
«Մատչելի» Երևան՝ նկարված թեքահարթակներով
18-ամյա Արտակ Դավթյանի հետ անցնում ենք Սարյան փողոցով: Արտակը գիտեր, որ պիտի թեքահարթակներ ուսումնասիրենք, բայց եկել էր հենակներով, որովհետև սայլակով տեղաշարժվելն ավելի դժվար է նրա համար: Միշտ արգելքներ ու խոչընդոտներ են լինում, որոնց հաղթահարելը ժամանակատար է, երբեմն՝ անհնար:
Սարյան փողոցը Երևանի կենտրոնական փողոցներից է: Նույնիսկ այստեղ սայլակով անձը կմնա կես ճանապարհին, կամ կարող է գլորվել սայլակից, որովհետև թեքահարթակ կոչվող «բլուրները» չի կարողանա հաղթահարել: Արտակը հատ-հատ թվարկում է, թե սայլակն ինչ փորձությունների կենթարկվի, եթե անցնի այդ թեքահարթակի վրայով: Հաճախ ավելի անվտանգ է փողոցով տեղաշարժվելը, քան մայթերի թեքահարթակներով:
Երևանի քաղաքային բյուջեից ամեն տարի տրամադրվում է որոշակի գումար, որպեսզի Երևան քաղաքն ավելի մատչելի դառնա այն խմբի համար, որը տեղաշարժվում է սայլակով: Կառուցվում են թեքահարթակներ: Այսպես կոչված՝ ավելի հարմարավետ Երևան ունենալուն ուղղված ծրագրերի շրջանակում 2013 թ.-ից մայրաքաղաք Երևանում արդեն կառուցվել է շուրջ 1600 թեքահարթակ: Այս թիվը հայտարարել է Երևանի քաղաքապետարանը: 2014թ.-ին կառուցվել է 971 թեքահարթակ:
Թեքահարթակներ կառուցվում են հիմնականում երեք եղանակով.
- Երևանի քաղաքային բյուջեի միջոցների հաշվին,
- Երևանում փողոցների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում՝ կառավարության հատկացրած միջոցներով,
- մասնավոր կառույցների սեփականատերերի կողմից
Էպիզոդիկ հատվածներում՝ քանակական աշխատանք
Եվ այսպես, 2013թ.-ին Երևանի քաղաքային բյուջեից տրամադրվել է 20 մլն դրամ և կառուցվել է 81 թեքահարթակ: Մինչդեռ 2014թ. տրամադրվել է 40 մլն դրամ, բայց կառուցվել է մի քանի անգամ ավելի շատ թեքահարթակ՝ 330: Այսինքն՝ գումարը կրկնակի է ավելացել, բայց թեքահարթակների քանակը՝ շուրջ 4 անգամ:
«Մատչելի քաղաք» նախաձեռնությունը մոնիտորինգ է իրականացրել՝ պարզելու, թե ինչպես են ծախսվում այդ գումարները և որքանով է ֆունկցիոնալ կառուցված թեքահարթակները հաշմանդամների համար: Նախաձեռնության համակարգող Վարդուհի Արամյանը նկատում է. «Երևանի քաղաքային իշխանություններն այդ գումարները տրամադրելով ու այդ աշխատանքները կատարելով` անընդհատ խոսում են այն մասին, որ այսքան թեքահարթակ է կառուցվել: Բայց մենք զբաղվում ենք հանշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով, և կարծես թե այդ մարդկանց կյանքում շատ բան չի փոխվում: Հետաքրքիր է, եթե այդքան գումար է ծախսվում, ինչո՞ւ չի փոխվում»,- հարցնում է Վարդուհի Արամյանը:
![]() |
Հետիոտնային անցման մի կողմում կառուցված են թեքահարթակներ, աստիճանների մոտ՝ ոչ |
Ընդ որում, քաղաքապետարանն իրեն է վերագրում բոլոր թեքահարթակների կառուցումը, այդ թվում՝ մասնավոր տնտեսվարողների կառուցածները: Դրանք, սակայն, առանձին հատվածների կողմից են կառուցվում և տարբեր ֆինանսական աղբյուրներով, մինչդեռ քաղաքապետարանն իրար է խառնում և «մի ճաշի տեղ» հրամցնում հանրությանը:
«Մատչելի քաղաք» նախաձեռնության մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ Երևանի քաղաքային բյուջեից կառուցված թեքահարթակները հիմնականում կան: «Այստեղ մի խնդիր կա, թեքահարթակը կամուրջի նման է, որը երկու ծայրեր պիտի իրար կապի: Մենք տեսնում ենք կառուցված թեքահարթակներ, բայց այդ թեքահարթակին հասնելու համար այլ խոչընդոտներ պետք է հաղթահարել: Այսինքն՝ համակարգային մոտեցում չի դրսևորած, որ քաղաքապետարանը ոչ թե կառուցված թեքահարթակների թիվը ներկայացնի, այլ ասի, թե որ հատվածներն են մատչելի դարձել»,- ասում է Վարդուհի Արամյանը:
