
Էրիկ Հակոբյան. «Եթե բավարար կազմակերպված մարդիկ լինեն, կարող եք ստիպել սխալ մարդկանց՝ անել ճիշտ բաներ»
«Իշխանությունը հաղթում է 100-ից 99 դեպքում, բայց իշխանությունից ոչ մեկը չի քնում գիշերները՝ մտածելով այն 1 անգամի մասին»,- ասում է Կալիֆորնիայում բնակվող քաղաքական խորհրդատու Էրիկ Հակոբյանը, ով Impact Hub Yerevan-ի հրավերով բանախոսություն էր կարդում Երևանում՝ «Կազմակերպումը՝ փոփոխության շրջանում» թեմայով:
Լատինական Ամերիկայում, ըստ Է.Հակոբյանի, շարժումներ են եղել ավելի բռնարար ռեժիմների պարագայում, քան Հայաստանում է: Այստեղ նույնպես իշխանությունը չի նահանջի՝ առանց կռվի, սակայն Բաղրամյան պողոտայում հավաքվածները չունեն բավարար ուժեր՝ իշխանությանը դիմագրավելու համար: Նրանց խնդիրը, Հակոբյանի խոսքով, կազմակերպվելն է: Բուենոս Այրեսում, օրինակ, բազմաթիվ մարդկանց փոխարեն կլինեին 100 կազմակերպություններ, որոնք կկազմակերպեին շարժումը:
Էրիկ Հակոբյանը թվարկում է կազմակերպման հիմնական սկզբունքները՝ ուժի աղբյուրները հասկանալը, կազմակերպումը երկարաժամկետ դարձնելը, տեղական փորձառություններից բխող գործողություններ անելը, խնդիրը պարզ ու հստակ սահմանելը, մյուս կողմին հասկանալը, ճկուն մարտավարություն ունենալն ու օրենքները լավ իմանալը: Սրանց համար անհրաժեշտ են առաջնորդությունն ու ինստիտուցիոնալ հիշողությունը:
«Ինստիտուցիոնալ հիշողությունը կոլեկտիվ հիշողությունը չէ: Այն միանգամայն տարբեր է: Ասենք՝ ես ակտիվիստ եմ, դու էլ ես ակտիվիստ, մենք գործում ենք այս շարժման համար, երկրորդի, տասներորդի համար և տասնմեկերորդի դեպքում հիշում ենք, թե ինչ ենք սովորել երկրորդի ժամանակ: Ինստիտուցիոնալ հիշողություն ասելով ես նկատի ունեմ կազմակերպելն ու սովորելը: Կարծում եմ՝ այսօրվա շարժմանը ներգրավված երիտասարդներից շատերը երկու տարի առաջվա շարժումների վետերաններ են: Ուրեմն՝ դրա տարրը կա, բայց կարծում եմ՝ կարիք ունի ինստիտուցիոնալացվելու»,- ասում է Է.Հակոբյանը՝ մանրամասնելով, որ պետք է կազմակերպել 100, 500, թե 1000 հոգանոց հատվածին, քանի որ ամեն օր չի կարելի «10 հազար մարդ հավաքել՝ պարելու»:
Է. Հակոբյանը նաև նշում է, որ կարևոր չէ, թե շարժման անդամները հետո ուր կգնան, ինչպես Ղարաբաղ կոմիտեի կամ լեհական Solidarność շարժման դեպքում:
Կարևոր է նաև նման շարժումների դեպքում սոցիալական մեդիայի դերը հասկանալը: Հակոբյանը կարծում է, որ Թվիթերում #ElectricYerevan արշավը հրաշալի է, բայց պետք է գիտակցել, որ այն նաև օգտագործվում է իշխանության կողմից՝ հասկանալու համար, թե ով ում դեմ է: Նա հիշեցնում է, որ Իրանում, 2009 թվականին, Թվիթերն օգտագործվում էր՝ ցույցերի հարյուրավոր ակտիվ մասնակիցների կալանավորելու համար: «Մտայնություն կա, որ սոցիալական մեդիան ամեն բան փոխում է: Այն ոչինչ չի փոխում, այն մեկ այլ գործիք է, բայց բոլոր գործիքների նման՝ չեզոք գործիք է. երկու կողմերն էլ կարող են կիրառել այն»:
«Ոչ ոք չպետք է ունենա պատրանքը, թե Հայաստանի խնդիրները պետք է լուծվեն դրսից ինչ-որ մեկի կամ ինչ-որ մոդելի կողմից: Հայաստանի խնդիրները լուծվելու են նման սենյակներում՝ ձեր նման մարդկանց կողմից կամ նման բազմաթիվ սենյակներում՝ ձեր նման շատ մարդկանց կողմից»,- ասում է Է.Հակոբյանը՝ միաժամանակ խորհուրդ տալով չտպավորվել քաղաքական գործիչներով, որոնց հետ ինքն աշխատում է, և որոնք հեշտությամբ կգործեին Ստալինի համար, միաժամանակ կլինեին դեմոկրատ Վաշինգթոնում կամ կաշխատեին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում. «Այս մարդկանց 70%-ն ամբողջ աշխարհում մի համակարգից մյուսն է գնում: Սրանք մարդիկ են, որոնք ուզում են թոշակ ու հարմարավետ կյանք, այնպես որ՝ մի տպավորվեք նրանցով»:
Մեկնաբանել