
Սեպտեմբերից «Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա կսկսեն՝ պահանջելով գործարանի վերագործարկում
Լիլիթ Թադևոսյան
Սեպտեմբերի կեսերից «Նաիրիտի» նախկին աշխատակիցները դարձյալ բողոքի ակցիաներ կանցկացնեն, բայց այս անգամ՝ արդեն գործարանի վերագործարկման պահանջով: Այդ մասին «Հետքի» հետ զրույցում ասաց «Նաիրիտի» նախկին աշխատակիցների բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը:
«Օգոստոսի 14-ին մեզ ուղարկել էին մի պայմանագիր-պահանջագիր, որը պետք է ստորագրեինք և նշել էին, որ եթե դա ստորագրեք, ապա մի քանի օրվա մեջ կստանաք ձեր աշխատավարձերը, չեք ստորագրի՝ գնացեք դատարանի դռներն ընկեք, ինչ ուզում եք արեք: Պահանջագիրը մեզ համար անհասկանալի էր, և մենք փաստաբանին ցույց տվեցինք, վերջինս էլ ասաց, որ սա շանտաժ է այն մասով, որ նրանք մեզ երկընտրանք չէին թողնում, մեզ տուպիկի առաջ էին կանգնեցնում և վերջ: Փաստաբանի հետ խոսելուց հետո անհանգստանալով՝ ես մի քանի հոգու կարողացա զգուշացնել, որ վաղը գնում եմ ՄԻՊ-ի մոտ, եթե ցանկություն ունեք, միացեք: Եվ մոտ 22 հոգով գնացինք այնտեղ: Սակայն այնտեղ մեզ ասացին, որ իրավախախտում տեղի չի ունեցել և մեզ ոչնչով չեն կարող օգնել, որից հետո մենք գրավոր դիմեցինք Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, և այդ մի քանի կետերի հետ կապված պարզաբանում խնդրեցինք»,- ասաց Կարինե Շահվերդյանը: Ու թեև նախարարությունից համապատասխան տասնօրյա ժամկետում պատասխան չեն ստացել, այնումենայնիվ, «Նաիրիտի» աշխատակիցները ստորագրել են այդ պայմանագիրը:
«Մեր աշխատավարձերը տվել են, մոտ քսան հոգի ընդամենը չի ստացել աշխատավարձ, քանի որ չեն ստորագրել այդ պայմանագիրը, որոնց մեջ մտնում են մի քանի դատական վճիռ ունեցող մարդիկ, նրանք ուղղակի չեն ուզեցել ստորագրել և ուզում են իրենց տույժ-տուգանքները միաժամանակ ստանալ: Մայր գումարը տվել են, իսկ տոկոսների հետ կապված՝ մենք պայմանագիր ենք ստորագրել, որ մենք տույժ տուգանքներն ամբողջությամբ զիջում ենք «Նաիրիտ 2»-ին, իսկ իմ անհանգստությունը հենց դա էր, որ ինչո՞ւ «Նաիրիտ 2»-ին, այլ ոչ մեր գործարանին»,- ասաց Կարինե Շահվերդյանը:
Նա նշեց, որ իրենք սեպտեմբերին դեռ պայքար ունեն ու իրենց ամենակարևոր պայքարը «Նաիրիտի» վերագործարկումն է: Վերջինիս խոսքերով՝ աշխատավարձերի խնդիրը իրենց համար նույնպես կարևոր է, բայց իրենք պատրաստ են իրենց տոկոսներից հրաժարվել հանուն իրենց գործարանի, ոչ թե ինչ-որ «Նաիրիտ 2»-ի փոխանցելու:
Մեկնաբանել