Օրինակ՝ Աբովյան փողոցը մատչելի է և շրջելու խնդիր չկա, սակայն կան փողոցներ, ինչպես, օրինակ, Սարյանը, որտեղ կառուցված թեքահարթակներն ինքնանպատակ են, քանի որ չի կապում մի ճանապարհը մյուսին և արանքներում խոչընդոտներ կան:
Թեքահարթակները կառուցում է Մհեր Սեդրակյանի մտերիմը
2014թ. Երևան համայնքի բյուջեի միջոցների հաշվին թեքահարթակներ են կառուցել երկու ընկերություններ՝ «Ջեմսիկո» ՍՊԸ-ն՝ 77 հատ և «Բիդեք» ՍՊԸ-ն՝ 253 հատ:
2015թ.-ի սկզբին քաղաքապետարանը 2014թ. ընթացքում գնումների գործընթացների կազմակերպման ժամանակ «Ջեմսիկո» ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքների մրցույթի հրավերին չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացնելու, ինչպես նաեւ շինարարական աշխատանքները սահմանված ժամկետներում չիրականացնելու եւ ոչ պատշաճ կատարելու համար առաջարկել է զրկել ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունքից: Իսկ մինչ այդ, «Ջեմսիկո» ՍՊԸ-ն ներառված էր ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակվող գնումների գործընթացին մասնակցելու իրավունքը սահմանափակված մասնակիցների ցանկում: «Ջեմսիկո» ՍՊԸ-ի հիմնադիրը և տնօրենը Սամվել Շաքարյանն է:
Թեքահարթակների առյուծի բաժինը կառուցող «Բիդեք» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը պատկանում է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմ ընկերոջը՝ Գառնիկ Ավետիսյանին: Վերջինս նույնիսկ ուղեկցում է պատգամավոր Սեդրակյանին արտերկրյա ուղևորությունների ժամանակ:
2015թ. ծրագրերի շրջանակներում «Բիդեք» ընկերության հետ կնքվել է 39,1 մլն դրամի պայմանագիր` 285 թեքահարթակների կառուցման համար. «Աշխատանքներն ընթացքի մեջ են, ավարտ է նախատեսվում հոկտեմբերի 30-ը: Հուլիսի 15-ի դրությամբ կառուցվել է 190 թեքահարթակ»,- «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել է Երևանի քաղաքապետարանը:
Նկարված թվեր՝ չկառուցված թեքահարթակների համար
Թեքահարթակների երկրորդ խումբը, ինչպես արդեն նշեցինք, պետք է որ կառուցվեն փողոցների հիմնանորոգմանը զուգընթաց:
ՀՀ կառավարության տրամադրած պետական բյուջեի միջոցներով 2014թ. մայրաքաղաքի փողոցների հիմնանորոգման ծրագրերի շրջանակներում կառուցվել է ևս 341 թեքահարթակ:
«Փողոցը հիմնանորոգվել է, դրան զուգահեռ՝ նաև մայթերը, նկատելի է, որ պահպանվել է անխոչընդոտ միջավայր ունենալու սկզբունքը, եթե ամեն տեղ արհեստական մայթեզրեր կային, դրանք փորձ է արվել հարթել, սարքել անխոչընդոտ, բայց բոլոր հարթեցումները ներկայացվում են որպես թեքահարթակներ»,-ասում է Վարդուհի Արամյանը:
Նախաձեռնության անդամների մոնիտորինգը ցույց է տվել, որ, օրինակ, Զ.Քանաքեռցու փողոցում ներկայացված 68 թեքահարթակի թիվն իրականում ուղղակի նկարված է քաղաքապետարանի կողմից: «Այստեղ հարց է առաջանում, թե ինչ է թեքահարթակը, որ հետո գնաք փնտրելու: Այսինքն՝ այստեղ թիվ է նկարած, որի փոխարեն կարելի է նկարել, ասենք, 108»,-ասում է նախաձեռնության համակարգողը:
Ըստ մոնիտորինգի, նույն կերպ նկարված է Շենգավիթի Արտաշիսյան փողոցի թեքահարթակների թիվը: Ըստ քաղաքապետարանի, 2014-ին այնտեղ կառուցվել է 50 թեքահարթակ, սակայն անգամ փողոցների անցումները թեքահարթակներով չեն հագեցվել: Եթե փողոցի հիմնանորոգման շրջանակներում հարթեցում է նախատեսված, ապա ինչու Նանսենի փողոցի հիմնանորոգման շրջանակում իսկապես թեքահարթակ է կառուցվել, այլ ոչ թե հարթեցում կատարվել, և Նանսենի փողոցի թեքահարթակների թիվը համապատասխանում է քաղաքապետարանի ներկայացրած 36 թվին: Մինչդեռ 2013թ.-ին Նար-Դոս փողոցում իբրև թե կառուցված 28 թեքահարթակը կարծես թե «օդն է ցնդել»: Հանրապետության փողոցում թեքահարթակի փոխարեն թեք քարեր են տեղադրվել:
Քանաքեռցու փողոցի հիմնանորոգումն իրականացրել է «Լիլիթ-87» ՍՊԸ-ն: Պաշտոնապես ընկերության միանձնյա բաժնետերը Նարգիզ Աբրահամյանն է, տնօրենը` Վաղարշակ Պետրոսյանի մայրը:
«Հետքի» հետ զրույցում Վաղարշակ Պետրոսյանը, լսելով մեր հարցը, թե ինչու թիվը չի համապատասխանում քաղաքապետարանի ներկայացված թվին, պատասխանեց. «Ճիշտն ասած՝ չեմ հիշում քանի հատ ենք կառուցել, երևի բնակիչների համաձայնությունն էլ է եղել, որ չենք կառուցել այդ քանակը: Բնակիչներն էլ պետք է համաձայն լինեին, բնակիչ կար, ասում էր՝ մի արա, այնպես չէ, որ գրում տալիս են, որ պետք է էսքան թեքահարթակ լինի, բնակիչները չեն ուզում, որոշ բնակիչներ ուզում են, դրա համար է երևի թիվը պակասել»:
Քիչ հետո Վ.Պետրոսյանն ավելացրեց, որ ոչ թե թեքահարթակ, այլ «ասֆալտի տեսքով է թեքահարթակ արվել»:
«Նախագծում նշված է, որ բորդյուրը որ հելնում-իջնում է, նույն ձևի, ոնց որ բորդյուրն է թեք բարձրանում, ասֆալտն ենք համահունչ ձևի բարձրացրել, որպեսզի թեքահարթակ ստանանք: Կոնկրետ սալիկներով նախատեսված չի եղել թեքահարթակ կառուցել: 68-ից ավել կլինի, դաժե կարող է 168 լինի: Էնքան շատ են Քանաքեռի տները, որ 68-ից ավել կլինի, բայց ես չեմ էլ հիշում, չեմ էլ ուշադրություն դարձրել, թե քանի հատ են»,-ասաց տնօրենը:
«Մենք խոսում ենք՝ քաղաքապետարանի թվեր նկարելու տենդենցի դեմ, որը կուզենք, որ չլիներ: Կա անխոչընդոտ միջավայր ունենալու ձգտում, նկատելի է դա, բայց դրան զուգահեռ կա նաև թեքահարթակների թվականակ նկարելու ձգտում»,- ասում է Վարդուհի Արամյանը:
Մասնավոր հատվածի՝ «մատչելի արգելքները»
«Մատչելի քաղաք» նախաձեռնությունն ուսումնասիրել է նաև մասնավոր հատվածի կառուցած թեքահարթակները և պարզել, որ այստեղ վիճակը առավել քան տխուր է: Նախաձեռնության անդամ Արփի Հարությունյանը նշում է, որ հաճախ դրանք կամ մատչելի չեն, կամ սխալ կառուցված, կամ էլ արգելքներ կան:
Օրինակ՝ Սարյան փողոցի դեղատներից մեկը կառուցել է թեքահարթակը, սակայն մտնում ես ներս, աստիճաններ կան, որը սայլակով անձը չի կարող հաղթահարել և մնում է շեմին: Թեքահարթակի իմաստը կորում է:
![]() |
Նույն փողոցում հյուրանոցը փորձել է մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող այցելուների մուտքը դեպի ներս, սակայն թեքահարթակների անմիջապես դիմացը իրերի տեղափոխման սայլակ ու մեծ ծաղկաման է դրված:
Կամ՝ թեքությունն այնքան շատ է, որ սայլակով անձը կարող է հետ ընկնել, եթե միայնակ փորձի բարձրանալ և սայլակը վարող չլինի:
Սակայն այս ամենը վրիպում է քաղաքապետարանի աչքից, քանի որ կարևորը թվեր ներկայացնելն է: Հիմա, թերևս, հասկանալի է, թե ինչպես է «կառուցվել» 1600 թեքահարթակը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել