
«Ծաղկաշատի 98 տոկոսը դեմ է հանքին»,- ասում է գյուղապետը
«Ծաղկաշատ–Ախետքի» պղինձ-մոլիբդենային հանքային դաշտի տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն կատարելու «Թեղուտ» ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանի գրավոր առաջարկությունը Ծաղկաշատում խուճապ է առաջացրել: Ծաղկաշատn ունի 271 բնակիչ ունի:
«Ծաղկաշատում հանք բացելը շատ վտանգավոր ա: Ծաղկաշատցիք հանք բացելուն դեմ են: Բաց հանք է լինելու, ոնց կարող են գյուղացիները համաձայն լինել: Մեզ աշխատատեղ պետք չի էս սարի ծերին: Էսօր գնում են Թեղուտ աշխատում, գալի, մարդը 12 ժամ տանից դուրս եկած է: Իրա տունը հյուրանոցի նման է: Գալիս է քնում ու առավոտը ծեգին էլի գնում:Մեր անտառը մալինեն տալիս է, մոշը տալիս է, մասուրը տալիս է, սունկ է տալիս: Մարտ ամսից սկսած մինչև նոյեմբերի վերջը անտառով, բացի անասնապահությունն ու հողագործությունը, լիարժեք մեր գյուղացիները ապրում են: Մեզ ոչ մի անգամ էդ հանքարդյունաբերությունը ձեռք չի տալիս»,-ասում է գյուղապետ Հրաչիկ Պարանյանը:
Վերջինս հպարտությամբ ասում է, որ Ծաղկաշատը տարածաշրջանի այն եզակի համայնքներից է, որ էկոլոգիապես մաքուր սնունդ է ստանում: «Մեր լեռնային աղբյուրների անկրկնելի ջրերը պետք չէ կեղտոտել: Հանքային ջրեր ունենք: Մեր չնաշխարհիկ բնության մեջ աշխատատեղեր կարելի է ստեղծել միայն հանգստի գոտիներ ստեղծելով: Ծաղկաշատում «Մաուգլի» հանգստյան գոտի ունենք, որ մարդիկ ամռանը գալիս են`տեղ չի լինում: Հանգստացողները նույնիսկ համաձայնում են վրաններում մնալ: Էդ մարդիկ, բնությունից հիացած, օգտվում են մեր էկոլոգիապես մաքուր սննդից: Էն որ ասում են համայնքապետը հանքի բացման համաձայնություն է տվել, դա եղել է ընդամենը մեր տարածքով երկրաբանների քայլելու համար»,- բացատրեց Հ.Պարանյանը:
Գյուղապետի ասելով՝ եթե գյուղում հանք բացեն, դա կնշանակի գյուղը հանեն իր տեղից: Հրաչիկ Պարանյանը նաև հիշեցնում է, որ ինքը որպես գյուղապետ համայնքի բնակիչների կողմից ընտրվող մարդ է և պետք չէ իր անունի հետ խաղալ։ «Ես Վալերի Ջանիբեկիչի հետ անձամբ կհանդիպեմ, ինքն այս գյուղացի է, գյուղի համար արած բաներ շատ ունի, մենք չենք ուրանում, միշտ մեզ լավ ընդունել է: Ինձ թվում է՝ էս հարցի առաջը պետք է փակվի, գյուղի 98 տոկոսը դեմ է հանքին»,- հայտնեց գյուղապետը:
Հ. Պարանյանը նաև հիշեց, որ Վալերի Մեջլումյանը մի քանի տարի առաջ գյուղում ասել է, թե Ծաղկաշատում այնքան բնական, այնքան տաք ու սառը ջրեր ունեն, որ տուրիզմով ինքը գյուղը կապահովի:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել