
Կ. Հակոբյան. «Արցախի չճանաչված լինելը բացասաբար է ազդում արտադրանքի արտահանման վրա»
«Արցախֆրուտ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2008 թ., գործարանի շինարարությանը զուգահեռ արտադրվում էին մի քանի ապրանքատեսակներ:
Ներկա դրությամբ ընկերությունն արտադրում է 30 ապրանքատեսակ` բանջարեղենային պահածոներ, մարինադներ, մուրաբաներ, ջեմեր, օշարակներ: Ըստ գործարանի արտադրամասի պետ Կարինե Հակոբյանի` հումքի առումով նախապատվությունը տալիս են տեղի ֆերմերների ու գյուղացիների արտադրանքին:
«Տեղի հումքը չի բավարարում մեր պահանջարկը, եւ ամեն տարի ստիպված ենք լինում Հայաստանից ներկրել այնպիսի հումք, որ մեր պայմաններում կամ չի աճում, կամ էլ անհրաժեշտ քանակություն չեն ապահովում»,- ասում է տիկին Հակոբյանը: Գործարանում այսօր աշխատում է 140 մարդ, որից մոտ 90-ը` արտադրամասում: Արտադրամասի պետի խոսքով` գործարանում աշխատուժի պակաս կա, տարեցտարի դժվարանում է բանվորների անհրաժեշտ թիվ ապահովելը: Տիկին Հակոբյանը տարակուսում է` կարծես Արցախում աշխատատեղերն այնքան էլ շատ չեն, հանրության մեծ մասը հարուստ չի, բայց աշխատել էլ չի ուզում:
«Միգուցե, որ աշխատանքը սեզոնային է, դրա համար, բայց ավելի լավ չէ՞ 8 ամիս բարձր աշխատավարձով աշխատել, քան 12 ամիս տանը պարապ նստել: Պատճառներից մեկը, թերեւս, մեր մոտ ընդունված այն կարգն է, որ կինը տանը նստի ու հոգա ընտանիքի հոգսերը, իսկ կանանց մի մասն էլ չի կարողանում աշխատանքային գրաֆիկին հարմարվել: Սեզոնային ամիսներին գործարանը պատվերները ժամանակին կատարելու համար երեք հերթով է աշխատում, չնայած աշխատողներին հնարավորություն տալիս ենք ցանկացած հերթ ընտրելու»,- ասում է նա:
Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա այն սահմանվում է ըստ կատարած աշխատանքի, ավելի ճիշտ` ըստ տարաների թվի (մեկ տարան գնահատվում է 60 դրամ): Կանանց համար մեկ ամսում 208 աշխատանքային ժամը գնահատվում է 60-80 հազար դրամ, իսկ տղամարդկանց նույն աշխատանքային ժամի համար վճարվում է 120 հազար դրամ:
«Տղամարդկանց դեպքում դա ավելի հստակ է, քանի որ նրանց աշխատանքը, ի տարբերություն կանանց աշխատանքի, հստակեցված է»,- բացատրում է Կ. Հակոբյանը: Վերջին ամիսներին շուկայում որոշ ապրանքատեսակների սակագների բարձրացումը ազդել է նաեւ հումքի սակագների վրա:
Ի տարբերություն բանջարեղենի սակագնի չնչին բարձրացման, հատապտուղների սակագները նկատելիորեն աճել են: Զրուցակիցս վստահեցնում է, որ եթե անցած տարի 1 կգ մոշը կարելի էր գնել 200-250 դրամով, այս տարի չկարողացան անգամ 400-500 դրամով անհրաժեշտ քանակն ապահովել:
Հումքի թանկացմանը զուգահեռ, բարձրացել են նաեւ մի շարք օժանդակ նյութերի` ձեթ, քացախաթթու, աղ, տոմատի մածուկ, շաքարավազի սակագները: «Սակագների տատանումները, բնականաբար, կազդեն նաեւ պատրաստի արտադրանքի գնի վրա: Կախված արտադրանքից` սակագները կբարձրանան մոտ 15-20%-ով»,- ասում է Կ. Հակոբյանը:
«Արցախֆրուտի» արտադրանքն արտահանվում է Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Ուկրաինա, Դուբայ եւ Հունգարիա: Արտահանվող արտադրանքի ծավալներից ելնելով` առաջին տեղում Ռուսաստանն է: Կ. Հակոբյանն ասում է, որ գնալով պատվիրատուները շատանում են, բայց քանի որ չեն հասցնում քանակ ապահովել, հիմնականում աշխատում են մշտական հաճախորդների հետ:
Տիկին Հակոբյանը վստահեցնում է, որ որակական չափանիշները համապատասխանում են միջազգային չափանիշներին: Գործարանն ունի ISO (Ստանդարտացման միջազգային կազմակերպություն) միջազգային սերտիֆիկատ: «Արցախֆրուտ»-ը պարբերաբար մասնակցում է ցուցահանդեսների Երեւանում, Մոսկվայում եւ Դուբայում: Հարցին` խանգարո՞ւմ է, արդյոք, Արցախի չճանաչված լինելն արտադրանքի` միջազգային շուկայում սպառմանը, Կ. Հակոբյանն ասաց, որ նման խոչընդոտ ծագել է Ուկրաինայի պատվիրատուների պարագայում: «Քանի որ պիտակների վրա գրված էր հասցեն` Արցախ, դա խոսակցության առիթ դարձավ, բայց հետո հաջողվեց լուծել այդ խնդիրը: Ադրբեջանական թերթերում ակտիվորեն քննարկվեց` իբրեւ մենք իրավունք չունենք չճանաչված լինելով` արտերկրում հանդես գալ սեփական արտադրանքով: Այս իրարանցումը մեզ վնասեց, իհարկե»,- ասում է զրուցակիցս` հավելելով, որ մի շարք պետություներ, «գլուխ չցավեցնելու համար», ելնելով քաղաքական դատողություններից` հրաժարվում են իրենց հետ համագործակցել:
Մեկնաբանել