
Գլխավոր դատախազը վստահեցրել է, որ Գոհար Ենոքյանից բողոք չի ստացել
ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվեց նույն խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Գոհար Ենոքյանի ձերբակալությունից:
Պատգամավորը նշեց, որ գործընթացը տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ, և հետաքրքրվեց, թե որոնք են բավարար փաստերը՝ նման գործողության դիմելու համար: Այնուհետ Վ. Էնֆիաջյանն ավելացրեց, որ դա պարզապես ընկալելի չէ ո՛չ Գ. Ենոքյանի, ո՛չ քաղաքացիների համար:
Գ. Կոստանյանն ասաց, որ ինչքան էլ որ հասարակության համար ընկալելի չէ կամ բավարար չէ, կան քրեադատավարական ընթացակարգեր, իսկ երբ մեղադրյալը համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ, առնվազն բողոքարկում է այդ որոշումը: «Բողոք Գոհար Ենոքյանից՝ իրեն որպես մեղադրյալ ներգրավելու կամ մեղադրանք առաջադրելու հետ կապված, ես չեմ ստացել»,- ասաց գլխավոր դատախազը: Ինչ վերաբերում է հասարակական հնչեղությանը, ասաց, որ չի պատրաստվում նախաքննության գաղտնիք հրապարակել, քանի որ այդ դեպքում ազդելու է նախաքննության վրա:
«Ես պրոցեսը չեմ ուզում խոչընդոտել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ եթե ապացույցները բավարար լինեն, գործը կտանեն դատարան, եթե բավարար չեն, կլուծեն այլ կերպ:
Մեկնաբանել