
«Որ ծառը աչքներն ուտում ա, կտրում են». Ծաղկաշատի բնակիչ
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի» անտառտնտեսության 2015թ.-ի 1220 խ.մ. բնափայտի մթերման պլանից Ծաղկաշատի անտառապետությունում նախատեսված է 243 խ.մ. բնափայտի մթերում, Շնողի անտառապետությունում կմթերվի 544 խ.մ. բնափայտ, Շամլուղի անտառապետությունում` 228խ.մ. և Սանահինի անտառապետությունում` 205խ.մ. բնափայտ»,- հայտնեց «Լալվար» անտառտնտեսության ավագ անտառապետ Արտեմ Անթանեսյանը:
Գլխավոր անտառապետի ասելով` բնափայտի մթերումը սկսվել է հուլիսի վերջերից: Ծաղկաշատում կա մեկ հատատեղ` այն էլ Աջիր հանդամասում:
Սեպտեմբերի 5-ին առաջին հսկա փայտակույտերին հանդիպեցիք Ծաղկաշատ բարձրացող ճանապարհաեզրից դեպի Աջիր հանդամաս գնացող ճանապարհի 200 մետրի վրա: Այն թափված էր ճանապարհի տակ` աչքի համար անտեսանելի վայրում: Թաքնված փայտը չէր խոսում օրինական լինելու մասին:
Ծաղկաշատ բարձրանալիս ճանապարհին հարող տանձուտում հանդիպեցինք վայրի տանձ հավաքող ծաղկաշատցի Զավեն Փիրուզյանին. «Երևանից ջոջերն են ասում, որ անտառը կտրեն: Բարձում են տանում: Ծմակը լիքը փետ ա, էլի: Ամեն տեղ էլ կտրում են` էդ Կիրակոսի ղաշումը, Ուրանաց թալումը, Աջիր: Սաղ ծմակներում էլ թափած փետը շատ ա: Քո մաշինեն չի գնա էդ ծմակները: Գեղի ծերին են ավտոները բարձում, որ պավարոտ ա անում գեղի վրա, հենց էդտեղ է»,- ծմակում ապրող մարդու միամտությամբ բացատրեց Զավենը:
Ծաղկաշատ գնացող ճանապարհը անանցանելի էր, տաքսին հևալով մի կերպ բարձրանում էր: Վարորդը հիշեց, որ Ծաղկաշատը հանրահայտ հանքարդյունաբերող Վալերի Մեջլումյանի ծննդավայրն է: «Մի քանի կիլոմետր ճանապարհն ինչ է, որ չի ասֆալտում»,- քթի տակ դժգոհեց նա:
Մի կերպ հասանք Զավենի ասած գյուղի ծայրը: Երբ լուսանկարում էի թափված հսկա փայտակույտերը, ականջիս հասավ գյուղի բարձրունքից իջնող բեռնատարի հևոցը: Կանգնածս տեղից երևաց գյուղի գլխի անտառներից դուրս եկած փայտով բերնեբերան լիքը մի ավտոմեքենա: Գնացինք բեռնատարին ընդառաջ:
Զավենը սխալ չէր հայտնել, գյուղամիջում ասացին, որ բեռնատարը Ծաղկաշատի Կիրակոսի ղաշիցն է փայտը տեղափոխում: Դեմ առ դեմ դուրս եկած բեռնատարը նկարելիս վարորդն ու ավտոմեքենայի առաջնամասում կանգնած երիտասարդը պահանջեցին չնկարել: Ավտոմեքենան բեռնաթափվեց գյուղի ծայրի փայտակույտերի մոտ: «Էս փետը կենտրոնական մայրուղով չի՞ բեռնատարներով տեղափոխվում: Սաղ էլ տեղյակ են: Խոսողը գեշամարդ է դառնում: Մեր անտառում թափուկ չկա, փայտանյութն էլ օրենքով թափուկից են պատրասելու»,- բացատրեց գյուղամիջում կանգնած միջահասակ մի ծաղկաշատցի:
«Նախկինում գյուղից 15կմ հեռու թափուկից ու ձյունից տապալված ծառերից է կատարվել փայտանյութի պատրաստումը, կամ սանիտարական հատում է եղել` փայտի մթերման համար: Հիմա մեր անտառներում թափուկ չկա, որ ծառը աչքներն ուտում ա, կտրում են»,- դժգոհեց գյուղի տարեցներից մեկը: Ծաղկաշատի գյուղամիջյան հրապարակին հարող սեփական տներից մեկի մոտ թափված մեծ փայտակույտը թափուկ լինելու մասին չէր խոսում: «Որպես ծաղկաշատցի ասեմ, որ առաջներում շատ բողոք է եղել, որ փայտը տեղափոխում են, ծառը անօրինական կարգով կտրում են, հիմա իմ նկատելով նորից են սկսել փայտի կուտակումները»,- հայտնեց ծաղկաշատցի Մարտին Մակինյանը:
Սեպտեմբերի 5-ին Ծաղկաշատում մասսայական ապօրինի անտառահատումներ էին կատարվում:
Մեկնաբանել