
Երևանում ու Գյումրիում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն
Նոյեմբերի 8-ից 12-ին Երևանում և Գյումրիում անցկացվելու է ճապոնական ֆիլմերի փառատոն, որը կազմակերպել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը և հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ն:
Փառատոնին ներկայացվելու է 5 լիամետրաժ խաղարկային ֆիլմ: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 8-ին «Մոսկվա» կինոթատրոնում, որին կհաջորդի «Այկի» ֆիլմի դիտումը: Փառատոնի ընթացքում ցուցադրվող ֆիլմերի մուտքն ազատ է:
Բացման արարողությանը ներկա են լինելու ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկախիտո Խարադան, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը և հայ ու ճապոնացի այլ պաշտոնյաներ:
Ճապոնական ֆիլմերի փառատոնին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը: «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնի փոխնախագահ Լուսինե Թանգյանը տեղեկացնում է, որ Հայաստանում ճապոնական ֆիլմերի փառատոնը վերջին անգամ անցկացվել էր 2006 թ.:
2005թ. օգոստոսին «Խաղաղության լապտերներ» ծրագրի շրջանակներում Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ռմբակոծության 60-րդ տարելիցին հայ երեխաներն առաջին անգամ աշխարհում Հիրոսիմա ուղարկեցին իրենց ձեռքով պատրաստած կռունկներ և լապտերներ՝ որպես հարգանքի տուրք զոհերի հիշատակին:
Սա դարձավ ավանդույթ, և այժմ տարբեր երկրներից երեխաներն իրենց հարգանքի տուրքն են մատուցում ռմբակոծության զոհերին̀ լապտերներ ուղարկելով Ճապոնիա: Այս ծրագրի արդյունքում 2010թ. ստեղծվեց «Հիկարի» կենտրոնը, որի գործունեությամբ հիմք դրվեց Երևանն ու Հիրոսիման քույր քաղաքներ հռչակելու գործընթացին:
Մեկնաբանել