
Քաղաքացին շեշտում է՝ իրեն տոկոսով գումար տվողի թիկունքում ազդեցիկ մարդիկ կան
Մանկավարժ Նադեժդա Պարոնյանը երկրորդ անգամ էր այցելել «Հետքի» խմբագրություն: 4-րդ տարին նա պայքարում է արդարադատության հասնելու հույսով: Տիգրան Մեծ փողոցում գտնվող նրա բնակարանը վտանգված է: Տիկին Նադեժդան պնդում է, որ վաշխառության զոհ է դարձել. դժբախտության հետևանքով գումար է պետք եղել: Ասում է, որ քաղաքացի Գեղանուշ Եղյանից տոկոսով գումար է վերցրել մոտ 15 հազար դոլար՝ 1 տարի անց 26.900 դոլար վերադարձնելու պայմանով, այսինքն՝ ամսական 5 տոկոսով: Նշում է, որ մայր գումարից դեռ ավելի՝ 17.400 դոլար վերադարձրել է: Իր պատմելով, խնդրել է վերադարձնել տան սեփականության վկայականը, որ գոնե գրավով բանկից գումար վերցնի ու այդ տոկոսները վճարի, սակայն Գեղանուշ Եղյանը չի համաձայնել, այլ դիմել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նշելով, որ Նադեժդա Պարոնյանին առանց տոկոսի, գրավադրված բնակարանի դիմաց պարտքով 10 միլիոն դրամ է տվել, երկրորդ անգամ 13 հազար ԱՄՆ դոլար: Դատավոր Վլադիմիր Ասլանյանը գումարի բռնագանձման հայցը բավարարել է՝ 41.550 դոլարին համարժեք դրամի չափով՝ ներառյալ ԿԲ-ի սահմանած դրույքաչափով հաշվարկված տոկոսները:
Տիկին Նադեժդան շեշտում է, որ իրեն տոկոսով գումար տվողի թիկունքում ազդեցիկ մարդիկ կան, ինչի մասին ասել է նաև ինքը՝ Գեղանուշ Եղյանը. «Ասում էր՝ ո”վ ես դու, քեզ կտրորեմ, ասում էր, որ իր փեսան աշխատում է Սերժ Սարգսյանի եղբոր ամբիոնում, Լևոն Սարգսյանի հետ մոտիկ են, ասում էր, որ մյուս փեսան Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետ է մոտիկ»,- պատմեց տիկին Նադեժդան:
Առաջին անգամ Նադեժդա Պարոնյանը եկել է խմբագրություն մոտ 3 տարի առաջ՝ իր հետ բերելով ոստիկանության Նոր Նորքի բաժնում արած ձայնագրությունը, որտեղ քննիչ Ավագյանը խոստովանում է, որ վաշխառության հատկանիշներով Գեղանուշ Եղյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու ցուցում ստացել է վերադասից՝ դատախազ Նարեկ Թոփուզյանից:
«Այդ ձայնագրությունն ուղարկել եմ տարբեր իրավասու մարմիններ, բայց ոչ մի արձագանք չեղավ: Այս տարիներին բոլոր հնարավոր ատյաններում փորձել եմ պայքարել, պաշտպանել իմ շահերը, իմ գույքը, սակայն դեռ չեմ կարողանում հասնել հաջողության: Համակարգի հետ պայքարելը սարսափելի դժվար է»,-ասում է տիկին Նադեժդան, ով պայմանագիրը կնքել է 1 տարով: Իսկ նոտարական գրասենյակում վեճ է ունեցել գումար տվող Գեղանուշ Եղյանի հետ. «Քանի որ, երբ տանն էինք, ասաց՝ ինչքան գումար տալիս է, այնքանն էլ գրվելու է պայմանգրում, իսկ 5 տոկոսը ստացականներով կարող եմ վճարել: Սակայն Օվսաննա Հակոբյանի մոտ ինձ փաստի առաջ կանգնացրեց»:
Հետո միջնորդել է, որ Կադաստրի պետական կոմիտեից հանվեն անշարժ գույքի առք ու վաճառքի այն պայմանագրերը, որտեղ որպես գնորդ հանդես են եկել Գեղանուշ Եղյանը կամ նրա ամուսինը՝ Բագրատ Ավետիսյանը: Պարզվել է՝ մի քանի նման գործարք կա նրանց անունով:
![]() |
![]() |
Քրեական գործի հարուցման մերժումը Նադեժդա Պարոնյանը բողոքարկել է դատարաններում: Առաջին ատյանում չի շահել, սակայն Վերաքննիչ դատարանը գործը հետ է ուղարկել նոր քննության: 2014 թ.-ին Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել վարույթ իրականացնող մարմնին պարտավորեցնել քրեական գործ հարուցել:
«Նույն Նարեկ Թոփուզյանն, ով ցուցում էր տվել գործ չհարուցել, արդեն այս անգամ ՔՕ 213 1-ին մասի՝ վաշխառության հատկանիշներով հարուցում է քրեական գործ Գեղանուշ Եղյանի նկատմամբ»,- պատմում է Նադեժդա Պարոնյանը՝ նշելով, որ երկար ժամանակ էլ պայքարել է, որ իրեն ոչ թե վկայի կարգավիճակով կանչեն քննությանը, այլ որպես տուժող: Վերջապես իր փաստաբան Տիգրան Եգորյանի միջնորդությունը՝ տուժող ճանաչելու մասին քննիչը բավարարում է:
«Վերջապես Գեղանուշը գրում է, որ 3 տոկոսով է ինձ գումար տվել, համաձայն է, որ կարճվի իր նկատմամբ քրեական գործը վաղեմության ժամկետով: Քննիչը նույն կերպ էլ վարվում է՝ գրելով, որ Գեղանուշ Եղյանը հանցագործությունը ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: Այսինքն՝ երկու տարի տքնաջան աշխատանքից հետո հասնում եմ նրան, որ ճանաչվում է նրա՝ վաշխառության փորձ կատարելը: Բայց եթե առաջին քննիչը ժամանակին գործ հարուցեր, վաղեմության ժամկետների մասին խոսք լինել չէր կարող»,- ասում է մեր զրուցակիցը՝ բայց շարունակում, որ այդ ճանաչումը որևէ կերպ իրավական առումով հետ չի կանգնացրել Գեղանուշ Եղյանին այսօր արդեն ավարտին հասցնել իր գործը:
Բանն այն է, որ նա այս տարվա փետրվարին դիմել է Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանի վռճով պահանջի Նադեժդա Պարոնյանին պատկանող գույքի բաժնեմասը առանձնացնել և վաճառել, որ իր գումարը ստանա:
Այս տարվա մարտ ամսին տիկին Նադեժդան նորից հանցագործության մասին հանղորդում է ներկայացրել դատախազություն, կոռուպցիայի վարչություն, սակայն դեռ պատասխան չի ստացել:
Իսկ Նադեժդա Պարոնյանի՝ նոր երևան եկած հանգամանքներով վճռաբեկ բողոքը քննության չի առնվել Վճռաբեկ դատարանում:
«Այսքան տարի բղավում եմ, բայց իմ ձայնը լսող չկա: Ստացվում է, որ մեր երկրում կարող են վաշխառություն անել ու դա որևէ իրավական հետևանք չի ստանա»:
Մեկնաբանել