
Թույլատրված ապօրինություններ. Մոտկորի անտառները հատվում են
«Ճրագաթաթ ծմակը փայտ է եղել, հասկանո՞ւմ եք: Իսկ ես կարծում էի վայրի գեղեցկության խորհրդանիշն է եղել այդ բարդված անտառը»:
Հրանտ Մաթևոսյան, «Ահնիձոր»
Մատղաշ բոխենու փայտով բեռնված ավտոմեքենաները անտառից ազատ ելումուտ են անում Ահնիձոր: Մայիսի 17-ին գյուղի սկզբնամասի տներից մեկի մոտ առանց պետահամարանիշի փայտով բարձված բեռնատարի վարորդին չկարողացանք գտնել: Ավտոմեքենայի կողքին կտրված փայտ էր թափված:
Ժամը 15-ի սահմաններում փայտով բարձված մեկ այլ բեռնատար մտավ գյուղ: Վարորդը, ձեռքով արված կանգնելու ազդանշանին չնկատելու տվեց, մեքենան սլացավ դեպի գյուղի խորքը:
Լորուտ և Ահնիձոր գյուղերի խաչմերուկից հազիվ 200 մետրի վրա` Լորուտի նախկին պանրագործարանի ավերակների վերածված շենքի տարածքում, կանգնած էին AN 26 SO 191 և AN 58 LS 329 պետհամարանիշներով բեռնատարները և հատատեղից վերադարձած`փայտով բերնեբերան բարձված 33 SV041 պետհամարանիշով ավտոմեքենան, որի բեռնաթափքը բաց էր:
Այնտեղից փայտը պետք է տեղափոխվեր փակ բեռնատարներ: Բեռնատարների կողքին մի քանի տեղ մեծ քանակությամբ փայտ էր թափված: Տարածքում պատահաբար հայտնվեցի, երբ ճանապարհը հատելիս թփերի հետևում նկատեցի կուտակած փայտերը: Սև վերնաշապիկով, նիհար ու բարձրահասակ մի տղամարդու նկատեցի ավտոմեքենաներից անդին: Տղամարդն էլ ինձ էր տեսել: Մինչ ավտոմեքենաները նկարեցի, նա անհետացավ տարածքից: Սպասում էի, որ պետք է մոտենա և հարցնի, թե ինչու եմ նկարում: Սակայն սև վերնաշապիկավորը չքացավ:
Մինչ Ահնիձոր-Լորուտ գյուղերի խաչմերուկից Մարց գյուղ հասնելը, հեռախոսով սկսվեցին փայտով բեռնված 3 ավտոմեքենաների ու փայտակույտերի մասին չգրելու միջնորդությունները:
Հայտնի փաստ է, օրինական փայտ տեղափոխողը թաքնվելու, կամ այդ մասին չհարապարակելու համար միջնորդներ գտնելու կարիք չի ունենա:
«Անտառը, որ մեզ մնա չենք էլ թողնի, որ կտրեն: Բայց թե նախարարությունն ա, թե վարչապետն ա, ով գիտի, թե թագավորն ա, որ թույլ է տալիս ով ա հասկանում: Մտնում են անտառ ոչ թե կտրում են, այլ անտառը ջնջում են: Ահնաձորի անտառից էս տարածքն է մնացել»,- գյուղի դիմացի լանջը ցույց տալով ասաց ահնիձորցի 80-ամյա Օնիկ Աբովյանը:
«Գյուղի դիմացի` Ռևազի թալեն, «Մատանի գլխից» մինչև «Բադալի թալեն» ա, որ անարատ ա մնացել: Ահնիձորի «Միջնակ» հանդամասում, «Ծլկուտ» թալումը, «Քարագլուխ» հանդամասի անտառներում, «Սարի ճամփա» են ասում, հմի որիցն ասենք, գյուղի հեռու հանդամասերում անտառ չեն թողել»,- շարունակում է Օնիկը:
Օնիկ Աբովյանի ասելով՝ անտառապետ Մելիքը, Ահնիձորի տղա է ու գյուղին մոտիկ տեղերը չի թողնում՝ անտառը կտրեն: Ահնիձորի գյուղապետ Վանիկ Քառյանը խնդրեց անտառից դուրս բերվող փայտի օրինականության հարցը չքննարկենք:
«Եթե էդ փայտի գործը չլինի մեր գյուղացին էսօր ալյուր առնելու, իր ընտանիքին կերակրելու հնարավորությունը չի ունենա: Անկեղծորեն եմ ասում: Բայց որտեղ սանիտարական հատում է կատարվել, թող գնան այնտեղից փայտը տանեն»,- առաջարկեց գյուղապետը:
«Թափուկը ձեռք չի տալիս անտառը կտրողներին, լավ, մատղաշ ծառը շատ լավ գին ունի: Ես որ գնամ անտառ, հանկարծ ուզենամ վաճառելու համար բեռնատարով փայտ հանեմ, ինձ չեն թողնի: Էս մարդկանց անտառից ավտոյով փայտ հանելը անտառի ղեկավարության հետ խոսացած բան ա: Դա էնենց հարցեր ա, որ ոչ ես կարող եմ լուծել, ոչ էլ դուք: Լրիվ վերևից ա գալիս»,- բացատրեց ահնիձորցի Վահան Քառյանը:
«Եթե անտառտնտեսությունը թույլ չտա, գյուղացին ով է եղել, որ մտնի անտառ, դե գնա էս գյուղացոնց մեկի կովը մորթի դուն, ինչ տարբերություն ուրիշի կովն են մորթում, թե պետության անտառը»,- ասում է Օնիկ Աբովյանը:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառների և անտառային հողերի օգտագործման բաժնի պետ Արայիկ Մեջլումյանը գնորդի կողմից առանց պատշաճ ֆինանսական փաստաթղթերի անտառից փայտանյութ տեղափոխելը անթույլատրելի համարեց: Փայտ տեղափոխողների մոտ տարածված է ոչ միայն առանց փաստաթղթի, այլ մեկ ֆինանսական փաստատթղթով մի քանի անգամ անտառ մտնելու սովորույթը:
«Դսեղի անտառտնտեսության» տնօրեն Վահե Քառյանն ասում է, որ անտառից փայտի մթերումը կատարվում է ինքնապատրաստմամբ`գնորդը իր միջոցներով անտառամերձ գյուղերի գյուղացիների և տրակտորիստների միջոցով կտրում և տեղափոխում է փայտը: Ծառերը հատողների և տրակտորիստների համար իրենց ծանր աշխատանքը ստաժ չի համարվում, նրանք չեն վճարում եկամտահարկ: Փայտի մթերումն ու իրացումը և դրանով զբաղվող մարդկանց աշխատանքը օրինական դաշտ տեղափոխելու համար անհրաժեշտ է ստեղծել անտառտնտեսություններին կից փայտի իրացման բազաներ: «Անտառտնտեսությունները այդ բազաները ստեղծելու միջոցները չունեն, այդ դեպքում նաև փայտի գինը կթանկանա»,- բացատրեց Արայիկ Մեջլումյանը: Վահե Քառյանն երեկ մեզ ասաց, որ Դսեղի անտառտնտեսությունը 2015թ.-ին մթերելու է 3-4 հազար խմ փայտ: Տնօրենին խնդրեցինք ավելի հստակացնել թիվը. «4 հազարից քիչ պակաս, 3 հազարից քիչ ավել: Եթե չեմ սխալվում 2015թ.-ին արդեն 200-250 խմ փայտ ենք մթերել»,- պատասխանեց նա: Մայիսի 17-ին Ահնիձորում մեզ հանդիպած փայտով բեռնված ավտոմեքենաների օրինականության մասին Վ. Քառյանը երաշխիքներ չտվեց: «Կարա և ապօրինի լինի: Ես չեմ կարող բացառել, որ ապօրինի անտառահատւմներ չեն լինում»,- ասաց տնօրենը: Վ. Քառյանը ի սկզբանե տեղյակ էր Լորուտի նախկին պանրագործարանի տարածքում փայտով բեռնված ավտոմեքենաներից:
«Եթե այդ ավտոմեքենաների համարները ասեք, մեր հիմնարկությունում կնայենք դրանք օրինական են փայտը տարել, թե ոչ»,- ասաց նա:
Տնօրենը «միամտորեն» չէր հասկանում, որ խոսքը ոչ թե հիմնարկում, այլ անտառում ու անտառի փեշին կանգնած հսկա ավտոմեքենաների տերերի ձեռքին` փայտի քանակն ու բեռնելու իրավունքը հաստատող ֆինանսական փաստաթուղթ ունենալու և դրանով մեկ անգամ անտառ մտնելու մասին է: Վահե Քառյանի մեզ առաջարկած օրինականություն ստուգելու փորձված միջոցով ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի բաժանմունքի կողմից տարիներ շարունակ «ստուգվում» և օրինականացվում են օրը ցերեկով Մոտկորի անտառների ապօրինի անտառահատումներն ու անտառանյութի բեռնափոխադրումը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել