
Շուրջ 1 տոննա թմրանյութի գործով դատապարտված վարորդին մերժել են արտահանձնել Վրաստան
Շուրջ 1 տոննա թմրանյութի գործով դատապարտված վրացի վարորդ Աֆթանդիլ Մարտիաշվիլուն մերժել են արտահանձնել Վրաստան: Այս մասին «Հետքին» հայտնեցին վարորդ Մարտիաշվիլու հարազատները:
ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, պատասխանելով Աֆթանդիլ Մարտիաշվիլու արտահանձման խնդրանքին, հայտնել է, որ վարորդի դիմումն ուսումնասիրվել է, սակայն արտահանձնումը նպատակահարմար չեն գտել, քանի որ քննվում է նոր քրեական գործ: Թե ինչ նոր քրեական գործի մասին է խոսքը, փոխնախարարը չի մանրամասնել:
Հիշեցնենք՝ Իրանից Հայաստան շուրջ մեկ տոննա թմրանյութ տեղափոխելու համար Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլուն դատապարտվեց 19, Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին՝ 17 տարի ազատարզրկման: Սակայն վարորդ Մարտիաշվիլին երկու ատյաններում էլ պնդում էր, որ տեղյակ չի եղել թմրանյութի առկայությունից, որոնք հատուկ ներկառուցված թաքստոցում են եղել, և այս պատմության մեջ հայտնվել է միայն այն պատճառով, որ վարել է մեքենան: Վերաքննիչը ամբաստանյալների բողոքները քննելով`դատավճիռը թողել է անփոփոխ:
Վարորդ Մարտիաշվիլին դիմել էր նաև Վճռաբեկ դատարան: Վճռաբեկը, դատավոր Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ, որոշել է չքննել վարորդ Մարտիաշվիլու բողոքը:
Հիշեցնենք, որ այս գործով նաև անջատված մաս կա, որի քննությունը շարունակվում է:
Իսկ թե ինչ նոր քրեական գործ է հարուցվել, Մարտիաշվիլու հարազատները պատրաստվում են նամակ գրել փոխնախարարին և նրանից պարզել:
Մեկնաբանել