
Աթանցիները չեն հավատում համայնքների խոշորացմանը
Մայիսի 17-ին Լոռու մարզի Աթան գյուղում կայացած համայնքների խոշորացման հանրաքվեի քվեարկությանը մասնակցել են 99 ընտրողներ: Համայնքերի խոշորացմանը կողմ է քվեարկել 42 ընտրող, 55-ը` դեմ:
Աթանը գտնվում է Թումանյան քաղաքից 28 կմ հեռավորության վրա:
«Մեր գյուղյում ընտրություններին սովորաբար մասնակցում է 155 մարդ»,- ասաց գյուղապետ Ռոլանդ Հակոբյանը: Գյուղը 1400 գլուխ խոշոր եղջերավոր և 330 մանր եղջերավոր անասուններ ունի: Աթանցիները աղքատ չեն ապրում, սակայն գյուղի տների մեծ մասը խարխուլ, գյուղամիջյան ճանապարհներն էլ անբարեկարգ են: Գյուղապետ Ռ. Հակոբյանի ասելով Աթանի կարևորագույն խնդիրներից մեկը գյուղատնտեսական մթերքների իրացումն է: Շատերը Վանաձորում են իրացնում իրենց մթերքները:
«Գյուղացիները դժվարանում են սարերից կաթն իջեցնել գյուղ, դրանք Աթանից գտնվում են 3-8կմ հեռավորության վրա: Վերավաճառողներն էլ խուսափում են սարերից գնել կաթը»,-ասում է գյուղապետը: Նա գտնում է, որ համայնքերի խոշորացումը ի շահ Աթանի գյուղացիների կլինի. «Մեր համայնքի բյուջեն շուրջ 7 մլն. դրամ է, որի 3,5մլն. դրամը աշխատավարձ է` 4 հաստիք ունենք, մեր սեփական եկամուտները հազիվ 3 մլն. դրամ է, ապարատի ծախսերն էլ, որ հանում ենք` հազիվ մեկ մլն դրամ է մնում: Ինչ կարող ենք անել դրանով, սար գնացող ճանապարհներներին ենք փոսալցումներ արել»,- հայտնեց Ռ. Հակոբյանը: Անմխիթար վիճակում էր Աթանի ակումբի շենքը, գյուղը մանկապարտեզ չունի:
«Ես խոշորացմանը դրա համար եմ կողմ, որ գոնե մշակույթի տան, համայնքային կենտրոնի և գյուղը խմելու ջրի խնդիրը կլուծվի,- բացատրում է Ռ. Հակոբյանը: Վերջինիս ասելով վերջին մեկ տարում Աթանում 2 հարսանիք է եղել, 3 ծնունդ: Գյուղից 50 մարդ է արտագաղթել: Հինգ տարի առաջ Աթանն ուներ 320 բնակիչ, այժմ` 270 :
«Ոնց չունենք համայնքերի խոշորացումից սպասելիք, բալի կովերներուս կարենանք ծախենք, սենց, թե նենց խոշորացումից հետո գյուղից քոչիլ տենք, քաղաք տենք քոչիլ, Ռուսաստան»,- ասաց Աթանի գյուղամիջում կանգնած Հունան Փիրուզյանը:
«Ոչ մի սպասելիք չունեմ խոշորացումից: Ինչ սպասելիք պետք է ունենամ, դժար մեր գյուղը զարգանա: Ամենաճիշտը նա է, որ ոնց կա, էտենց էլ թողան: Մեր գյուղի երիտասարդությունը անասնապահությամբ է զբաղվում, էլ ուրիշ զբաղմունք չկա»,-ասում է Նվեր Ղազարյանը:
«Մեր գյուղին կաթի և մսի իրացման հիմնարկներն են պետք: Վերավաճառողները մեզնից ուզում են կաթը գնել 80-100 դրամով: Մենք շատ ուրախ կլինենք, եթե մեր կաթը կարողանանք իրացնել գոնե լիտր 200 դրամով: Մեզ հուզող ամենամեծ հարցերից մեկը մեր գյուղի 1400 գլուխ խոշոր եղջերավոր անասունների մսի և կաթի իրացման խնդիրն է: Գյուղում էլ մթերային խանութ չունենք, ստեղ էլ ամեն ինչ թանկ է»,- դժգոհեց Արծրուն Բեժանյանը: Արամ Քառյանի ասելով Աթանին առաջին հերթին ճանապարհ է պետք . «Ամեն ընտրության մեզ խաբել են: Մենք էլ ոչ մի բանի չենք հավատում: Հենց իշխանությունն է մեզ խաբել: Ես համայնքերի խոշորացման նկատմամբ էլ ոչ մի հավատ չունեմ»,- ասաց Արամ Քառյանը:
«Փողը կենտրոնացնում են մի տեղ, որ ուտեն էլի, կոնկրետ մի տեղից ուտեն, հիմա ստեղից , էնտեղից են հավաքում»,- իր կարծիքը հայտնեց հավաքվածներից մի երիտասարդ:
«Համայնքերի խոշորացմանը հավատում ես»,- հարցրի տարեց Գարեգին Քառյանին: «Ի, դա բան ա, որ հավատամ»,- պատասխանեց նա:
Մեկնաբանել