոցով` ապագայում այդ ոճրագործության կանխարգելման համար», - ասել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը։
Բանաձևով միջազգային օր է հռչակվում դեկտեմբերի 9-ը` 1948թ. Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրը։
լուսանկարը` ՄԱԿ-ի պաշտոնական կայքից
Մեկնաբանել