
Էդվարդ Նալբանդյանն ու Տիկահիտո Հարադան շնորհակալ են
Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Տիկահիտո Հարադային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ վերջին տարիներին նոր թափ ստացած բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը:
«Անցյալ տարի Տոկիոյում ՀՀ դեսպանության հիմնումը վկայում է Ճապոնիայի հետ համակողմանի համագործակցության զարգացմանը մեր կողմից տրվող կարևորության մասին»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:
Դեսպան Հարադան վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Նա նաև իր երկրի կառավարության անունից երախտագիտություն հայտնեց մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ Հայաստանից ստացված ցավակցությունների և բնական աղետի հետևանքների վերացման համար ցուցաբերած օժանդակության համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց բարձրաստիճան այցելություններ կազմակերպելու, առևտրատնտեսական և մշակութային համագործակցությունը խթանելու և ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորություններին:
Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց անկախությունից ի վեր Հայաստանի տնտեսության զարգացմանը Ճապոնիայի կողմից ցուցաբերվող աջակցության համար:
Զրուցակիցները քննարկեցին միջազգային և տարածաշրջանային հարցեր: Հյուրի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Մեկնաբանել