
ՌՈ պետը ցինիկաբար ստում է, ահազանգած զինվորին ճնշում են
«Չենք լռելու»-ի և պաշտպանության նախարարության համագործակցությունը Վլադիմիր Գասպարյանի հրաժարականից հետո
Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի` ոստիկանապետ նշանակվելուց հետո «Չենք լռելու»-ի և պաշտպանության նախարարության` բանակում առկա արատավոր երևույթների վերացմանն ուղղված համագործակցությունը լուրջ վտանգի առջև է կանգնել:
Պաշտպանական գերատեսչության որոշ պաշտոնյաներ Վ. Գասպարյանի հեռանալուց հետո սկսել են անտեսել նախաձեռնության մտահոգությունները` ակնհայտորեն թերագնահատելով «Չենք լռելու»-ի վճռականության աստիճանն ու հնարավորությունները:
Մասնավորապես, շաբաթ առավոտյան «Չենք լռելու»-ն հավաստի տեղեկություն ստացավ այն մասին, որ իր թեժ գծին նոյեմբերի 2-ին ահազանգած զինվոր Հովհաննես Եսայանը ուրբաթ օրը բերվել է Երևան: Ըստ ստացված տեղեկության՝ զինվորի հանդեպ ճնշում է կիրառվել. նրան ստիպել են հրաժարվել օրեր առաջ հնչեցրած մեղադրանքներից: Այդ մասին շաբաթ ցերեկ հրապարակումներ եղան նաև մի շարք կայքերում:
Հիշեցնենք, որ հեռախոսազրույցի ձայնագրությունը զինվորի խնդրանքով տեղադրվել էր YouTube-ում:
Զինվորի հանդեպ կիրառվող ճնշումների տեղեկությունը ստանալով` «Չենք լռելու»-ի ներկայացուցիչը միանգամից զանգահարեց ռազմական ոստիկանության պետ Արամ Տեր-Սահակյանին` խնդրելով նրան կազմակերպել հանդիպում Հովհաննեսի հետ: Տեր-Սահակյանը հայտարարեց, որ զինվորը գտնվում է Իջևանի ՌՈ բաժնում, այնինչ, իրականում, դեռ մեկ օր առաջ նա բերվել էր Երևան և այդ պահին գտնվում էր ՊՆ ԱՀՏԱ վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանի աշխատասենյակում:
ՌՈ պետը խոստացավ, որ զինվորի հետ հանդիպում կկազմակերպի, այսպես ասած, «Երևան ժամանելուն պես»: Ժամը 17-ին Արամ Տեր-Սահակյանը զինվորի հետ հանդիպման հարցը «ցրեց» իր վրայից` «Չենք լռելու»-ի ներկայացուցչին ուղարկելով ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանի մոտ` տալով ինչ-որ հեռախոսահամար: Պարզվեց, որ այն պատկանում է ՊՆ քննչական ծառայության մամուլի բաժնին, որից մի շարքային զինվոր խորհուրդ տվեց զանգահարել երկուշաբթի:
Թե ինչի համար էր կազմակերպված այդ ֆարսը, որի արդյունքում «Չենք լռելու»-ին, փաստացի, չտրվեց զինվորի հետ հանդիպելու հնարավորություն, կարելի է միայն ենթադրություններ անել:
Ցավոք, կյանքը ցույց է տալիս, որ պաշտպանության նախարարության պաշտոնյաները, հիմնականում, որևէ ցանկություն չունեն իրական բարեփոխումներ կատարելու: Նրանց ամենօրյա զբաղմունքը ոչ այլ ինչ է, քան այդ բարեփոխումների իմիտացիա ստեղծելը:
Հովհաննես Եսայանի դեպքը դրա վառ ապացույցն: Եվ թող որևէ մեկը չզարմանա, եթե ՊՆ-ն վաղը պաշտոնապես հայտարարի, որ զինվորը հրաժարվել է իր խոսքերից:
«Չենք լռելու»-ն շարունակում է մնալ այն կարծիքին, որ զինված ուժերի վերնախավում այս խայտառակ մթնոլորտի «հրեշտակ պահապանը» Յուրի Խաչատուրովն է` իր կադրերով հանդերձ: Նախաձեռնությունը շարունակում է պահանջել գլխավոր շտաբի պետի հրաժարականը:
Ցավն այն է, որ այս ամենի արդյունքում տուժում են ոչ թե միլիոնատեր գեներալները, այլ մեր զինվորները:
Ցավալի է նաև, որ օրեցօր ավելանում է այն մարդկանց ցուցակը, ում սթափեցնել ունակ է միայն YouTube-ը...
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել