
Ջուլիանա Հոջա․ «Հայաստանում հասարակությունն ավելի շատ արձագանքող է, քան մասնակից»
Հայաստանում մասակցային կառավարումն ընդունվեց օրենսդրորեն․ համայնքային իշխանություններն ընդունեցին բնակչությանը տեղական ինքնակառավարմանը մասնակից դարձնելու մի փաստաթուղթ, որի մասին, սակայն բնակչությանը չծանուցեցին: Ի՞նչ արդյունավետ մեխանիզմներ կարող եք առաջարկել տեղական ինքնակառավարմանը բնակչության գործնական մասնակցությունն ապահովելու համար:
Նախեւառաջ սա այդքան էլ հեշտ չէ, որքան ենթադրվում է: Մասնակցությունը պրոցես է եւ պահանջում է, որ ինքնին էվոլուցիայով անցնի: Քանի որ շատ տարբեր կողմեր են ներառված այս գործընթացում` տեղական ինքնակառավարման մարմիներ (ՏԻՄ), մյուս կողմից՝ քաղաքացիների տարբեր խմբեր, ուստի միշտ չէ, որ հեշտ է իրականացվում: Ոչ միայն այստեղ, Արեւմտյան երկրներում էլ այդքան հեշտ չէ մասնակցային կառավարում իրականացնելը: Ամենակարեւորն այն է, որ բոլոր շահագրգիռ կողմերը գիտակցեն, որ դա լավագույն տարբերակն է աշխատելու, եւ դրան այլընտրանք չկա: Դրա համար կան հիմնավոր պատճառներ· ընտրված մարդիկ՝ տեղական իշխանությունները, չորս տարի շարունակ պետք է որոշումներ կայացնեն առանց համաձայնեցնելու իրենց ընտրողների հետ, նրանք պետք է նաեւ խորհրդակցեն ընտրողների հետ:
ՏԻՄ-երը, ինչպես նաեւ պետական կառավարման մարմիններն ընտրովի են եւ մեծամասնությունն է նրանց ընտրում, նրանք կառավարում են բոլորին եւ ոչ միայն նրանց, ովքեր իրենց ձայն են տվել: Մասնակցային պրոցեսների միջոցով կառավարումն ապահովում է նաեւ ՏԻՄ-երի լեգիտիմությունը: Մարդկանց ներառելով կառավարմանը՝ նրանք դառնում են ավելի լեգիտիմ: Նաեւ ապացուցված է, որ մարդկանց որոշումներ կայացնելու գործընթացում ներառելը՝ միանշանակ ավելացնում է այդ որոշումների կատարման հնարավորությունը: Իհարկե, ես հասկանում եմ այն մտահոգությունները, որ գոյություն ունեն օրենդրական դաշտի հետ կապված, եւ դրա համար օրենսդրությունը բարելավելը մեր ծրագրի մաս է կազմում, բայց օրենդրություն, իրավական կարգավորում ունենալը միակ բանը չէ, որ կարեւոր է: Կարեւոր է նաեւ գործնական կիրառումը:
Հավասարակշռության համակարգը պետք է գործի․ ՏԻՄ-երը պետք է իրենց աշխատանքը կատարեն՝ ծառայություններ մատուցեն, իսկ բնակչությունը պետք է կարծիքներ հայտնի, լուծումներ առաջարկի, նաեւ՝ մոնիտորինգի ենթարկի նրանց աշխատանքը: Այս պրոցեսում տարբեր քաղաքացիական հասարակություններ, այդ թվում նաեւ տեղական ինքնակառավարման ասոցիացիաները, տարբեր դեր են կատարում: Քաղաքացիական հասարակությունները կարեւոր դեր ունեն մարդկանց մոբիլիզացնելու հարցում, կարող են միջնորդ հանդիսանալ տեղական ինքնակառավարման մարմինների եւ բնակչության միջեւ: Այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է կարողությունների զարգացում բոլոր կողմերի համար, ինչպես նաեւ անհրաժեշտ է ուսումնասիրել մասնակցության կիրառումը այլ երկրներում, այլ համայնքերում, որովհետեւ կան լավ օրինակներ, նորարարական տարբեր մոտեցումներ, որոնք կարելի է վերցնել: Իհարկե, մենք սովորում ենք ուրիշներից, բայց ցանկացած դեպքում կարեւոր է երկրի պրակտիկան տեղական պայմաններին համապատասխան զարգացնելը, որովհետեւ ամեն ինչ չէ, որ կարելի է վերցնել:
Մեր երկրում ակտիվ քաղաքացիական խմբերը պարբերաբար պայքարում են համընդհանուր շահի ապահովման համար, սակայն դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ որոշում կայացնողներն արդեն հրապարակել են անցանկալի որոշումները: Ո՞րտեղ է նրանց բացթողումը:
Ընդհանրապես ես խուսափում եմ «դեղատոմսեր» առաջարկելուց, որովհետեւ կարծում եմ, որ շատ բան կախված է երկրի տնտեսական, սոցիալական, մշակութային պայմաններից: Էվոլուցիա պետք է տեղի ունենա ե՛ւ ՏԻՄ-ում, ե՛ւ քաղաքացիական հասարակությունում: Ձեր նկարագրած իրավիճակը տիպիկ է երիտասարդ ժողովրդավարական երկրների համար: Ես, իհարկե, լավ ծանոթ չեմ Հայաստանի իրավիճակին, բայց այն նման է ժողովրդավարության ուղին բռնած երկրներին, որտեղ հասարակությունն ավելի շատ արձագանքող է, քան մասնակից: Բայց այն փաստը, որ քաղաքացիական հասարակությունն արձագանքում է, արդեն իսկ դրական է, որովհետեւ լինում են դեպքեր, երբ քաղաքացիական հասարակությունը ոչինչ չի անում: Արձագանքելը պահանջում է խիզախություն, հասունություն եւ հասարակության կողմից աջակցություն: Նախաձեռնող լինելու համար ուղղակի անհրաժեշտ է տեղեկատվության մատչելիություն, նաեւ որոշակի հմտություններ, մասնագիտական որոշ գիտելիքներ: Եթե որոշումների կայացմանն ավելի վաղ ներգրավվելու հնարավորությունը կա եւ կարողությունները կան, շատ ավելի լավ, բայց եթե չկա՝ ստիպված եք արձագանքել եղածին:
Բնակչությունը համանքային կառավարմանը ներգրավվելու նախաձեռնություն չի ցուցաբերում եւ պատճառը միայն չիմացությունը չէ: Շատ հաճախ դա մշակութային է· տեղացի լինելու, այլոց կողմից չընկալվելու հանգամանքն ավելի մեծ դեր է խաղում, որից էլ օգտվում են կառավարողները: Ի՞նչ պետք է անել այս վիճակը հաղթահարելու համար:
Միանգամայն հասկանում եմ այդ իրավիճակը, որովհետեւ ես Ալբանիայից եմ, եւ այդ խնդիրը մենք էլ ունենք: Քաղաքացիները կամ հասարակական կազմակերպությունները, նաեւ լրատվամիջոցներն ամենակարեւոր դերն ունեն այս հարցում: Չեմ կարծում, թե կան բանաձեր, որոնք կարող են կիրառելի լինել բոլորի համար: Ինձ համար շատ կարեւոր է համագործակցությունը, փորձի փոխանակումը, կոալիցիաների ստեղծումը երկրի ներսում, նաեւ՝ արտասահմանյան կազմակերպությունների հետ: Ժողովրդավարության վաղ փուլերում այդպիսի պրոցեսները շատ դժվար է ինքնուրույն իրականացնել: Անհրաժեշտ է աջակցություն ունենալ նմանատիպ գործով զբաղվող մարդկանցից:
Մեկնաբանել