
«Նաիրիտի» լուծարումն անընդունելի է Հայաստանի Կառավարության ու նաիրիտցիների համար
Հայաստանի Կառավարությունն, ի վերջո, որոշեց ազատվել «Նաիրիտ» ՓԲԸ-ի աշխատողներից. ընկերության 2200 աշխատողների աշխատավարձի պարտքի հիմնական մասը վճարվել է։ «Նաիրիտ» ՓԲԸ-ն 2010 թ.-ից սկսած որեւէ արտադրանք չի թողարկել եւ այդ թվականից սկսած` պարտքը կայուն կերպով աճել է: Ընկերությունը 2200 հոգանոց անձնակազմին աշխատավարձ վճարելու եւ հիմնական պահպանության որոշ ծախսերի համար Երեւանի ՋԷԿ-ից մոտ 16 մլրդ ՀՀ դրամ (33 մլն ԱՄՆ դոլար) փոխառություն էր վերցրել:
Ամիսներ առաջ ընկերության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտնել էր, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտքը կազմում է մոտ 102 մլրդ դրամ: Ընկերության պարտքերի ամենամեծ հոդվածներն են՝ աշխատավարձերը՝ 6 մլրդ դրամ, Երեւանի ՋԷԿ-ից ստացված էներգիան (գոլորշի)՝ 20 մլրդ դրամ, վարկային պարտավորություններ՝ 63 մլրդ դրամ, բյուջետային պարտք՝ 8,5 մլրդ դրամ, 1,4 մլրդ պարտք են «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, 1,2 մլրդ դրամ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը:
Հայաստանի Կառավարությունը 2006 թ. օգոստոսի 18-ի թիվ 1131-Ա որոշումով «Նաիրիտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 90%-ը 40 մլն դոլարով վաճառել էր Rhinoville Property Limited-ին, իսկ բաժնետոմսերի 10%-ը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Ընկերության սեփականատերը 2010 թ. հեռացել է՝ ընկերությունը ծանրաբեռնելով 90 մլրդ ՀՀ դրամ (188 մլն ԱՄՆ դոլար) պարտքով, որի մեջ մտնում է ԱՊՀ Միջպետական բանկին ունեցած 51 մլրդ ՀՀ դրամ (108 մլն ԱՄՆ դոլար) պարտքը: Ընթերցողներին հիշեցնենք, որ Rhinoville Property Limited-ը 70 մլն դոլար վարկ էր վերցրել Միջպետական բանկից, որպեսզի գներ «Նաիրիտ գործարանի» 90% բաժնետոմսերը եւ ներդրումներ կատարեր գործարանում: Rhinoville Property Limited-ը վարկի դիմաց Միջպետական բանկում գրավադրել է գործարանի բաժնետոմսերը:
«Նաիրիտ» ՓԲԸ-ի ունեցած ամենախոշոր կրեդիտորական պարտքերը
Տարրեր |
Գումարը, մլրդՀՀդրամ |
Աշխատավարձ |
8.9 |
Էներգիայի դիմաց եւ այլ կրեդիտորական պարտքեր |
8.7 |
Հարկեր |
5.6 |
Այլ (չբացահայտված ֆինանսական հաշվետվություններում) |
7.6 |
Ընդամենը |
31 |
Կառավարության պատվերով Համաշխարհային բանկը (ՀԲ) աուդիտ է իրականացրել «Նաիրիտ»-ում եւ կատարված վերլուծության համաձայն՝ «Նաիրիտի» ակտիվները բավարար չեն նրա պարտավորությունները մարելու համար: Ակտիվների հաշվեկշռային արժեքը, ըստ ՀԲ-ի, վարկերի եւ կրեդիտորական պարտքերի մնացորդների 50%-ից ցածր է:
«Նաիրիտը» որոշ ակտիվներ ունի, սակայն դրանց շուկայական արժեքը հայտնի չէ: Հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը կազմում է 57 մլրդ ՀՀ դրամ (119 մլն ԱՄՆ դոլար), որը էականորեն ցածր է 90 մլրդ (188 մլն ԱՄՆ դոլար) ՀՀ դրամ ընդհանուր պարտքի գումարից: Հիմնական միջոցների զգալի մասը նշանակալի մաշվածություն ունի, որը դեռ արտացոլված չէ ֆինանսական հաշվետվություններում, քանի որ վերջին ժամանակաշրջանում ակտիվների վերագնահատում չի կատարվել»,- ասվում է հետազոտության մեջ:
«Նաիրիտ-2» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Հակոբյանը «Հետքին» հայտել էր, որ աշխատավարձերի պարտքն ամբողջությամբ կմարվի ընկերության գույքի վաճառքից ստացված եկամուտով: Արդեն հայտնի է, որ նաիրիտցիների աշխատավարձի վճարումը կատարվում է «Որոտան կասկադի» վաճառքից ստացված գումարներից:
«Նաիրիտ» գործարանի պարտավորությունների մեջ է մտնում ԱՊՀ Միջպետական բանկի չմարված, պետական երաշխիքով ապահովված վարկը: ՀԲ վերլուծաբանները Կառավարությանն առաջարկել են կրեդիտորների հետ բանակցությունների ճանապարհով լուծել այն պարտքերի հարցերը, որոնք, ամենայն հավանականությամբ, հնարավոր չի լինի մարել ակտիվների վաճառքի միջոցով: Կա դատական որոշում, ըստ որի`«Նաիրիտը» պարտավոր է ԱՊՀ Միջպետական բանկին վճարել 51 մլրդ ՀՀ դրամ (108 մլն ԱՄՆ դոլար), ներառյալ` տոկոսներն ու տուգանքները:
Հուլիսի 2-ին Կառավարությունը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին հանձնարարել է առաջարկել Միջպետական բանկին՝ «Ռայնոլիվ փրոփերթի Լիմիտեդ» ընկերությանը եւ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին տրամադրված վարկերի պահանջի իրավունքները զիջել: Նպատակը՝ Միջպետական բանկում գրավադրված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը եւ անշարժ գույքը գրավից ազատելը եւ տրամադրված վարկերի պահանջի իրավունքների զիջումն է:
ՀԲ-ի վերլուծաբանները պնդում են, որ եթե այս վիճակին լուծում չտրվի, ապա «Նաիրիտը» կշարունակի ծանր բեռ մնալ էլեկտրաէներգետիկայի պետական ընկերությունների համար` տարեկան շուրջ 2-3 մլրդ ՀՀ դրամի չափով (4-6 մլն ԱՄՆ դոլար) աշխատավարձերի վճարման եւ գործարանի պահպանության համար: «Տեխնիկական եւ ֆինանսական նկատառումներից բխում է, որ Կառավարությունը պետք է դիտարկի գործարանի լուծարման ծրագիր մշակելու եւ իրականացնելու խնդիրը»,- խորհուրդ է տալիս ՀԲ-ն:
Այդուհանդերձ, ընկերությունը չի կարող ազատել բոլոր աշխատակիցներին, անվտանգության պահանջներից ելնելով տնտեսական այս հսկայի պահպանության համար 500-ից ավելի աշխատողներ կմնան:
Ըստ ՀԲ-ի վերլուծաբանների՝ լուծարման ծրագիրը պետք է ներառի հետեւյալ հիմնական քայլերը.
- Իրականացնել գույքագրում եւ գնահատել ակտիվների շուկայական արժեքը: «Նաիրիտը» պետք է վարձի անկախ գնահատող ակտիվների շուկայական արժեքը գնահատելու համար, որով դրանք կարող են վաճառվել աշխատողների, պետական բյուջեի եւ այլ կրեդիտորների նկատմամբ ունեցած պարտավորություններն ըստ դրանց առաջնահերթության մարելու նպատակով:
- Մշակել եւ իրականացնել սոցիալական ազդեցության մեղմման ծրագիր: Կառավարությունը պետք է ապահովի, որ կրճատված աշխատողներին վճարվի ազատման նպաստ, եւ գործող սոցիալական ապահովության համակարգը տրամադրի աշխատանքի տեղավորման պարտադիր աջակցություն այդ մարդկանց:
- Իրականացնել գործարանի մանրամասն բնապահպանական գնահատում: Կառավարությունը պետք է պատվիրի գործարանի ժառանգություն թողած բնապահպանական խնդիրների խորը գնահատում` դրանք վերացնելու եւ գործարանը շրջակա միջավայրի համար անվտանգ կերպով շահագործումից հանելու նպատակով:
- Իրականացնել լուծարման ծրագիր, ներառյալ` բնապահպանական մաքրում: Կառավարությունը պետք է ռեսուրսներ հատկացնի գործարանը կարգավորված կերպով շահագործումից հանելու, ինչպես նաեւ ժառանգություն մնացած բնապահպանական խնդիրները լուծելու համար:
Սակայն, ոչ միայն Կառավարության, այլեւ նաիրիտցիների համար անընդունելի է երբեմնի տնտեսական հսկայի լուծարման գաղափարը: Կառավարությունը հայտարարում է, որ կշարունակի ներդրողներ փնտրել «Նաիրտը» գործարկելու համար, իսկ աշխատակիցները գործարանի վերագործարկում են պահանջում: Վերջիններս պնդում են, թե մասնագետների հաշվարկով՝ գործարանն աշխատեցնելու համար ընդամենը 50-55 մլն դոլարի ներդրում է անհրաժեշտ: Նրանց ասելով՝ երեք տարվա մեջ ներդրողն իր գումարը ետ կստանա, 4-րդ տարում կունենա եկամուտ:
Մեկնաբանել