
Ալավերդու քաղաքային զբոսայգին վերակառուցվում է, իսկ տնկիների մի մասը արդեն չորացել են
Պղնձաձուլական գործարանի արտանետումների համար «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կողմից պետբյուջե վճարվող բնապահպանական վճարներից Ալավերդի համայնքի բյուջեին 2014թ.-ին մասհանվել են 216,6մլն. դրամ, 2015թ.-ին` 150,5մլն. դրամ բնապահպանական սուբվենցիաներ:
Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը դեռ անցյալ տարի «Հետքին» հայտնել էր, որ 2014-2015թթ.-ի բնապահպանական սուբվենցիաներից 60 մլն. դրամ է հատկացրել Ալավերդու քաղաքային զբոսայգու վերակառուցման համար: Վերակառուցումն սկսվել է 2014թ.-ին: Շինարարական աշխատանքերը իրականացնում է «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ն: Վերակառուցման նախատեսված գումարների և ծախսերի մասին Ա. Վարոսյանը նախորդ տարի նաև «Հետքին» ասել է, որ 2014թ.-ին կկատարվի 30մլն. դրամի շինարարական աշխատանքեր, մյուս 30մլն. դրամը կհատկացվի 2015թ.-ին:
Հուլիսի 9-ին մեզ հետ զրույցում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով տեղյակ էր զբոսայգում տիրող վիճակին, հայտնեց, որ զբոսայգու վերակառուցման համար հատկացվել է ոչ թե 60, այլ 70մլն. դրամ: Ա. Վարոսյանն էլ պարզաբանեց, որ զբոսայգու վերակառուցման համար հատկացվել է ոչ թե 70մլն.,այլ 67 մլն. դրամ: Քաղաքապետի ասելով` մեծածավալ ֆինանսական միջոցներ պահանջվող ծրագրերը 2 փուլով իրականացնելը Ալավերդիում ընդունված պրակտիկա է: Զբոսայգում շինարական աշխատանքների 1-ին փուլը դադարեցվել է 2014թ.-ի սեպտեմբերին: Անցել է 10 ամիս` զբոսայգին իր վերակառուցման աշխատանքերով հայտնվել է փակուղու մեջ:
Հուլիսի 9-ին, մեր այցելության պահին այստեղ շինարարական աշխատանքեր չէին կատարվում: Նորակառույց զուգարանում հարդարման աշխատանքեր էր կատարում «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ի ընդամենը մեկ աշխատող: Զբոսայգին ամբողջությամբ ծածկված էր մացառուտներով: Գազոններում տնկված և մոլախոտերի մեջ կորած մատղաշ եղևնիների, մյուս ծառերի տնկիների և ծաղիկների թփերի մեծ մասը արևից խանձված ու չորացած էին: Մոլախոտերի մեջ կորած զբոսայգում կատարված շինարարական աշխատանքերը չէին երևում:
«Ստեղծված վիճակը մեզնից կախված չէ, օբյեկտը հանձնվելու է այս տարվա օգոստոսի վերջերին, արդեն 13մլն. դրամի աշխատանքեր ենք կատարել, հուլիսի 2-ին կատարողական ակտ է ներկայացվել, սակայն գումարը չեն փոխանցել»,- ասաց «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրեն Սանասար Տիտանյանը:
Մեզ հետ զրույցում Ա.Վարոսյանն ասաց, որ «զբոսայգու նախորդ տարվա շինարարական աշխատանքերի համար իր կողմից հատկացվել է ոչ թե 30, այլ 36 մլն. դրամ, 31 մլն. դրամ էլ հատկացվել է այս տարի: Վերակառուցման ընդհանուր 67մլն. դրամից 41մլն դրամի վճարումը արված է և 26 մլն. դրամի դեռ չի վճարվել, որից 13մլն. դրամի կատարողական ակտը արդեն ներկայացվել է, մնացած 13 մլն. դրամի նախատեսված աշխատանքեր դեռևս չեն կատարվել»:
«Էս մոլախոտերի պատճառով մեր արած գործը ընդհանրապես չի երևում: Հետո որ ամիսն է հիմա, հուլիսի կեսն է, դեռ էս տարի ֆինանսավորում չկա: Ինչո՞ւ չեն արել ֆինանսավորումը: Մենք մինչև հիմա ավարտած կլինեինք զբոսայգու բոլոր շինարարական աշխատանքերը: Դրա համար էլ ջանջալ ընկավ էս գործը»,- դժգոհեց աշղեկ Էդիկ Բաբաջանյանը: Վերջինիս ասելով` զբոսայգու շինարարական աշխատանքերն իրենք սկսել են նորմալ, սալիկները շարում էին, սակայն շինարարը փող չի ունեցել սալիկներ գնելու համար, չեն վճարվել նաև բանվորների աշխատավարձը:
«Եթե մի ծառ լինի չորացած` էլի ջհանդամը, բայց չորացածը մի ծառ չի»,- ասաց աշղեկը:
Արտավազդ Վարոսյանի ասելով՝ զբոսայգու աշխատանքերի վերջնական փուլն է հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսները: Այդ ժամկետում բոլոր կիսատ մնացած աշխատանքերը պետք է ավարտին հասցվի:
«Շինարակական աշխատանքերին զուգահեռ այս ընթացքում արդեն հայտարարություն է եղել խաղասարքերի ձեռքբերման և տեղադրման համար»,- ասաց նա: Խաղասարքերի համար նախատեսված է մոտ 3 մլն. դրամ: Ա. Վարոսյանը հայտնեց, որ նախատեսված գումարներից 1.2 մլն. դրամ է հատկացրել զբոսայգու ծառատնկման և ծաղիկապատման աշխատանքերի համար, որն իրականացրել է «Մալվինա» ՍՊԸ-ն:
Քաղաքապետի ասելով` զբոսայգու կանաչապատման գործերը նորմալ են գնում. «Զբոսայգում ժամկետ-ժամկետ տնկիները ջրվում է. ես առնվազը գոնե շաբաթը մեկ անգամ լինում եմ զբոսայգում: Ծառերը հնարավոր է, որ մեջները մեկն էլ կպած չլինի»,- ասաց Ա. Վարոսյանը:
«Զբոսայգու կանաչապատման մեր պարտականությունները մենք կատարել ենք: Մեր և քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրով մեզ տված է եղել տնկիների տնկում և 3 անգամ դրանց ջրում:Մենք տնկիները զբոսայգում տնկել ենք այս տարվա գարնանը, չեմ հիշում մայիս, թե ապրիլ ամսին: Զբոսայգում մենք տնկել ենք կիպարիս, հացենի, սզնի տեսակի ծառեր, ծաղկող թփեր և վարդեր»,- ասաց «Մալվինա» ՍՊԸ-ի նախագահ Վալերիկ Մարգարյանը: Վերջինս իրեն պատասխանատու չէր համարում տնկված ծառերի, ծաղիկների և թփերի չորանալու համար։ «Կանաչապատման մեր պայմանագիրը քաղաքապետարանի հետ մեկամսյա ժամկետով է եղել, դրանից հետո քաղաքապետարանը պետք է զբոսայգում հաստիքով աշխատող պահեր` ծաղիկների և թփերի խնամքը ապահովելու համար, որը չի արվել»,- բացատրեց Վ. Մարգարյանը:
Հուլիսի 9-ին մեր զրույցի ընթացքում Ա. Վարոսյանին տեղեկացրի, որ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հուլիսի 14-ին գալու է Ալավերդի՝ բնապահպանական սուբվենցիաներով նախատեսված աշխատանքերի վիճակը տեղում նայելու համար: Լուրը զգաստացրել է Ա. Վարոսյանին: Հուլիսի 10-ին «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ի բանվորները զբոսայգում քաղհան էին անում: Արդեն գրեթե ոչնչացած վարդերի պուրակում քաղհան էր անում «Մալվինա» ՍՊԸ-ի աշխատող Սամվելը:
Աշղեկ Է. Բաբաջանյանը հայտնեց, որ քաղաքապետ Ա. Վարոսյանը երեկվանից էս կողմ երկու անգամ զբոսայգի է եկել: Ասաց նաև, որ երեկոյան պետք է ջրվեն նաև զբոսայգու չորացած ծառերն ու վարդի թփերը:
Մեկնաբանել