
Ինչի՞ց են մահանում հայերը․հիմնական պատճառներն ու ցուցանիշները (ինֆոգրաֆիկա)
Թեև Հայաստանում 2014թ., նախորդող տարվա համեմատ, մահվան դեպքերը 2,5 %-ով ավելացել են, սակայն բնական հավելաճի գործակիցը`ծնվածների թվաքանակը մահացածների նկատմամբ և ՛ Երևանում և՛ մարզերում 1,5 անգամ աճել է (15 311 մարդ)։
Մահացության հիմնական պատճառները
Վերջին 4 տարիների ընթացքում (2011-2014թթ․ներառյալ) Հայաստանում գրանցված մահացության դեպքերի մոտ կեսի պատճառը եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց 20%՝սրտամկանի սուր կաթվածն է, իսկ 5-6 %` հիպերտոնիկ հիվանդությունները։
Մահվան ամենատարածված պատճառներից են նորագոյացությունները՝ մոտ 20%, որոնց մեջ գերակշռում են չարորակները։
Մոտ 6-ական % են կազմում շնչառական և մարսողական հիվանդություններից առաջացած մահացության դեպքերը:
Դժբախտ պատահարներից և թունավորումներից մահանում է նույնքան մարդ, որքան էնդոկրին համակարգի հիվանդություններից՝ 4-5%։ Վերջինիս ցանկում գերակշիռ մասը կազմում է շաքարախտը:
Հաջորդը բնածին արատներն են՝ 1,6 %։ Մահացության դեպքերի մինչև 1% կազմում են վարակային և մակաբուծային հիվանդությունները:
2013թ․-ի համեմատ 2014թ․ին աճել են ՄԻԱՎ-ի մահվան դեպքերը․արձանագրվել է մահացության 25 դեպք, 2013թ.-ի` 15 դեպքի համեմատ:
Նվազել են ինքնասպանությունները
Ըստ ՀՀ ոստիկանության տվյալների՝ 2014 թ.-ին ինքնասպանության և ինքնասպանության փորձերի թիվը 2013թ-ի համեմատ 6.4%-ով նվազել է։ Գրանցվել է 699 դեպք, որից մահվան ելքով՝ ընդամենը 24 %, եղել է 168 դեպք։
Ինքնասպանության դեպքերը նվազել են թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում: Ինքնասպանության փորձերը 2013թ.-ի համեմատ նվազել են 1.8%-ով։
Ամենաշատը մահանում են մինչև 1 տարեկան երեխաներն ու 70 անց մարդիկ
Երեխաների շրջանում( 0-15 տարեկան) առավել հաճախ մահանում են մինչև 1 տարեկան երեխաները. մահվան գործակիցը 11 է՝ այլ տարիքային խմբերի (1-4, 5-9, 10-14, 15-19 ) մահվան ցուցանիշի նկատմամբ 3-10 անգամ ավելի։
Հաջորդը 60-64 տարիքային խումբն է ՝ 15 գործակցով, 65-69 ՝ 22 գործակցով։ Գերակշռում են 70 և բարձր տարիքի մարդիկ, ում մահվան գործակիցը հասնում է 72-ի։
Կանայք առավել երկարակյաց են
Կանանց և տղամարդկանց մահացության դեպքերը գրեթե հավասար են։ Թեև 2011-2014թթ․ տղամարդկանց մահացության թիվն ավելին էր, սակայն ընդհանուր տարբերությունը չնչին է (0,4-1%)։
Կանայք տղամարդկանցից երկարակյաց են մոտ 6 տարով․ն րանց կյանքի սպասվող տևողությունը, ըստ ԱՎԾ-ի, 78 է, տղամարդկանցը՝ 72։
1990-ական թվականների համեմատ՝ հիմա հայերը 3-5 տարով ավելի են ապրում։
Տվյալները՝ Ազգային վիճակագրական ծառայության
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել