
Երբ պաշտոնյան դառնում է բնական աղետ
Կարո՞ղ է մեր պաշտոնյաների մեջ գտնվել մեկը, ով կպատասխանի այն հարցին, թե ինչու «Հրազդան» մարզադաշտը պետք է լինի ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Աշոտ Աղաբաբյանի սեփականությունը: Կարո՞ղ է նրանցից մեկը բացատրել, թե ինչու 14 հա տարածքի վրա գտնվող շենք-շինությունների տերն ու տիրակալը պետք է լինի այս մարդը:
Եթե սա ազգային անվտանգության խնդիր է, թող նրանցից մեկը բացատրի՝ հասկանանք. եթե պետականության հիմքերն ամրապնդող գործողություն է, ասի՝ իմանանք: Վարչապետ Տիգրան Սարգսյանը գուցե կարողանա բացատրել, թե Հայկական աշխարհի կայացման գործում ինչ առանցքային նշանակություն է ունենալու իր կուսակցի կողմից այնտեղ առևտրի հսկա մի կենտրոն կառուցելը:
Պետականությունը մսխելու բոլոր ձևերին ծանոթացնում են իշխանությունները: Ու հիմա էլ պետականությունը մսխելու հանրագիտարան են ստեղծում: Երկրի ողջ ընդերքը շուտով կբացվի. բոլոր հանքավայրերի ուսումնասիրման լիցենզիաները տրված են, պլանավորում են արդեն դրանք շահագործել: Կարծես աշխարհի վերջը հայտարարվել է, ու մեր պաշտոնյաները որոշել են երկրի ամբողջ հարստությունը իրենց բեռը դարձնել: Բայց երկրի հարստությունը միայն այս սերնդինը չէ. ինչ-որ մեկն այնտեղ' իրենց հավաքատեղիներում, ասու՞մ է դրա մասին:
Թռչկանի ջրվեժի կարիքը բնավ չուներ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը. նրա բիզնեսը շարունակում է ծաղկել, նրա շինարարական, նախագծային ընկերություններն իր ղեկավարած նախարարության մրցույթներն են շահում:
Փոխարենը Հայաստանի բնության համար բնական աղետ դարձած այս նախարարին ինչ փաստաթուղթ տալիս են, ստորագրում է: Այդպես էլ տրվել է Թռչկանի ջրվեժի հէկի թույլտվությունը: Որովհետև եթե այս կամ մնացած հէկերի թույլտվությունները չստորագրի, նրանով կսկսեն զբաղվել համապատասխան մարմինները:
Հայաստանի անտառները սպանդի են ենթարկվում, ընդ որում՝ դրա կազմակերպիչը «Հայանտառն» է: Եթե որևէ պաշտոնյա չի հավատում, կարող ենք նրան ցանկացած պահի ուղեկցել Տավուշի, Լոռու անտառները և ցույց տալ կազմակերպված հանցագործության հետևանքները:
Քաղաքական խարդավանքներ, պաշտոններ բաժանել, բյուջեի փողերը յուրացնելու նորանոր ուղիներ և ձևեր փնտրել. ահա այն, ինչ հետաքրքրում է պաշտոնյաներին, ու մենք բոլորս այս ամենի մի պտուտակն ենք, ինչքան էլ ինքներս մեզ գործող անձ չհամարենք:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել