
Դատական ծախս բռնագանձելու մեխանիզմն անարգել աշխատում է, սակայն պետությունը «ձեռքերը լվանում է», երբ ընտանիքները մնում են առանց կերակրողի
«Արժեքների հեղափոխության» կամ «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատապարտված քաղաքացիների հարազատները դիմել են «Հետքին»՝ տեղեկացնելով, որ դատական ծախսերը՝ 298.000 դրամի չափով՝ ներառյալ 5 տոկոս տուգանք, այսինքն՝ շուրջ 313.000 դրամ բռնագանձել են նույն գործով անցած Միսակ Առաքելյանից:
Մեզ հետ զրույցում Միսակ Առաքելյանը նշեց, որ երբ ցանկացել է հունիս ամսվա աշխատավարձը ստանալ բանկոմատից, չի կարողացել: Բանկից իրեն պատասխանել են, որ հաշվեհամարը կալանքի տակ է: Այնուհետև ԴԱՀԿ-ից բռնագանձել են դատական ծախսերը ու կալանքից հանել այդ գործով անցնող բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ Միսակ Առաքելյանի գույքը:
Փաստաբան Արա Զաքարյանը նշեց, որ դատական ծախսերը կիրառվել են համապարտության սկզբունքով, այսինքն՝ կարող էր պետությունը այդ գումարը բռնագանձել և՛ գործով մեղադրական դատավճռով դատապարտված ցանկացած անձից, և՛ յուրաքանչյուրից առանձին-առանձին: «Հետագայում այն քաղաքացին, ումից ամբողջությամբ բռնագանձել են ամբողջ գումարը, կարող է մյուսներից ստանալ մաս-մաս»,- ասաց փաստաբանը:
Սակայն Միսակ Առաքելյանն ասում է, որ իր ընկերներն այս պահին բանտերում են, չեն աշխատում, նրանց ընտանիքները սոցիալական վատ վիճակում են, շատերը խնամքին ունեն անչափահաս երեխաներ: «Հո ես չէի՞ թողնելու իրենց վրա գումարի բեռը… իմ ընկերները բանտում են»,- ասաց Միսակ Առաքելյանը:
Դատապարտյալների հարազատներն իրենց անհարմար են զգում, որ ֆինանսական հոգսը ծանրացել է Միսակ Առաքելյանի ուսերին: «1-2 ընտանիք է ընդամենը կարողացել վճարել Միսակին, բայց մյուսները սոցիալական դժվար վիճակում են, ընտանիքի միակ կերակրողները բանտերում են»,- ասում է 7 տարվա անազատության դատապարտված Վահե Մկրտչյանի կինը՝ Մարգարիտան, ով չի աշխատում ու խնամում է 2 մանկահասակ աղջիկներին:
4 տարվա անազատության դատապարտված, հանրային խորհրդի անդամ Հայկ Հարությունյանի մայրը՝ Լաուրա Պետրոսյանը, նշեց. «Գիտեմ, որ Միսակն է տուժել ֆինանսապես, նրա աշխատավարձից են բռնագանձել դատական ծախսերը: Բայց պետք է վճարել մարդուն, քանի որ ինքն էլ երկու երեխա է պահում, ընտանիք»: Տիկին Լաուրան տեղեկացրեց, որ դեռևս հունվարից իր անունով հաշվեհամար են բացել, մի քանի անգամ գումար են ստացել ու բաժանել քաղբանտարկյալների ընտանիքներին, բայց դրամական հոսքերը ակտիվ չեն: «Քաղբանտարկյալների ընտանիքները՝ թոշակառու ծնողները, աշխատանք չունեցող կանայք, 20 անչափահաս երեխաները օգնության կարիք ունեն»,- ասաց նա:
Դատական ծախսերը բռնագանձելու մեխանիզմը անարգել աշխատում է, մինչդեռ երբ խոսքը առանց կերակրողի մնացած անչափահասի մասին է, նույն պետությունը որևէ պարտավորություն չի կրում: Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը, որը Սահմանադրությամբ հռչակված է որպես սոցիալական պետություն, չունի օրենսդրական որևէ նորմ, որը կկարգավորի ազատազրկման մեջ հայտնված քաղաքացու ընտանիքի սոցիալական վիճակը բարելավող պարտավորություն:
Փաստաբան Արա Զաքարյանը գտնում է, որ պետք է գործի օրենսդրական մեխանիզմ, որը թույլ կտա կարգավորել դատապարտյալների ընտանիքների սոցիալական խնդիրները: «Նախնական կալանքի տակ գտնվողների համար նման նորմ կա, բայց այն չի գործում: Այդ հիմքով նույն գործով միջնորդեցի, որ իմ պաշտպանյալների կալանքը փոխարինվի գրավով կամ, որ նրանց անչափահաս երեխաների խնամքի համար գումար տրամադրվի պետական բյուջեից: Դատավորի մերժման որոշման մեջ նշված էր, որ կարող են երեխաների խնամքը կազմակերպել մանկատներում, իսկ ծեր ծնողներինը՝ ծերանոցում: Իսկ դատապարտումից հետո պետությունն իսպառ լվանում է ձեռքերը»,- ասաց Արա Զաքարյանը:
Հ.Գ. Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար քաղաքացիները կարող են փոխանցումներ կատարել.
ՀՀ-ից փոխանցումներ կատարելու համար` AMD 24100274635201 Լաուրա Պետրոսյան, «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ՓԲԸ:
Արտերկրից փոխանցումներ կատարելու համար՝ “Intermediary” Bank: Deutsche Bank Trust Company Americas,
Մեկնաբանել