
Բարոյականության զինակիրը
Ռազմիկ Մարկոսյան
Սվերստյուկի հետ ես ծանոթացել եմ Պերմի 35-րդ ճամբարում, որտեղ մեր ազնիվ ձգտումների համար սահմանված պատիժն էինք կրում: Իմ առջև կանգնած էր անկախության գաղափարակիրն ու իմ Ստուսի հայրենակիցը: Ես մեր զրույցը հենց այդտեղից էլ սկսեցի` «Մորդովիայում ես Վասիլ Ստուսի հետ էի»: Դա բանաձևեց այն, ինչ եղել էր իմ ու Սվերստյուկի հանդիպումից առաջ, ու այն, ինչ լինում էր հետո: Ու մենք, փաստորեն, ոչ թե սկսեցինք, այլ շարունակեցինք մեր մտերմությունը:
Մենք հաճախ էինք զրուցում: Մեր զրույցներում մշտապես ներկա էր Ստուսը` մերթ որպես զրույցի թեմա, մերթ որպես բացակա զրուցակից: Մենք նրա կարիքը շատ էինք զգում: Երբեմն խաղաղվում, երբեմն ոգեշնչվում էինք նրա կերպարով: Ստուսից հետո ինձ համար Սվերստյուկը դարձավ ազատ ու ոգեղեն Ուկրաինայի խորհրդանիշը: Այդ իմաստով Ուկրաինան ինձ համար շատ թանկ երկիր է:
Ես ու Սվերստյուկը հաճախ էինք խոսում գրականությունից (քաղաքական թեմաներն ամենաքիչը գրականությանն էին խանդով վերաբերվում): Մեր զրույցները առիթ հանդիսացան, որ նա թարգմանի հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի` իմ շատ սիրած բանաստեղծություններից մեկը` «Ես ձեզ ասում եմ, կգա ոգու սով»:
А я вам скажу: прийде голод такий,
Що спрагло впадете за ситим столом
З тужливо благальним тремтінням руки
По слóва високий псалом!
Безтямно зневажили пóрив ясний,
Зняли на знущання і глум
У храмі матерії танок хмільний
Над вічністю мрії і дум.
За спалах високий, що в кпинах зачах,
Прийде голод духа такий,
Що вас розметá а по морях, по світах
З жебрацьким тремтінням руки!
Այդ շրջանում էր, որ ծնվեց Սվերստյուկի` Ստուսին նվիրված բանաստեղծությունը («Կոլիմա. Վասիլ Ստուսին»), որը մի անհաջող փորձից հետո Պերմի ճամբարից կարողացա ուղարկել Ստուսին` մագադանյան աքսորավայր:
Неба і сонця нема
Тільки сніги і ліси
Біла така вже зима
Зовсім без чару краси
Пісні і сміху не чуть
Ниє засніжений дріт
Тут під дротами течуть
В Лету останки літ
Тиша як дзвін що затих
Тиша як вигаслий жар
Боже ти знаєш тих
Котрі в снігах лежать
Знову і знову в очах
Як попелища сліди
Рої замерзлих дівчат
Снять про вишневі сади
Кажуть луна ще сміх
І догоря снага
Вже як надії їх
Сплять у надійних снігах
Вчора розвіялись сном
Завтра пливе в міражах
Мовчки стоїть за вікном
Рідна душа
5.12.1977.
Սվերստյուկի քաղաքակիրթ տեսակը անդադար հիացնում էր: Նա այդպիսին էր թե, ճամբարում, թե ազատության մեջ: Ես նրա հետ քանիցս հանդիպել եմ խորհրդային կարգերի փլուզումից հետո: Ես դիտել եմ նրա կենսակերպը. իր մասնագիտական աշխատանքին անսահման նվիրված ազնիվ մտավորական և իր երկրի անցուդարձին մշտապես հետևող, իր քաղաքական դիրքորոշումն ունեցող ու արտահայտող բարեխիղճ քաղաքացի: Ես նայում էի նրան ու մտածում. «Տեր Աստված, բայց նա խորհրդային տարիներին սրանից ավելի ոչինչ չի արել»: Իսկ այդ տարիներին անդրադառնալիս Սվերստյուկն ասում էր. «Մենք չունենք որևէ այլ զենք, քան բարոյականության զենքը: Եթե չլինենք ծայրաստիճան բարոյական, մեզ չեն էլ նկատի: Եթե անտեղի սուր ճոճենք, մեր մի սրի դեմ հարյուրը կհանեն: Եթե սուտ ու կեղծ մի խոսք գործածենք, դրա դեմ նրանք հազարը կգտնեն: Մենք կարող ենք հաղթել միայն նրանց չունեցած ուժով. սպիտակ ագռավի ուժով, որը չի կռռում ու չի գողանում»:
Անցյալում ունեցած մեր գաղափարական համախոհությունը հոգու արյունակցություն էր դարձել մեզ համար, և Սվերստյուկի հետ մեր կապը, անկախ հանդիպումների սակավությունից, երբեք չխզվեց, չխունացավ: Մշտապես թեժ մնաց միմյանց հետ շփվելու ձգտումը: Երբ էլ որ զանգահարել եմ նրան, առաջին հարցը միշտ նույնն է եղել` «Որտե՞ղ եք»: Ամեն անգամ սպասում էր, որ Կիևում կլինեմ: Իսկ երբ Աստծո կամոք հանդիպում էինք, հուշերին տրվելու ժամանակ գրեթե չէր լինում: Մեզ հուզող թեմաները մեր հետխորհրդային հայրենիքների խնդիրներն էին:
Հիշում եմ, թե ինչ հարգալից ընթացքով էր քայլում ինձ հետ դեպի Օդեսայի հայկական եկեղեցին ու ինչ արժանապատիվ հիացմունքով էր ունկնդրում հայկական պատարագը: Կամ Կիևում ինչ զուսպ հպարտությամբ էր ինձ ծանոթացնում իր երկրի մայրաքաղաքին: Սվերստյուկը գնահատում էր ամեն մի ստեղծարար արժեք ու մշակույթ: Նրա համար բացարձակ էր այն ամենը, ինչ մարդուն ու երկրին մղում էր դեպի ազատ բարձունքներ:
Ուկրաինայի համար հիմա դժվարին ժամանակներ են: Գուցե զարմանալի հնչի, բայց Սվերստյուկի գոյությունն ինձ մի տեսակ ապահովություն էր ներշնչում նրա երկրի համար: Ես իմ Վասիլ Ստուսի, Վյաչեսլավ Չորնովիլի ու էլի հարյուրից ավելի ուկրաինացի ընկերների երկրի բախտը մտովի հանձնել էի շատ հուսալի մարդու ու հասարակական գործչի` Էվգեն Սվերստյուկի ապավինությանը: Բայց գիտեմ նաև, որ Սվերստյուկի նմանները չեն կորչում: Նրա օրհնանքը մայր Ուկրաինայի հետ է, և Աստծո ողորմածությունը` նրա անմար հոգու:
05.04.2015, Երևան
Լուսանկարում` ԽՍՀՄ այլախոհներ՝ Էվգեն Սվերստյուկ (ձախից), Ռազմիկ Մարկոսյան, Վասիլ Օվսիենկո-Կիև, 2009թ
Մեկնաբանել