
«Սիրահայերի կոչին, եթե արագ արձագանք չկա, նշանակում է` պատրաստի ծրագիր չկա»
Ազգագրագետ, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանի տեսակետը` սիրիահայության անպատասխան մնացած կոչի ու դրա հետեւանքների մասին
Տկն Խառատյան, երեկ այս ժամին «Հալէպ» հայրենակցական կազմակերպությունը տագնապ հնչեցրեց սիրիահայության օրհասական վիճակի մասին եւ կոչով դիմեց հայությանը` խնդրելով նյութական աջակցություն ցուցաբերել սիրիահայությանը երկրից դուրս բերելու հարցում: Սակայն, անցել է մեկ օր եւ ոչ սփյուռքի նախարարությունը եւ ոչ էլ որեւէ քաղաքական կուսակցություն չի արձագանքել կոչին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լռությունը:
Դեռ չեմ պատկերացնում, որ որեւէ արձագանք չի լինելու, բայց ձեր թվարկած կառույցները եւ ընդհանրապես պետական ինստիտուտները, ցավոք, մեր տարածքում բավականին դանդաղաշարժ են: Մի կողմից` վստահ եմ, որ նրանք այս պահին չունեն կոչին արագ արձագանքելու պատրաստի ծրագիր, որը մի քիչ տարօրինակ է, քանի որ մի քանի տարի է խոսում ենք արագ արձագանքման եւ ծրագիր ունենալու անհրաժեշտության մասին: Միեւնույն ժամանակ, հենց էսպիսի իրավիճակի համար ծրագիր ունենալու մասին: Բայց հենց այն, որ արագ արձագանք չկա, նշանակում է` պատրաստի ծրագիր չկա: Ես, այնուամենայնիվ, թաքուն հույս ունեմ, որ այդ կոչն անիմաստ չի անցնելու: Հնարավոր է, որ ե'ւ պետական, ե'ւ շահախնդիր զանազան այլ համահայկական կառույցներ խորհրդակցում են արձագանքի կամ իրենց առաջարկի ձեւի շուրջ: Ես վախենում եմ ասել, բայց կարծում եմ, որ դա կարող է 4-5 օր տեւել` մինչեւ արձագանքը տեսնենք կամ չտեսնենք: Կարող են լինել գործողություններ, որոնց մասին չի հանրայնացվում: Ամենավատն այն կլինի, եթե ֆասադային ելույթ լինի, թե մենք սիրով պատրաստ ենք աջակցելու մեր հայրենակիցներին, բայց դա գործնական քայլերի չվերածենք, որը ես, ցավոք, չեմ բացառում:
Չե՞ք կարծում, որ Հայաստանի կառավարությունն, իրապես, ծրագիր չունի այս պահի համար, հակառակ դեպքում, այն պետք է որ արդեն իրագործվեր: Մինչ օրս այսպիսի օրհասական կոչ չի հնչել, երբ կոպեկ-կոպեկ հաշվարկված ներկայացվի միայն յուրաքանչյուր հայի Սիրիայից դուրս բերելու համար անհրաժեշտ գումարի չափը:
Հիմա օրհասական վիճակ է, ընդ որում, սա առաջին օրհասական վիճակը չէ: Սիրիայի երեւույթը լակմուսի թղթի նման մի բան էր: Մենք գիտենք, որ հայերի նկատմամբ կանխատրամադրվածություն կա եւ դրա վկայությունը Քեսապն է, թիրախավորված հայկական մշակութային տարածքները եւ այլն: Այսինքն` էնդեղ կա հակահայկական ուղղվածություն, այդ ուժերը նույնպես դատողություններ են անում եւ հասկանում են, որ սիրահայերի համար չկա առաջարկ` հայկական ռեալ տարածքից:
Լիբանանի քաղաքացիական կռիվների ժամանակ լիբանանահայերի կապվածությունը Հայաստանին այսպիսին չէր եւ իրական նախաձեռնողականություն փաստացի անհնար էր այն ժամանակ Հայաստանից: Սիրիայի դեպքն, իհարկե, տարբեր է Լիբանանից, հիմա Հայաստանն անկախ պետություն է եւ ցավալի փորձ ունի փախստականություն ընդունելու, եւ հասկանալու, թե ինչ է նշանակում փախստականություն: Առնվազն այս երկու գործոնը թե' լրացուցիչ պարտավորություն էր, թե' անհրաժեշտություն, որ նախեւառաջ արձագանքը շատ ավելի կազմակերպված լիներ: Եթե հիշում եք, պատերազմի հենց առաջին օրերին սփյուռքի նախարարը հայտարարեց, որ իրենք կապի մեջ են, Հալեպի հայերն ասել են, որ իրենց հայրենիքը չեն լքելու, եւ մենք հարգում ենք իրենց որոշումը: Սա, իրականում, շատ լավ որոշում էր, որից սակայն չէր բխում, որ հայկական կառույցները` լինեն դրանք պաշտոնական ինստիտուտներ, լինեն ավանդական կուսակցություններ, հայկական եկեղեցիներ, քաղաքացիական նախաձեռնություններ, բարեգործական կամ այլ հիմադրամներ, սիրիահայերի խնդրանքը հարգելու, կանխատեսելի հետեւանքներին արձագանքելու եւ իրենց առաջարկն անելու պատրաստվածություն չպետք է ունենային:
Արդյունքում` մենք ունենք բավական զգալի փոշիացում, հայության արտահոսք Սիրիայից, ընդ որում, ունենք փախուստ սիրիական խառը բնակչության հետ եւ հիմա ոչ կարող ենք Սիրահայերի տարաբաշխվածության քարտեզը կազմել, ոչ նրանց կյանքի հետագա զարգացումների վերաբերյալ պատկերացում ունենալ: Թերեւս բացի նրանցից, որոնց մի մասի համար Հայաստանը միջանկյալ տարածք էր ինչ-որ տեղ հաստատվելու համար, մի մասի համար էլ` պարտադրյալ կամ ցանկալի ընտրություն: Մենք կարող ենք խոսել միայն Հայաստանում գտնվողների մասին եւ միշտ չենք կարող խոսել ռեալ օժանդակությունների մասին: Այնուամենայնիվ, այն ինչ եղել է որպես առաջարկ եւ որպես ռեալ օգնություն, դա այն էր` ինչ Հայաստանը մտքի, սոցիալական պատրաստվածության, ֆինանսական կարողության, քաղաքական տեսլականի շրջանակում կարող էր առաջարկել:
Տարօրինակ չէ՞, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը չունի այդ առաջարկը, այլեւ Սփյուռքում գործող ավանդական կուսակցությունները, բարեսիրական ու բարեգործական կազմակերպությունները, որոնք հենց նման իրավիճակի ծնունդ են: Էլ չեմ ասում եկեղեցին, որի շուրջ համախմբված է հայությունը` SOS չեն հնչեցնում:
Այս SOS-ը` բարձրացրած օգնության խնդրանքը, առաջիկայում կերեւա, թե ինչ արձագանք ունեցավ: Ես խորապես վստահ եմ, որ սա անարձագանք չի մնա: Չեմ տիրապետում, թե մեր հայկական կազմակերպություններն ինչ չափով են կապի մեջ եւ իրենց ինստիտուտներն ինչ չափով են համակարգվում եւ, առհասարակ, համակարգվո՞ւմ են, թե` ոչ: Կոնկրետ դրամական հավաքների, պարբերական աջակցության ձեւերի մասին գիտեմ, բայց իմ իմացության մակարդակում սա փոշիացվող է: Թվում է, թե սփյուռքի նախարարությունը կամ արտաքին գործերի նախարարությունը պետք է տիրապետեր իրավիճակին, ընդ որում, կապ չունի` դա Հայաստանի արտաքին քաղաքականության մաս կազմո՞ւմ է, թե` ոչ, որովհետեւ սա հայությանն է վերաբերում: Այն արձագանքը, ինչ որ կլինի` կլինի դատողության հիմք, թե ինչ չափով էր սա համակարգված: Բայց այս առաջնային SOS-ի մեզ անհայտ արձագանքի բացակայությունն արդեն իսկ տագնապ է առաջացնում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել