
Արտակ Իգիթյանի «Վանա ծովուն արշալույսը» «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին է
Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում Արտակ Իգիթյանի «Վանա ծովուն արշալույսը» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան էր: Ֆիլմը պատմում է Կարապետ Փամբուկչյանի ընտանիքի մասին, որն Ամերիկա ներգաղթած հայերի 4-րդ սերունդն է ներկայացնում և կանգնած է Ամերիկայի բազմազգ միջավայրում ձուլման վտանգի առաջ: Որդին ըմբոստանում է հոր ձեռնարկած արմատները պահպանելու փորձերի դեմ, իսկ թոռը սիրահարվել է թրքուհու: Ութսունամյա Կարապետը, ում մայրը հրաշքով փրկվել է Եղեռնից, ձգտում է ամեն կերպ իր ամերիկանացված սերնդի մեջ արթնացնել ու ամրացնել կորուսյալ Հայրենիքի հետ կապը՝ միայն այդպես նա կկարողանա փրկել ընտանիքը օտարացումից և բաժանումից:
Սցենարիստ Արմեն Վաթյանի խոսքերով, իրենք ֆիլմում ոչ մի քաղաքական խնդիր ի սկզբանե չեն դրել, ֆիլմը մարդկային պատմություն է: «Երբ մենք սցենարը գրում էինք, մեզ մի բան էր հետաքրքրում. ինչպես է ստացվում, որ հայը, ապրելով ինչ-որ հեռավոր երկրում եւ նույնիսկ կորցնելով իր լեզուն, գալիս է ինչ-որ կրիտիկական պահ, երբ իր մեջ այդ հայը արթնանում է»,- ասաց նա ֆիլմի ցուցադրությունից առաջ կազմակերպված մամլո ասուլիսին:
Ֆիլմում ցեղասպանության թեման դիտարկվում է գաղթականների մի քանի սերունդների վրա դրա ունեցած ազդեցության տեսանկյունից:
«Այս ֆիլմը մեկ ընտանիքի պատմություն է, բայց թեման ամբողջ հայ ժողովրդինն է»,- ասաց ֆիլմի բեմադրող ռեժիսոր Արտակ Իգիթյանը:
Ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը թուրք դերասանուհի Գյունըշը Զանն է: Գլխավոր դերերում նկարահանվել են նաեւ այլ երկրներից հրավիրված դերասաններ' Ժան-Պիեռ Նշանյանը` ԱՄՆ-ից, Արեն Վաթյանը` Ռուսաստանից, Արևիկ Մարտիրոսյանը` Ֆրանսիայից եւ Կարեն Ջհանգիրյանը:
Ֆիլմի նկարահանումները կատարվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Թուրքիայում (Արևմտյան Հայաստան):
Մեկնաբանել