
Հովիկ Աբրահամյանի մերձավորները հարկային դաշտից դուրս են. Սերժ Սարգսյանին առաջարկում եմ առեւտուր անել «Արտաշատ Պլազայում»
Ինչու չի կարող զարգանալ Հայաստանի տնտեսությունը: Որովհետեւ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ է նշանակել Հովիկ Աբրահամյանին, որը տասնամյակներ շարունակ իրեն օրենքից դուրս է հայտարարել, իսկ այսօր նրա մերձավորներն ընդհանրապես հրաժարվում են հարկ վճարելուց: «Հետքն» արդեն գրել է, որ նրա որդուն` Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանին պատկանող «Արտաշատ Պլազա» առեւտրի կենտրոնում առեւտուրն արվում է առանց ՀԴՄ կտրոնների: 2014թ. աշնանը Արգամ Աբրահամյանը ձևական դուրս է եկել ընկերության բաժնետերերի ցուցակից, սակայն քաղաքում բոլորը գիտեն, որ նա է «Պլազայի» իրական տերը:
Մեր հրապարակումը որպես հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել եւ այդ մասին գրել ենք ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին: Ֆինանսների նախարարությունից ստացել ենք հետեւյալ պատասխանը.
««Հետք» էլեկտրոնային թերթում 20.05.2015 թ. հրապարակված «Հովիկ Աբրահամյանի կինն ու որդին ձևական դուրս են գալիս ընկերությունների բաժնետերերի ցուցակից» նյութի առնչությամբ տեղեկացնում ենք, որ ֆինանսների նախարարության Արտաշատի տարածքային հարկային տեսչությանը հանձնարարվել է ուսումնասիրություններ իրականացնել «Արտաշատ Պլազա» ՍՊԸ-ում, որոնց արդյունքների մասին Ձեզ լրացուցիչ կտեղեկացվի»,- գրված է պատասխանում:
Միայն մի փաստ ներկայացնենք՝ հասկանալու համար, թե ինչ արդյունքներ են ունենալու այդ ստուգումները: Արտաշատի հարկային տեսչության պետը` Վարդան Մամիկոնյանը, Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրն է, ինքը՝ փեսան` Վահան Մամիկոնյանը, Երեւանի Շենգավիթի հարկային տեսչության պետն է:
Իսկ ամենազավեշտալին այն է, որ այժմ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ձեւավորում են կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը:
Հիմա հարց եմ տալիս նախագահ Ս. Սարգսյանին. ինչպե՞ս եք պատկերացնում երկու օլիգարխների` Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Խաչատրյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարը, նկարագրեք, մենք էլ հասկանանք:
Ի՞նչ է կատարվում «Արտաշատ Պլազա» առեւտրի կենտրոնում
«Արտաշատ Պլազա» առեւտրի կենտրոնը տեղակայված է Արգամ Աբրահամյանի սեփականություն հանդիսացող բազմահարկ շենքի (տես նկարը) առաջին եւ երկրորդ հարկերում: Ամեն մի հարկը մոտ 2000 քմ է: Առաջին հարկի մի հատվածում գործում է «Արտաշատ Պլազա» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետը: Իսկ մյուս հատվածներում եւ երկրորդ հարկում 20 քմ մակերեսով առեւտրի կետեր են, կամ, ինչպես ընդունված է ասել, բուտիկներ: Դրանք վարձակալությամբ են տրված առեւտրականներին: Առեւտրի կետերի քանակը 90-ի է հասնում: Օրենքը պահանջում է, որ նման առեւտրի կետերում լինեն համապատասխան ձեւաթղթեր, որտեղ նշված են առեւտուր իրականացնողի ելակետային տվյալները: Այդ առեւտրի կետերից եւ ոչ մեկում հսկիչ-դրամարկղային մեքենա չկա: Հետեւաբար, առեւտուր անելիս ՀԴՄ կտրոն ընդհանրապես չի տրամադրվում: Տարածքում ինտերենտային կապ չկա, ինչը նշանակում է, որ այստեղ նոր սերնդի ՀԴՄ-ները չեն կարող կիրառվել: Մենք արդեն գրել ենք, որ քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանը ամբողջությամբ չի հայտարարագրել իր ունեցածքը: Մասնավորապես, նա չի հայտարարագրել հայաստանյան բանկերից մեկում ունեցած 20 մլն դոլարը: Շվեյցարական մի բանկից ստացած 20 մլն դոլար գումարն առայժմ հնարավոր չի եղել պարզել, թե ինչ գործարքի դիմաց է փոխանցվել Արգամ Աբրահամյանին (բանկերի անունները չենք հրապարակում):
Նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկում եմ միասին գնալ Արտաշատ եւ «Արտաշատ Պլազա» առեւտրի կենտրոնում որեւէ բան գնել ու պահանջել ՀԴՄ կտրոն: Այն չստանալու դեպքում ահազանգեք, եւ մենք եւս մեկ հոդված կգրենք, եւ գուցե արդյունքը 0 չլինի: Երկրներ կան, որտեղ նման փաստերի հրապարակումը երկրաշարժի էֆեկտ է ունենում, իսկ մեզ մոտ միշտ` 0 արդյունք:
Այսպես երկիրը չի կարող որեւէ սանտիմետր առաջ գնալ:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել